Երբ 2008 թվականին Սերժ Սարգսյանը մարտի 1-ի զոհերի գնով զբաղեցրեց ՀՀ նախագահի աթոռը, զինված ուժերի գլխավոր շտաբի պետը Սեյրան Օհանյանն էր: Ու մայրաքաղաք Երեւանը զինվորական «պալիգոնի» վերածած Օհանյանը կարճ ժամանակ անց՝ արյունալի իրադարձություններից մոտ մեկ ամիս հետո, նշանակվեց ՀՀ պաշտպանության նախարար: Այդ օրվանից ՊՆ-ում սկսեցին խաղի շատ կանոններ փոխվել, եւ հիմա մենք քաղում ենք դրանց պտուղները:
ՊՆ նշանակվելու առաջին օրից մամուլը հաճախ գրում էր, որ Սեյրան Օհանյանի եւ ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ Յուրի Խաչատուրովի հարաբերությունները լաված են, նրանք չեն կարողանում իրար հետ աշխատել: Ահա, այս հանգամանքն օգտագործելով՝ Սեյրան Օհանյանն իր երիտասարդ թիմով ՊՆ-ի բոլոր ձախողումները «տակից» բարդում էր Խաչատուրովի վրա: Այդ ժամանակ մատուցվում էր, թե Սեյրան Օհանյանը կառավարման առավել թափանցիկ մոդելի կողմնակից է, ինչը չի ընդունվում Յու. Խաչատուրովի կողմից: Բայց տարիներ անց՝ հիմա արդեն, հասկանալի է դառնում, որ այդ ժամանակահատվածում Օհանյանը պարզապես իր համար թիմ էր հավաքում, որպեսզի առավել անկաշկանդ գործի, քանի որ թափանցիկության առումով առանձնապես առաջընթաց չնկատվեց այս 8 տարիների ընթացքում: Անգամ բանակին ինչ-որ բան մատակարարող ընկերությունների անուններն են այսօր համարվում պետական գաղտնիք, իսկ իրապես գաղտնիք պարունակող շատ նյութեր երբեմն ինչ-ինչ ճանապարհներով սպրդում են համացանց:
Այսպիսով, կամաց-կամաց ՊՆ-ն իր համար ձեւավորեց սիրելիների ու թշնամիների բանակ: Առաջինների համար ամեն ինչ կարելի է՝ ընդհուպ մինչեւ առաջնագիծ գնալն ու նկարահանումներ անելը, իսկ երկրորդներից պաշտպանվում են՝ ինչպես ամենավտանգավոր ախոյանից: Առաջիններն արժանանում են մեդալների ու պարգեւների, երկրորդները բամբասանքի թիրախ են դառնում: Թվում էր, թե ՊՆ-ի խորհրդավոր գործելաոճը նոր, թարմ, կրեատիվ քարոզչական հնարքներով մեր պաշտպանական գերատեսչության ներքին ու արտաքին PR-ն այնպիսի մակարդակի է հասցնելու, որ իսկապես տարածաշրջանի մարտունակ բանակի համբավը հնարավոր կլինի ողջ աշխարհով տարածել: Բայց ոչ, քարոզչական առումով ՊՆ-ն շարունակում է կաղել: Այն կառուցված է բացառապես ներքին լսարանի՝ ընդ որում, ցածր ինտելեկտ ունեցող խավի ուշադրությանն արժանանալու եւ ՊՆ Սեյրան Օհանյանին որպես համեստ պաշտոնյա մատուցելու վրա: Թե որքանով է ստացվել, ընթերցողները կդատեն: Համենայնդեպս, համեստ պաշտոնյայի կինը մամուլի դեմ քմահաճ պատերազմ չէր սկսի ու իր դիրքն օգտագործելով՝ հաղթանակ ապահովեր դատարանում:
Ինչեւէ, հիմա փորձենք հասկանալ, թե ինչու արցախյան ազատամարտի տարիներից հետո առաջին անգամ ադրբեջանական զինուժը հրասայլեր՝ տանկեր գործի դրեց: Ինչպես հայտնի է՝ վերջին երկու օրերին ողջ համացանցը ողողված էր տեսանյութով, թե ինչպես է հայկական զինուժը ոչնչացնում Ադրբեջանի դիրքերը: Բնականաբար, շարքային քաղաքացիների մեջ կան այնպիսիք, ովքեր ոգեւորվում են, թե ինչ ուժեղ ենք, բայց անգամ բանակի հետ առնչություն չունեցող մարդուն էլ պարզ է, որ ադրբեջանական զինուժը այդ տեսանյութից հետո ձեռքերը ծալած չէր նստի, պետք է հակահարված տար: Եւ ուրերմն արժե՞ր արդյոք գնալ նման ռիսկի:
ՀՀ ՊՆ Սեյրան Օհանյանը պատասխանելով պատգամավոր Թեւան Պողոսյանի հարցին՝ ասաց. «Մեր հարեւանները միայն ուժի լեզվով են ուզում խոսել մեզ հետ: Երկխոսության համար հրադադար է պետք: Որպեսզի իմանանք, թե ովքեր են հրադադարը խախտողները, միջազգային հետաքննության մեխանիզմներ պետք է ձեւավորել, որը հնարավորություն կտա համանախագահներին թիրախային գնահատական տալու»: Այս խոսքերի հեղինակն արդյո՞ք չէր գիտակցում, որ համանախագահների հետ հանդիպման ժամանակ, երբ սկսի հերթական անգամ բողոքել ադրբեջանական ագրեսիայից, նրանք կարող են հակադարձել, որ Ադրբեջանը պատասխանել է ձեր ռազմական գործողություններին, ինչը տարածվել է հայկական կողմից: Ի՞նչ է ասելու Օհանյանը:
Պարզվում է՝ նախարարը Ադրբեջանի կողմից տանկային գործողությունների մեկնարկի համար այլ պատճառներ է տեսնում. «Նաեւ պարզ մարդկային տեսանկյունից, գիտեք՝ այս տարի՝ ամռանը, եվրոպական խաղերի ընթացքում, նոյեմբերի 1-ի Միլի մեջլիսի ընտրությունների ժամանակ մենք զսպեցինք կրակոցները: Իրենք հիմա ցույց են տալիս իրենց դեմքը հանրաքվեի ժամանակ»: Բայց հանրաքվեն վաղուց ավարտվել է. այն դեկտեմբեի 6-ին էր, իսկ հարձակումը արձանագրվեց դեկտեմբերի լույս 9-ին, երբ անգամ ընդդիմության հանրահավաքներն են դադարել:
Ու ոչ միայն քաղաքական, հասարակական, այլեւ դիվանագիտական շրջանակներում լրջորեն քննարկվում էր տեսանյութի տարածման դրական ու բացասական հնարավոր հետեւանքները: Եւ ակնհայտ է, որ դրանով մենք պարզապես խոսելու առիթ տվեցինք: Ու կարելի է ասել՝ մի տեսանյութը ջուրը գցեց տարիներ շարունակ ՀՀ-ի կողմից վարած արտաքին քաղաքական դիրքորոշման անկեղծությունը, քանի որ մինչեւ հիմա մենք հանդես էինք գալիս ոչ թե հարձակվողի, այլ պաշտպանվողի դիրքերից: Ագրեսորը Ադրբեջանն է, որը մշտապես սադրանքներ ու դիվերսիոն փորձեր է կազմակերպում:
Ու այս իրավիճակում մի հարց է մնում՝ արդյո՞ք արժեր հանուն «ուժեղ» նախարարի իմիջի ձեւավորման ՀՀ դիվանագետների «լեզուն կարճացնել»: Գոնե կարելի էր բավարարվել՝ խրոխտ տոնայնությամբ մի հոդված գրելով: Այն, թերեւս, ավելի քիչ վնաս կտար մեզ, ու երիտասարդ զինվորն էլ գուցե չզոհվեր:
Թամարա Միքայելյան