ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի Մ. Քոթանյանի անվան տնտեսագիտության ինստիտուտի շուրջ կրքերը չեն հանդարտվում: «Ժողովուրդ»-ին հայտնի դարձավ, որ ինստիտուտի տնօրեն Վլադիմիր Հարությունյանի եւ նրա հետ հարազատական կապ չունեցող աշխատակիցների հարաբերությունները կրկին լարվել են:
Բանն այն է, որ տնօրենը հրաժարվում է գիտաշխատողներին «պրեմյաներ» վճարել՝ պատճառաբանելով, թե ինստիտուտը գումար չունի: Սակայն այդ հանգամանքը տնօրենին չի խանգարել, որպեսզի նա իր համար նոր ծառայողական ավտոմեքենա գնի՝ 7,5 միլիոն դրամ արժեքով: «Եթե մտնեք ինստիտուտ, կտեսնեք, թե ինչ է կատարվում, տնօրենի որդիները բոլորն աշխատում են, կան աշխատակիցներ, որոնք գրանցել են իրենց բարեկամներին որպես գիտաշխատող, բայց նրանց երբեք չենք տեսել: Օրինակ՝ տեսական հետազոտությունների եւ տնտեսագիտության մտքի պատմության բաժնի վարիչ Ռոբերտ Սարինյանի որդին՝ Կարեն Սարինյանը, գիտաշխատող է, բայց նրան երբեք չենք տեսել»,- բողոքում են ինստիտուտի աշխատակիցները:
«Ժողովուրդ»-ը ստեղծված իրավիճակի շուրջ զրուցեց ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի Մ. Քոթանյանի անվան տնտեսագիտության ինստիտուտի տնօրեն Վլադիմիր Հարությունյանի հետ:
-Պարո՛ն Հարությունյան, ինստիտուտի գիտաշխատողները բարձրաձայնում են, որ ինստիտուտը վերածել եք «ընտանեկան բիզնես» կենտրոնի:
-Իմ որդին՝ Դավիթը Հարությունյանը, որը տնտեսագիտության դոկտոր է, գիտության կոմիտեի մրցույթով շահել էր գիտական մի թեմա ու այդ գիտական թեմայի ղեկավարն է: Հիմա իրավունք չունի՞ աշխատել:
-Ինչ կասեք Ձեր մյուս որդու՝ Տիգրան Հարությունյանի մասին, նա՞ էլ է մրցույթով գիտական թեմա շահել ու դարձել գիտաշխատող:
-Նա ինձ մոտ չի աշխատում, մեկ տարի առաջ է աշխատել ու դուրս է եկել:
-Ինչո՞ւ դուրս եկավ, մի՞գուցե հասկացաք, որ եթե Ձեր երկու որդիներն աշխատեն ինստիտուտում, դա կարող է խնդիրներ առաջացնել, եւ Ձեզ կմեղադրեն ինստիտուտը ընտանեկան բիզնեսի վերածելու մեջ:
-Չուզեց աշխատել:
-Ինչո՞ւ, աշխատավարձն էր քիչ, թե՞ այլ խնդիր կար:
-Չէ, ուղղակի չուզեց աշխատել, այսպես ասեմ՝ ուրիշ տեղ էլ էր աշխատում, չուզեց համատեղել:
-Իսկ ի՞նչ կասեք մնացած «ընտանեկան» դրսեւորումների մասին, օրինակ՝ տեսական հետազոտությունների եւ տնտեսագիտության մտքի պատմության գիտական ուղղություն բաժնի վարիչ Ռոբերտ Սարինյանի որդին եւս նշված բաժնի գիտաշխատող է, սակայն ինստիտուտի աշխատակիցները նրան երբեք չեն տեսել:
-Սարինյանի որդին եւս դուրս է եկել, չի աշխատում: Ձեզ սխալ տեղեկություններ են տվել: Նա էլ չուզեց աշխատել:
-Ըստ ինստիտուտի գիտաշխատողների՝ Դուք հրաժարվում եք իրենց «պրեմյաներ» վճարել՝ պատճառաբանելով, թե ինստիտուտը գումար չունի: Սակայն այդ հանգամանքը Ձեզ չի խանգարել, որպեսզի նոր ծառայողական ավտոմքենա գնեք՝ 7,5 միլիոն դրամ արժեքով:
-Այո՛, նոր մեքենա գնել եմ, դա իմ անձնականը չի, դա ինստիտուտինն է:
-Իսկ ի՞նչն էր խանգարում, որ շարունակեիք օգտվել հին մեքենայից, իսկ այդ 7,5 միլիոն դրամով գիտաշխատողներին ոգեւորեիք:
-Հին մեքենան շատ ահավոր վիճակում էր, կապիտալ վերանորոգման ծախսերը թանկ էին նստում, դրա համար այն պետք է փոխվեր: Ախր, 10 տարվա հին մեքենա էր: Օրինակ՝ տնտեսագետները դրան ասում են տնտեսագիտական արդյունավետություն: Հիմա քեզ ով բողոքել է, նա ախմախ տնտեսագետ է, նա իրավունք չունի ինձ մոտ աշխատելու, քանի որ տնտեսագետ լինելով հանդերձ՝ նման հարց է բարձրացնում:
-Բայց կարող էիք, չէ, 7,5 միլիոն դրամանոց մեքենա չգնել, այլ մի քիչ ավելի մատչելի մեքենա ձեռք բերել` մնացած գումարով էլ գիտաշխատողներին պարգեւավճարներ հատկացնել:
-Դա էլ են սխալ ասում, իսկ ո՞վ է ասում, որ չենք տալիս: Լավ աշխատողներին տալիս եմ, իսկ նրանք, որ բառադի թափառում են, գործի չեն գալիս, նրանց չեմ տալիս:
-Այսինքն՝ գիտության ոլորտում բառադի աշխատողներ կան:
-Հա, իհարկե:
-Իսկ վերջին անգամ երբ եւ որ գիտաշխատողներին եք լավ աշխատանքի համար «պրեմյա» հատկացրել:
-Եթե ցանկանում եք՝ ներկայացնեմ անուններով, եկեք գիտությունների ազգային ակադեմիա:
Քնար Մանուկյան