ՀՀ իշխանությունները բյուջեն փրկելու նպատակով շարունակում են ծախսել Հայաստանի միջազգային պահուստները. թվերը գնալով նվազում են

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ իշխանությունները բյուջեն փրկելու նպատակով շարունակում են ծախսել Հայաստանի միջազգային պահուստները: Այս փաստն ի հայտ է գալիս, երբ ուսումնասիրում ենք Հայաստանի միջազգային պահուստների վերաբերյալ ՀՀ կենտրոնական բանկի հրապարակած վերջին տվյալները:

Հայաստանի միջազգային պահուստներն անընդհատ ծախսելու վերջին տարիների պատմությունը սկսվել է անցած տարվա հունվարից: Այսպես, 2014-ի հունվարի 1-ի դրությամբ Հայաստանի միջազգային պահուստները կազմում էին 2 միլիարդ 251 միլիոն 600 հազար դոլար: 2015 թվականի հունվարին դրանք նվազեցին մինչեւ 2 միլիարդ 113 մլն 500 հազար դոլար, մեկ ամիս անց այդ գումարը դարձավ 2 մլրդ 13 մլն 500 հազար դոլար: Ամեն ամիս նվազելով՝ այս տարվա փետրվարի վերջի դրությամբ Հայաստանի միջազգային պահուստների թիվը կազմեց 1 մլրդ 260 մլն 900 հազար դոլար: Այսինքն՝ մեկ տարի, երկու ամսում ՀՀ կառավարությունը հասցրել էր պետության միջազգային պահուստներից ծախսել շուրջ մեկ միլիարդ դոլար:

Այս տարվա մարտից միջազգային պահուստները կրկին սկսեցին աճել: ՀՀ կառավարությունը Հայաստանի միջազգային պահուստների համալրումն հիմնականում իրականացնում էր տարբեր վարկային միջոցների հաշվին: Իհարկե, պաշտոնապես այդ մասին չէր հայտարարվում, բայց ոչ պաշտոնական խողովակներով հայտնի էր դարձել, որ, օրինակ, անցած տարվա մարտին, երբ Հայաստանը 500 մլն դոլարի միջազգային պարտատոմսեր էր թողարկել` եվրաբոնդեր, ստացված գումարից 200 մլն դոլարն ուղղվել էր ՀՀ միջազգային պահուստների համալրմանը: Հաջորդած ամիսներին եւս ՀՀ միջազգային պահուստներ շարունակեցին համալրվել: Այս տարվա հուլիսի վերջի դրությամբ ՀՀ միջազգային պահուստները կազմում էին 1 մլրդ 702 մլն 500 հազար դոլար:

Սակայն օգոստոսից սկսած, երբ արդեն պարզ դարձավ, որ հարկեր եւ տուրքերի մասով պետբյուջեի մուտքերը ընթացիկ տարում թերակատարվելու են, ՀՀ միջազգային պահուստները կրկին սկսեցին նվազել: Դեկտեմբերի 1-ի դրությամբ, ըստ ՀՀ ԿԲ-ի, Հայաստանի միջազգային պահուստները կազմում են 1 մլրդ 549 մլն 700 հազար դոլար: Այսինքն՝ չորս ամսում` օգոստոսից-նոյեմբեր ժամանակահատվածում, ՀՀ կառավարությունը միջազգային պահուստներից ծախսել է 152 մլն 800 հազար դոլար:
Ստորեւ բերված աղուսյակում ներկայացված է Հայաստանի միջազգային պահուստների չափը՝ սկսած 2013 թվականի դեկտեմբերից:
ամիս/տարի միջ.պահուստ
12/2013 2 մլրդ 251.6 մլն $
01/2014 2 մլրդ 113.5 մլն $
02/2014 2 մլրդ 13.5 մլն $
03/2014 1 մլրդ 970.3 մլն $
04/2014 1 մլրդ 879.2 մլն $
05/2014 1 մլրդ 866.8 մլն $
06/2014 1 մլրդ 784 մլն $
07/2014 1 մլրդ 912.6 մլն $
08/2014 1 մլրդ 751.2 մլն $
09/2014 1 մլրդ 663.3 մլն $
10/2014 1 մլրդ 671 մլն $
11/2014 1 մլրդ 537.6 մլն $
12/2014 1 մլրդ 489.4 մլն $
01/2015 1 մլրդ 351.1 մլն $
02/2015 1 մլրդ 260.9 մլն $
03/2015 1 մլրդ 491.6 մլն $
04/2015 1 մլրդ 495.8 մլն $
05/2015 1 մլրդ 598.7 մլն $
06/2015 1 մլրդ 545.7 մլն $
07/2015 1 մլրդ 702.5 մլն $
08/2015 1 մլրդ 646 մլն $
09/2015 1 մլրդ 625.5 մլն $
10/2015 1 մլրդ 582.3 մլն $
11/2015 1 մլրդ 549.7 մլն $

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Հայաստանի տնտեսությունը շարունակում է անկում ապրել, եւ որ անգամ իշխանություններն են խոսում այն մասին, որ եկող տարին տնտեսական տեսանկյունից բարդ է լինելու, ուստի կարելի է ենթադրել, որ մի քանի ամսից կամ մեկ տարի անց կարող է պարզվել, որ Հայաստանի պետական պահուստներից բան չի մնացել: Իսկ իշխանությունները կշարունակեն խոսել տնտեսական աճի եւ Հայաստանը իբր թե զարգացնելու ձգտումների մասին:

ՎԱՀԱԳՆ ՀՈՎԱԿԻՄՅԱՆ




Լրահոս