Այս տարվա հունվարի 29-ին Սերժ Սարգսյանը հրամանագիր էր ստորագրել Իտալիայում, Խորվաթիայում, Պորտուգալիայում, Մալթայում եւ Սլովենիայում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Ռուբեն Կարապետյանին պաշտոնից ազատելու մասին: Վերջինս, անդրադառնալով հայրենի դիվանագիտությանը ՀԺ-ում, մտահոգիչ գնահատականներ է հնչեցրել՝ նշելով, թե արտաքին քաղաքականությունը ներքինի արտացոլումն է, եւ այն չի կարող իր վրա չզգալ ներքին ճակատում առկա խնդիրներն ու բացասական զարգացումները. ,Ես չէի ցանկանա, որ այդպիսի ներազդեցությունը գնալով խորանա: Խորանա այն աստիճան, որ արտաքին քաղաքականությունը սկսի ծառայել ներքին խնդիրների լուծմանը, որ դիվանագիտական ներկայացուցչությունները ծառայեցվեն երկրի քաղաքական իշխանությունների, այլ ոչ պետական շահերի պաշտպանությանը, որ ներքին քաղաքական դրդապատճառներից ելնելով` դեսպաններ նշանակվեն առանց որեւէ մասնագիտական փորձի եւ դիվանագիտությունից շատ հեռու անձեր: Այդ դեպքում կավարտվի իրական դիվանագիտությունը, եւ կսկսվի ,սպասարկողե դիվանագիտությունըե:
ՀԱՐՑ. Ինչպե՞ս կմեկնաբանեք դիվանագետի մտահոգությունը, եւ ինչպե՞ս կգնահատեք մեր դեսպանների աշխատանքն ու պատրաստվածությունը:
ՊԱՏԱՍԽԱՆ. Նախ պետք է ասեմ, որ նախկին դեսպանի հետ կապված, որին Սերժ Սարգսյանը պաշտոնից ազատել է, ես որեւէ դրական բան չեմ կարող ասել, քանի որ այն երկրներում, որտեղ է նա դեսպան նշանակված եղել, մեր երկրի եւ այդ երկրների հարաբերություններում ոչ մի դրական շարժ չի եղել: Գիտեք, այստեղ մի խնդիր կա. այն դեսպանները, որոնք խնդիր են տեսնում, այդ խնդրի մասին լավ կանեն՝ խոսեն եւ բարձրաձայնեն այն ժամանակ, երբ նրանք դեռ իրենց պաշտոնին են, այլ ոչ թե դուրս գալուց հետո նոր խոսեն այդ մասին: Անելով այդ քայլը՝ նրանք իսկապես դիվանագիտական անկեղծություն կդրսեւորեին: Մի բան կարող եմ ասել. որպես արտաքին հանձնաժողովի անդամ՝ կարծում եմ, որ պետք է ամեն ինչ անենք՝ նպաստելու համար, որ հետագայում մեր դեսպաններն իրենց կատարած աշխատանքի համար կարողանան ներկայացնել հաշվետվություն, մասնակցեն արտաքին հանժնաժողովի լսումներին եւ այլն:
ԹԵՎԱՆ ՊՈՂՈՍՅԱՆ
ԱԺ արտաքին հարաբերությունների
մշտական հանձնաժողովի անդամ
ՊԱՏԱՍԽԱՆ. Ես կիսում եմ Ռուբեն Կարապետյանի մտահոգությունները, այն, որ արտաքին քաղաքականությունը ներքինի արտացոլումն է եւ չի կարող իր վրա չզգալ ներքին ճակատում առկա խնդիրներն ու բացասական զարգացումները: Մինչ պաշտոնակ լինելը Ռ. Կարապետյանը, բնականաբար հասկանալի է, որ չէր կարող ազատ խոսել հայերի դիվանագիտության շուրջ ստեղծված իրավիճակից, եւ քանի որ հիմա ազատ է, իրեն թույլ է տվել խոսել ազատ: Ես համամիտ եմ իր այդ հնչեցրած մտքերին եւ արտառոց բան այդ ամենում չեմ տեսնում: Ռ. Կարապետյանի համար ափսոսում եմ, որ նա ծառայության մեջ չէ, քանի որ բավական պատրաստված է:
ՎԼԱԴԻՄԻՐ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ
ՀԱԿ արտաքին հարաբերությունների համակարգող
Պատրաստեց ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆԸ
“Ժողովուրդ” օրաթերթի 529 համար