Հայ մարդը պետք է ապրի հզոր երկրում. Հայ արիներ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Հայ Արիական Միաբանությունը և Հայ Ազգայնականների Համախմբումը շնորհավորում են Մայիսի 1-ը՝ աշխատանքի և աշխատավոր մարդու տոնը:
“Ասել և ասում ենք՝ հայ մարդը պետք է ապրի հզոր, հայաշունչ, հայաշեն և հայասեր երկրում:
Հայաստանի Հանրապետության անկախացումից ի վեր, պատերազմի, երկրաշարժի և տարբեր այլ աղետների պատճառով, հաճախ էլ՝ երկրի ապազգային կամ ապաշնորհ կառավարիչների առկայությամբ, մեզանում մեծապես նոսրացել են աշխատավոր մարդկանց շարքերը և դա վտանգ է ինչպես հայ մարդու, հայ ընտանիքների, այնպես էլ հայոց պետականության ռիթմիկ զարգացման համար:
Հայ մարդը տարիներ շարունակ դեգերում է օտար երկրներում և մաքառում իր ընտանիքի գոյության պահպանման նպատակով, ինչն էլ հաճախ հայ ընտանիքների պառակտման և կործանման պատճառ է դառնում: Մինչդեռ հայ հորջորջվողներից ոմանք՝ հայության մի չնչին, բայց ընչաքաղց՝ կաշառակեր և կաշառատու մասը, արդեն հոգնել է շլացուցիչ, ցոփ ու շվայտ կյանքից…
Հայ Արիական Միաբանությունը և Հայ Ազգայնականների Համախմբումը աշխատավորների տոնի առթիվ շնորհավորում են բանվորներին ու գյուղացիներին, ծառայողներին, գիտության մարդուն և մշակին, զինվորականին և հոգևոր ոլորտի նվիրյալին, հայ բոլոր աշխատավորներին, ինչպես հայրենիքում, այնպես էլ աշխարհի տարբեր երկրներում ապրող և արարող:
Երկրի իշխանություններին, իշխանության ձգտող բոլոր ուժերին կոչ ենք անում շենացնել հայոց երկիրը և հայ մարդուն հնարավորություն տալ սեփական քրտինքով ստեղծելու իր ազատ կենսաձևն ու ազգային արդար պետությունը:
Հայաստանում չպե՜տք է լինեն մանկատներ և ծերանոցներ, մուրացկաններ, ինչը հայ տեսակի համար լուռ ամոթանքի դրոշմ է: Հայ մարդը պետք է ապրի հզոր երկրում, հայաշունչ, հայաշեն և հայասեր երկրում, որտեղ ամեն մարդ կարող է անձնապես նպաստել իր պետության արդյունաբերության, գյուղատնտեսության, տնտեսության կարևորագույն ճյուղերի, գիտության ու մշակույթի և բոլոր այլ ոլորտների զարգացմանը:
Շնորհավոր մայիսի 1-ը և միշտ փա՜ռք հայ աշխատավորին”,-ասված է ուղերձում:




Լրահոս