Իմ առջեվ նման ընտրություն կար 2008-ի ապրիլին. Վարդան Օսկանյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
ԲՀԿ խմբակցության պատգամավոր, Երեւանի ավագանու ընտրություններին ԲՀԿ համամասնական ցուցակը գլխավորող Վարդան Օսկանյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.
Այս շաբաթ ամերիկյան հեղինակավոր “Արտաքին հարաբերությունների խորհուրդ” հետազոտական կազմակերպության նախագահ Ռիչարդ Հաասը հրատարակել է “Արտաքին քաղաքականությունը սկսում է տանը” (Foreign Policy Begins at Homе) խորագրով մի գիրք, որտեղ պնդում և հիմնավորում է, որ Միացյալ Նահանգների հիմնական մարտահրավերը ոչ թե դրսից է գալիս, այլ հենց ներսից: Նա փաստերով հիմնավորում է այն միտքը, որ ԱՄՆ արտաքին քաղաքականությունը կարող է լինել արդյունավետ և ազդեցիկ միայն այն դեպքում, երբ Միացյալ Նահանգները ներսում ուժեղ և բարեկեցիկ լինեն:
Գիրքը դեռ չեմ կարդացել, բայց ծանոթացել եմ դրա մի քանի գրախոսականների և ընդհանուր բովանդակությանն ու գլխավոր թեզին: Կարծեք թե Հաասը այդ գիրքը Հայաստանի համար գրած լինի: Այնտեղ առաջ քաշված մտքերն ու եզրահանգումները առավել քան կիրառելի և այժմեական են նաև մեզ համար՝ այս շաբաթ Երևանում կայանալիք ընտրությունների համատեքստում, քանի որ մենք կրկին կանգնած ենք լինելու զարգացման մեր ճանապարհը որոշելու ընտրության առջև:
Իմ առջև նման ընտրություն կար 2008 թվականի ապրիլին, երբ թողել էի արտգործնախարարի պաշտոնը: Այն ժամանակ նախագահն ինձ առաջարկեց լինել իր՝ արտաքին հարցերով խորհրդականը և շարունակել զբաղվել արտաքին քաղաքականությամբ: Ես նախագահին ասացի, որ կցանկանայի ներգրավված լինել ներհայաստանյան և ոչ թե արտաքին քաղաքական խնդիրներով, որովհետև համոզված եմ, որ մեր առջև կանգնած մարտահրավերները առաջին հերթին ներքին են, և միայն դրանց հաջող հաղթահարումով մենք կկարողանաք լուծել մեր արտաքին հարցերը: Նախագահն ինց հարցրեց՝ կոնկրետ ինչ կուզենայի անել, պատասխանեցի, որ միգուցե կուսակցություն ստեղծեմ կամ միանամ կուսակցություններից մեկին և այդ ճանապարհով ներդրում ունենամ պետության կայացման գործում:
Այդ օրվանից սկսած, առավել ևս այսօր, մեր քաղաքական գործընթացներում իսկապես նոր մշակույթ մտցնելու, աոողջ քաղաքական դիսկուրս և մրցակցություն ունենալու, քաղաքական դաշտում հակակշիռներ ստեղծելու մղումները միշտ ուղղորդել և ուղղորդում են իմ քաղաքական գործունեությունը:
Մարդիկ ինձ հաճախ ասում են, թե ունենալով Լեռնային Ղարաբաղի խնդիր և պատերազմի մշտական սպառնալիք՝ մենք չենք կարող մեզ թույլ տալ լիակատար ժողովրդավարության, լիակատար իրավունքների ու ազատությունների, լիակատար հանդուրժողականության “շռայլությունը”: Ես կպնդեի ճիշտ հակառակը հատկապես մայիսի 9-ի հաղթանակների նախօրեին: 
Ես կրկին կասեմ, որ ղարաբաղյան մեր հաղթանակները և Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքի դիվանագիտական ամրագրումը պետք է լինեն մեր հավատի, հույսի ու խանդավառության աղբյուրը և երկրի առաջընթացի ու զարգացման հիմնական խթանը, իսկ Ադրբեջանի հոխորտանքները, սահմանային ոտնձգություններն ու պատերազմի սպառնալիքները չեն կարող մեզ կաշկանդելու, հաճախ մարդու իրավունքների ու քաղաքական ազատությունների ասպարեզում մեր անգործությունն արդարացնելու և հետևաբար՝ երկրի առաջընթացն ու ժողովրդավարացումը խանգարող գործոններ լինել: 
Որովհետև մենք ունենք Ղարաբաղի խնդիր, մենք առավել ևս պետք է ամրապնդենք ժողովրդավարությունը:
Որովհետև մենք ունենք Ղարաբաղի խնդիր, մենք առավել ևս պետք է ազատ, արդար, մրցունակ և գրավիչ տնտեսություն ստեղծենք:
Որովհետև մեր գլխին կախված է պատերազմի վտանգը, մենք հնարավորինս արագ և անկեղծորեն պետք է ընդունենք մեր ազգային արժեքներին համահունչ եվրոպական արժեհամակարգը և ինտեգրվենք եվրոպական կառույցներին: 
Որովհետև մեր գլխին կախված է պատերազմի վտանգը, մենք առավել ևս պետք է ստեղծենք քաղաքական հակակշիռների վրա գործող քաղաքական-պետական համակարգ:
Ահա սա է այն հնարավորությունը, որ մենք ունենք այժմ՝ կիրակի օրը: Երևանի բնակիչների 60 տոկոսը պետք է ՈՉ ասի իշխող կուսակցության մենաշնորհին: Այդժամ մենք ընտրած կլինենք ավելի ծաղկուն քաղաք, երկիր և խաղաղ հարևաններ ունենալու մեր ճանապարհը:




Լրահոս