ՀԻՄԱ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՎՐԱ ԱՄԵՆԱՍՈՒՐ ՀՈՒՄՈՐՆ ԵՆ ԱՆՈՒՄ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ խորհրդարանում տեղի է ունեցել Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովի 3 անդամների ընտրության քվեարկությունը: ԱԺ նիստում ժամանակավոր հաշվիչ հանձնաժողովի նախագահ Սուքիաս Ավետիսյանը, ամփոփելով քվեարկության արդյունքները, հայտարարել է, որ թեկնածուներն էին Կորյուն Առաքելյանը, Հայկ Քոթանյանը եւ Արմեն Մկրտչյանը: 131 պատգամավորից ընտրությանը մասնակցել է 91-ը, 1 քվեաթերթիկ անվավեր է ճանաչվել: Արդյունքում Արմեն Մկրտչյանը ստացել է 78 կողմ, 12 դեմ ձայն, Հայկ Քոթանյանը՝ 82 կողմ եւ 8 դեմ ձայն, իսկ Կորյուն Առաքելյանը՝ 79 կողմ եւ 10 դեմ ձայն, վերջիններս ընտրվել են ՀՌԱՀ անդամ:

Ընտրության մեկնարկից 15 րոպե առաջ ՀՀԿ-ական պատգամավորները ԱԺ միջանցքում հավաքվել ու անհամբեր սպասում էին հանձնաժողովի նախագահ Սուքիաս Ավետիսյանին: ՀՀԿ խմբակցությունից առաջինը ներկայացել էր Սեյրան Սարոյանը, որը պահանջում էր իրեն շուտ տալ քվեաթերթիկները, որպեսզի արագ քվեարկի եւ գնա: Մյուսներն էլ միմյանց «բրդբրդելով» մասնակցեցին քվեարկությանն ու հեռացան: Բանն այն է, որ քվեարկությունը կազմակերպվել էր ընդմիջման ժամին, ինչի համար պատգամավորները միմյանց հրմշտում էին՝ առաջինը խցիկում «պտիչկա» դնելու ու արագ հեռանալու համար:
«Ժողովուրդ»-ը զրուցել է ՀՌԱՀ անդամ Հայկ Քոթանյանի հետ, որը տարիներ առաջ ղեկավարել է նաեւ ԱԺ աշխատակազմը:
-Պարո՛ն Քոթանյան, որոնք են Ձեր ծրագրերը Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովում, ի՞նչ եք պլանավորել անել, որ մինչեւ այժմ չի արվել:
-Մնեք անկախ մարմին ենք, որը սահմանված կարգով ունի պարտականություններ՝ օրենքի տառին համապատասխան իր աշխատանքը կազմակերպելու համար: Անկախ վերահսկող մարմինը որպես այդպիսին ծրագիր չի ունենում, որ ասեմ՝ սա ունեմ, սա եմ անելու, պետք է ուղղակի մաքուր կատարենք մեր պարտականությունները, առաջնորդվենք այն սկզբունքներով, որը օրենքով նախատեսված է, որպեսզի անաչառ լինենք, օբյեկտիվ լինենք, հրապարակային լինենք մեր քայլերի մեջ, սա է մեր հիմնական նպատակը: Մեր գործունեությունում, որ նշված է վերահսկել գործունեությունը, դա չի վերաբերում ֆինանսականին, այլ ընդհանրապես պետք է վերահսկենք հեռուստառադիոյի գործունեությունը, որպեսզի խախտումներ չկատարեն: Պետք է պաշտպանենք հեռուստառադիո ընկերություններին, այսինքն՝ կարողանանք մեր գործունեության ընթացքում լինել միայն անաչառ:
-Քանի որ ԱԺ քվեարկությամբ եք ընտրվում, նշվում է, որ կախվածություն եք ունենալու իշխանություններից: Արդյո՞ք Ձեզ կհաջողվի իսկապես անկախ մարմին լինել:
-Մեր լիազորությունների մեջ հստակ գրված է, որ մենք անկախ մարմին ենք, կարգավորում ենք նրանց գործունեությունը, լիցենզավորում ենք եւ վերահսկում ենք: Սա է մեր լիազորությունը, այսինքն՝ ավել բան եթե օրենքով նախատեսված չէ, մենք իրավունք չունենք անել: Ես համաձայն չեմ Ձեզ հետ, համենայնդեպս, մենք մեր գործունեության ընթացքում անկախ ձեւով մեր աշխատանքներն իրականացրել ենք, կատարել ենք մեր ֆունկցիաները: Այս տարիներին, որոնց ընթացքում ես աշխատել եմ, երբեք նման բան չի եղել, իրոք, անկախ մարմին ենք, ու ոչ ոք մեզ չի խանգարում՝ մեր աշխատանքները անկախ կատարելու համար: Ես անկեղծությամբ եմ ասում, մեզ ոչ ոք չի ուղղորդել:
-Նոր Սահմանադրությամբ փոփոխվել են նաեւ հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովի վերաբերյալ դրույթները: Ծանոթ ե՞ք այդ փոփոխություններին, եւ որքանո՞վ են դրանք Ձեր «սրտով»:
-Իհարկե, ծանոթ եմ, գրեթե նույն ֆունկցիաներն են գրված, գլուխ է առաձնացված նաեւ այդ ամենն իրականացնելու համար, որտեղ մի քիչ ավելացվել է ֆունկցիաները հանրայինի նկատմամբ: Մենք պետք է վերահսկողություն իրականացնենք նաեւ հանրայինի վրա:
-Դուք՝ որպես ՀՀ քաղաքացի, ինչպե՞ս եք գնահատում Հանրային հեռուստաընկերության աշխատանքները, արդյո՞ք հարկատուների հաշվին գործող այս կառույցը կարողանում է անաչառ եւ համակողմանիորեն ներկայացնել իրականությունը: Ընդդիմությունը հայտարարում է, որ այն ծառայում է բացառապես ՀՀ իշխանությունների շահերին, որքանո՞վ եք կիսում նման գնահատականները:
-Ես կարծում եմ, որ այսօր, իրոք, բազմակարծությունը կա, չափիչ չկա, նայած, թե ով ինչպես է այդ բազմակարծությունն ընկալում՝ տարբեր նյութերի մասին պետք է բազմակարծություն լինի: Այսօր շատ հեռուստաընկերություններ ամենասուր հումորն են անում իշխանությունների նկատմամբ: Եթե համեմատենք մի քանի տարի առաջվա հետ, իրոք, բավականին անկախ են: Մի փաստ՝ տարիներ առաջ ո՞վ էր եթեր տալիս ընդդիմությանը ընտրությունների ժամանակ, հիշեք՝ ոչ մեկը: Բայց մենք անցկացրել ենք երկու համապետական ընտրություններ, որոնց ժամանակ բացառապես պաշտպանել ենք անկախությունը եւ բազմակարծությունը: Բոլոր քաղաքական ուժերը, որոնք ուզել են ժամանակ, նրանց այն տրվել է, դիտորդական առաքելություն իրականացնող կազմակերպություններն էլ այդ հարցում բացասական կարծիք չեն հայտնել: Դա անկախություն չի՞: Իսկ հանրայինը դա պետական հեռուստաընկերություն է, մենք դրան լիցենզիա չենք տալիս, այստեղ մի քիչ այլ ոլորտ է: Հավատացե՛ք, հիմա հսկայական տարբերություն կա:

 

 

 

 
ՀՈՎԻԿ ԱԲՐԱՀԱՄՅԱՆԸ ՆԱԽԸՆՏՐՈՒՄ Է ԱՊՐԵԼ ՈՒ ՏԵՍՆԵԼ

Երեկ խորհրդարանը սկսեց 2016 թվականի բյուջեի կատարողականի քննարկումը, որի մեկնարկին մասնակցեց նաեւ ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը: Նա բյուջեի նախագծի ներկայացումից մի քանի րոպե անց լքեց դահլիճն ու գնաց ԱԺ ՀՀԿ խմբակցության աշխատասենյակ: Աժ միջանցքում պատասխանելով լրագրողների հարցին, թե արդյոք ՀՀԿ առաջնորդ Սերժ Սարգսյանն արդեն որոշել է, որ հաջոդ վարչապետը ինքն է լինելու, Աբրահամյանն ասաց` կապրենք, կտեսնենք:

Խոսելով հանրաքվեի արդյունքների մասին` այո-ի քարոզչական շտաբի պետ Հովիկ Աբրահամյանը հայտարարեց. «Այսօր ունենք այն, ինչ որ ունենք: Կան դժգոհություններ, բողոքներ, թող դիմեն պատկան մարմիններին՝ վերհաշվարկի, կամ, չգիտեմ, եթե խախտումներ կան, խախտումների համար: Ես՝ որպես շտաբի ղեկավար, կազմակերպել եմ, որպեսզի անցնեն թափանցիկ եւ արդար ընտրություններ: Եթե ընթացքում եղել են պրոբլեմներ, թող դիմեն, ասել ենք մի քանի անգամ»:
Հարցին, թե Սերժ Սարգսյանն իր մտերիմների շրջապատում հայտարարել է, որ 2018-ին ինքը զբաղեցնելու է ՀՀ վարչապետի պաշտոնը, Աբրահամյանն արձագանքեց. «Երբեք մի ասա երբեք: 2017-ից հետո կապրենք, կտեսնենք, Ազգային ժողովի ընտրությունների արդյունքից է կախված՝ հաջորդ վարչապետը որ քաղաքական ուժը կներկայացնի, եթե Հանրապետականը հաղթի, Հանրապետականը կորոշի, թե ով կլինի վարչապետ»: Նշենք, որ ըստ ՀՀԿ-ում շրջանառվող տեղեկությունների՝ ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը սրտնեղած է այն հանգամանքից, որ Ս. Սարգսյանը որոշել է իր «աթոռը» խաղաղ ճանապարհով վերցնել: «Ժողովուրդ»-ի տեղեկությունների համաձայն՝ Ս. Սարգսյանը Աբրահամյանին խոստացել է դրա փոխարեն կրկին վերադարձնել խորհրդարանի նախագահի պաշտոնը, որն այդքան էլ Հ. Աբրահամյանի սրտով չէ:
Այն հարցին, թե արդյոք իրենք արդեն քննարկել են այդ հարցը ՀՀԿ առաջնորդ Սերժ Սարգսյանի հետ, Հովիկ Աբրահամյանը պատասխանեց. «Մենք շատ բան ենք քննարկում, ինչո՞ւ պետք է Ձեզ ասեմ: Հանրապետության նախագահը շատ հստակ մեսիջ է ձեւակերպել իր հարցազրույցում, երեւի ուշադիր չեք կարդում, ինքը չի՞ ասել, որ մինչեւ 2018 թվականի վերջն ինքն աշխատելու է որպես նախագահ»:

Նյութերը՝ ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ

 

 

 
ԳՈՐԾԸ ԿԱՍԵՑՎԵԼ Է
Ինչպես արդեն գրել էինք՝ գիտությունների ազգային ակադեմիայի գիտաշխատող Ռուզան Մարգունու բնակարանից 3850 դոլար գողանալու մեջ մեղադրվողը Ադրբեջան փախած Վահան Մարտիրոսյանն է: Նկատենք, որ տուժող կինը ի սկզբանե իրավապահներից պահանջել էր Վահան Մարիտրոսյանին կալանավորել, սակայն նրա հայտարարություններին լուրջ չէին վերաբերել այնքան ժամանակ, մինչեւ որ երիտասարդն իր կնոջ եւ մանկահասակ երեխայի հետ փախավ Ադրբեջան: Եվ, ահա, Վահան Մարտիրոսյանի փախուստից երկու ամիս անց ՀՀ քննչական կոմիտեի քննիչները չնայած որոշել են մեղադրանք առաջադրել նրա նկատմամբ, այսինքն՝ հաստատված են համարում այն հանգամանքը, որ Ռուզան Մարգունու բնակարանից նա է գումար գողացել, սակայն միեւնույն ժամանակ քրեական գործի քննությունը կասեցվել է, քանի որ մեղադրյալի գտնվելու վայրն անհայտ է:

 

ՊԱՐՏՔԻ ՑՈՒՑԱԿԻ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ
Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի օրն «Ազատություն» ռադիոկայանի լրագրողը տեսանկարահանել է, թե ինչպես է Երեւանի Սիլիկյան թաղամասում, միկրոավտոբուսի, իսկ ավելի կոնկրետ՝ «Գազելի» մեջ նստած երիտասարդը, որի ձեռքին տաս հազար դրամանոցների կապ է եղել, ավտոմեքենայի մոտ կանգնածներին հերթով վճարում է: Գումար բաժանող երիտասարդը լրագրողին ասել է, թե իբր իր պարտքերն է տալիս: «Ժողովուրդ»-ը պարզեց, որ երիտասարդը բնակվում է Աջափնյակ վարչական շրջանում՝ Սիլիկյան թաղամասում, որը երեւանցիների շրջանում հայտնի է նաեւ «3-րդ գյուղ» անվամբ: Ավելին՝ ըստ սիլիկյանցիների՝ երիտասարդի գերդաստանը, իսկ ավելի կոնկրետ՝ նրա քեռին՝ Սարդարը, թաղամասում հայտնի անձնավորություն է, եւ համապետական ընտրությունների ժամանակ, սովորաբար, հենց նրան է վստահվում իշխանությունների օգտին քվեներ գրելու գործընթացը: «Ժողովուրդ»-ը պարզեց, որ վերը նշված դեպքի առթիվ ՀՀ գլխավոր դատախազությունը քրեական գործ է հարուցել:

 

ՎԵՐԱՔՆՆԻՉԻ ԴԱՏԱՎՈՐԻ ՓՈՂԵՐԸ
Մեր օրերում դժվար է գտնել մեկ դատավորի, որը իր աշխատավարձի հաշվին է ապրում: Մասնավորապես, ՀՀ Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Արմեն Դանիելյանն իր հայտարարագրում նշել է, որ անցած տարվա վերջի դրությամբ իր դրամական միջոցները կազմել են 22 հազար դոլար եւ 10 մլն 100 հազար դրամ: Իսկ Արմեն Դանիելյանի ամսական աշխատավարձը ընդամենը 700 հազար դրամ է: Դատավորի կինը՝ Մառա Մարգարյանը, հայտարարագրել է 33 հազար դոլար եւ 5.5 մլն դրամ, իսկ նրա ամսական աշխատավարձը 300 հազար դրամ է: Ի դեպ, Արմեն Դանիելյանն իր ներկա պաշտոնում աշխատում է 2003 թվականից: Բնականաբար միամտություն կլինի կարծել, որ ամսական մի քանի հարյուր հազար դրամ աշխատավարձ ստանալով՝ հնարավոր է տասնյակ հազարավոր դոլարներ «խնայել»: Մյուս կողմից էլ դատավորները սովորաբար նախընտրում են իրենց իրական ունեցվածքը չհայտարարագրել:




Լրահոս