Քաղաքապետարանի ճեմասրահում բացվել է ամանորյա բարեգործական տոնավաճառ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երևանի քաղաքապետարանի ճեմասրահում բացվել է ավանդական դարձած ամանորյա բարեգործական տոնավաճառը, որը Երևանի քաղաքապետարանի աջակցությամբ կազմակերպում է «Հայաստանի երիտասարդ կանանց ասոցիացիա»-ն։ Այս տարի ներկայացված ավելի քան 80 տաղավարներում իրենց բազմազան արտադրանքն ու ձեռագործ աշխատանքներն են ներկայացնում ՀՀ մարզերի կին արտադրողները, անհատներ, միջազգային կառույցներ: Բարեգործական ծրագրին մասնակցում են նաև դեսպանությունները, այդ թվում՝ ՀՀ-ում Չինաստանի, Բրազիլիայի Դաշնային Հանրապետության, Արգենտինայի, Շվեյցարիայի, Արաբական Միացյալ Էմիրությունների, Լիտվայի դեսպանատները: Տոնավաճառին մասնակցել են նաև սիրիահայ կանայք:

Բացման հանդիսավոր արարողությանը ներկա է գտնվել, ապա տաղավարներում շրջել և վաճառքի համար ցուցադրության ներկայացված ապրանքների տեսականուն ծանոթացել նաև Երևանի քաղաքապետի տեղակալ Արամ Սուքիասյանը: Քաղաքապետ Տարոն Մարգարյանի անունից ողջունելով մասնակիցներին՝ Արամ Սուքիասյանը կարևորել է նմանօրինակ նախաձեռնությունները և պատրաստակամություն հայտնել շարունակելու ցուցաբերվող աջակցությունը:

«Հայաստանի երիտասարդ կանանց ասոցիացիա»-ի նախագահ Լիլիթ Ասատրյանն իր հերթին շնորհակալություն է հայտնել քաղաքապետարանին մշտապես իրենց կողքին լինելու և բարեգործական ծրագրերին օժանդակելու համար:
Միջոցառումն ուղեկցվել է մշակութային ծրագրով: Անցկացվել են նաև վարպետաց դասեր:

Տոնավաճառի մուտքն ազատ է: Նշենք, որ ստացված հասույթը տրամադրվելու է Հայաստանում կանանց ձեռներեցության ծրագրերի իրականացմանը:

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն




Լրահոս