Հայրս ասում էր` ես այստեղ սիրում եմ կյանքը, դու այդտեղ իրավունք չունես չսիրելու. Հայկ Պետրոսյան (ֆոտո)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երգիչ, դերասան Հայկ Պետրոսյանը տարվա 12-րդ ամսվա 12-րդ օրը դերասան Հովհաննես Դավթյանի հետ հանդես կգա ամանորյա stand up շոու-ներկայացումով: Նա «Ժողովուրդ»-ին պատմել է իր ծրագրերի մասին, խոսել այսօր հայ հանդիսատեսի համար ակտուալ թեմաներից: Հայկը մեզ հետ զրույցում հիշել է հոր` դերասան Վարդան Պետրոսյանի մի քանի կարեւոր խորհուրդներ եւ նշել, որ դրանք շատ են օգնում իրեն:

-Հա՛յկ, գիտենք, որ ամանորյա stand up շոու-ներկայացում եք պատրաստում: Կպատմե՞ս այդ մասին:

SONY DSC
SONY DSC

-Սա, կարելի է ասել, երաժշտական stand up շոու է, Հովհաննեսը տեքստային մասն է ապահովում, ես` երաժշտական: Կիթառի նվագակցությամբ կես կատակ-կես լուրջ երգեր եմ կատարելու, հումորային նմանակումներ եմ անելու: Որոշեցինք հանդես գալ նաեւ դուետով: Արծարծվող հիմնական թեման առնչվում է Ամանորին:

-Ի՞նչ ես կարծում` stand up ժանրը հայ հանդիսատեսի կողմից որքանո՞վ է ընկալելի եւ ընդունելի:

-Ես, առհասարակ, ներկայանում եմ մոնո-ներկայացումներով, բայց, կարծում եմ, կարեւորը ոչ այնքան ժանրն է, որքան քո ասելիքը: Եթե դու հանդես ես գալիս stand up ժանրում, դու քո անունից ես խոսում, քո մտքերն ես կիսում հանդիսատեսի հետ, եւ հումորներն էլ կառուցված են քո մտքերի շուրջ: Այս ժանրը մեր կյանքն է` ինչ-որ մեկի հայացքով, եւ մատուցվում է հումորային, գրոտեսկային տարբերակներով: Այստեղ շատ կարեւոր է անհատի եւ հանդիսատեսի շփումը: Իսկ ընդունելի լինելու հանգամանքը կախված է նրանից, թե ինչ ես ասում, ինչպես ես ասում, եւ ասածդ որքանով է ակտուալ:

slug-19051

-Իսկ այսօր ո՞ր թեմաներն են մեզ համար ակտուալ:

-Երբ հանդես էի գալիս հեղինակային «Հայկասթրես» մոնո-ներկայացումով, սեքսի մասին մի երգ էի գրել եւ երբ դա կատարում էի, դահլիճը պայթում էր. այն ժամանակ այդ թեման այսքան բաց չէր, որքան այսօր: Միշտ ակտուալ է եղել քաղաքականության թեման, բայց վերջերս բոլորն այնքան են խոսում դրանից, որ մի տեսակ չես ուզում բերանդ կեղտոտես այդ թեմայով, եւ, վերջապես, Զարուհի Փոստանջյանն այդ ժանրում արդեն փայլուն հանդես է գալիս. այսինքն` հումոր, ամեն ինչ անում է ինքը: Նոր ներկայացմանը պատրաստվելիս որոշեցի այդ թեմաներով բոլոր հումորները ջնջել, դրանց չանդրադառնամ:

-Այսինքն` Աժ-ում քո փոխարեն այդ գործով արդեն զբաղվում են...

-Իմ փոխարեն չէ, բայց հա…(ծիծաղում է): Ուզում եմ ասել, որ այդ թեման արդեն սովորական է դարձել: Ես պատրաստում եմ նոր ներկայացում, այն կոչվում է «Ժպտա»: Կարծում եմ` մի քիչ հանդուգն, համարձակ վերնագիր եմ ընտրել, որովհետեւ այսօր ոչ ոք ժպտալու հավես չունի: «Ինչի՞ վրա ժպտանք, ա՛յ ախպեր…» այսպիսի մոտեցում է տարածված: Այս վերնագրից, կոպիտ ասած, հանրապետականի հոտ է գալիս (ծիծաղում է): Բայց ինձ համար գլխավորն այն է, որ մարդիկ գան, երկու ժամ սրտանց ուրախանան: Ի դեպ, պետք չի հոգսերը մոռանալ. հոգսերի մեջ է պետք կարողանալ ուրախանալ: Երբ մեր ընտանիքում շատ դժվար օրեր էին, հայրս ինձ խորհուրդ էր տալիս, ասում էր. «Հա՛յկ ջան, դժվար պահին սովորիր ուրախանալ. ուրախ օրերին բոլորս էլ ուրախ ենք: Դժվար պահին աշխատիր կյանքը սիրել, ժպտալով, ուրախ ապրել»: Ինքը որ նեղության մեջ էր, ասում էր` ես այստեղ (նկատի ունի` ճաղերի ետեւում-հեղ.) սիրում եմ կյանքը, դու այդտեղ իրավունք չունես չսիրելու:

Z6wJOdeZoLDaNtj9uVPCLx3Szf

-Այս շրջանում հայրիկիդ հետ գործնական հարցեր քննարկո՞ւմ եք: Նա քեզ խորհուրդներ տալի՞ս է:

-Մենք ժամանակին մտածել էինք միասին մի ներկայացում խաղալ, բայց դա, անշուշտ, կհետաձգվի: Ինչ վերաբերում է խորհուրդներին, անշուշտ, նա ինձ հետ կիսում է իր փորձը, եւ դա շատ-շատ է օգնում ինձ թե՛ բեմի վրա, թե՛ դրանից դուրս` կազմակերպչական հարցերում:

-Սովորաբար մեր ծնողներն են մեր մեջքին կանգնում, բայց գալիս է պահը, որ արդեն մենք պետք է նրանց նեցուկ լինենք: Մենք հասկանում ենք, որ պատասխանատու ենք նրանց համար…

12380281_1020795374644029_615839103_n

-Այդ զգացումը ես փոքրուց ունեցել եմ, եւ դա գնալով մեծանում է: Մի այսպիսի խոսք կա, որ տարիների ընթացքում ծնողներն ու երեխաները տեղերով փոխվում են: Իհարկե, իմ դեպքում հիմա այդ պարագան չէ, բայց այդ զգացումը, ինչպես նշեցի, կա, հատկապես դժվարին պահերին: Առանց դրա չի լինի:

-Հիմա ո՞րն է քո գերնպատակը:

-Նախ` ինքնահաղթահարումը: Հորս խոսքերից է` ամենամեծ հաղթանակն ինքդ քո հանդեպ տարած հաղթանակն է: Հիմա շատ պլաններ ունեմ, օրերս գնալով ավելի հագեցած են դառնում, հիմա աշխատում եմ գրաֆիկով ապրել կարողանալու վրա: Ասեմ, որ նկարահանվել եմ ռեժիսոր Մհեր Մկրտչյանի ֆիլմում, ինչի համար շատ ուրախ եմ: Այն կոչվում է «Հաջողակները»: Պրեմիերան դեռ չի եղել: Ունեմ նոր ներկայացում, որի պրեմիերան կցանկանայի անել փետրվարի 14-ին… Ծրագրերը շատ են: Իսկ եթե ավելի հեռուն նայենք, շատ եմ ուզում ուժերս փորձել արտասահմանում, մասնավորապես` Փարիզում: Այդ միջավայրն ինձ ծանոթ է, կցանկանայի այնտեղ դրսեւորվել: Աստված առաջ:

Աննա Բաբաջանյան




Լրահոս