ԼՐԱԳՐՈՂԱԿԱՆ ՀԵՏԱՔՆՆՈՒԹՅԱՆ ՀԵՏՔԵՐՈՎ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Դեկտեմբերի 6-ին՝ սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի օրը, «Ժողովուրդ»-ը լրագրողական հետաքննություն էր իրականացրել՝ հասկանալու համար, թե արդյո՞ք ID քարտերի նկատմամբ ուշադրություն կա, թե՞ այն ընտրակեղծիքների ու կրկնակի քվեարկության հնարավորություն է ընդամենը: Եվ հիմա պարզվում է` ՀՀ գլխավոր դատախազությունը, ուսումնասիրելով լրագրողական հետաքննությամբ ներկայացված փաստերը, որոշել է քրեական գործ հարուցել:

Ինչպես արդեն հայտնել էինք՝ հայրենի իրավապահները սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի օրը մի շարք դեպքերով քննությունն են սկսել: Երեկ ՀՀ գլխավոր դատախազությունը հաղորդագրություն էր տարածել, որ նշված օրը շուրջ 323 դեպքերը պարունակել են առերեւույթ հանցագործության հատկանիշներ, որոնք ուղարկվել են ըստ ենթակայության՝ հետաքննական եւ նախաքննական մարմիններին նյութեր նախապատրաստելու նպատակով, իսկ 80 հրապարակում ուղարկվել է ՀՀ ոստիկանության տարբեր ստորաբաժանումներ ստուգողական գործողություններ իրականացնելու նպատակով: Իսկ, ահա, 6 դեպքով հարուցվել է քրեական գործ, որոնց մեջ կա նաեւ «Ժողովուրդ» օրաթերթի լրագրողների հետաքննությունը:
Եվ այսպես, մինչ դեկտեմբերի 6-ի հանրաքվեի օրը, ID քարտով քվեարկելու հարցի շուրջ բավականին լուրջ քննարկումներ ծավալվեցին: Բանն այն է, որ այդ քարտի վրա նշված չէ քաղաքացու բնակության հասցեն, պլաստիկ այդ քարտի վրա հնարավոր չէ քվեարկությունից հետո դնել այն հաստատող կնիքը, որպեսզի բացառվի կրկնակի քվեարկությունը, սակայն այս հանգամանքը չխանգարեց, որ ԱԺ մեծամասնությունը համաձայնություն տա, եւ քաղաքացիները ID քարտով քվեարկություն անելու հնարավորություն ունենան:
«Ժողովուրդ» օրաթերթը կոնկրետ մեկ օրինակով փորձեց իրականությունը պարզել: Նախ պաշտոնապես ահազանգեցինք, որ Մաշտոցի 5 հասցեի 17 բնակարանում, բացի տանտիրոջից, եւս 3 հոգի գրանցված են: Հասկանալու համար, թե արդյո՞ք հնարավոր է ID քարտով նշված հասցեի բնակիչներից որեւէ մեկի փոխարեն քվեարկել, լրագրողական հետաքննություն իրականացրեցինք: Երեւանի թիվ 42 դպրոցում տեղակայված 9/12 ընտրատեղամաս այցելեց մեր լրագրող Տաթեւ Հարությունյանը` նշված հասցեում գրանցված Թագուհի Թովմասյանի ID քարտով: Հանձնաժողովի անդամներից ՕԵԿ ներկայացուցիչ Աշոտ Սարգսյանը, հանձնաժողովի նախագահ, ՀԱԿ անդամ Սոֆյա Յորդեկյանի հետ խորհրդակցելով՝ որոշեց լրագրողին թույլ տալ քվեարկել:
Քվեատուփին մոտեցած լրագրողը, սակայն, քվեարկություն չկատարեց: Նա քվեախցիկում քվեաթերթիկի վրա գրեց «Հանուն լրագրողական հետաքննության» բառերը եւ դուրս գալով քվեախցիկից՝ բարձրաձայն ասաց, որ ինքը ընտրատեղամաս է ներկայացել Թագուհի Թովմասյանի ID քարտով եւ նպատակ ուներ հետաքննություն իրականացնել: Իսկ հանձնաժողովի ՕԵԿ-ական ներկայացուցիչը չի համեմատել քարտի վրայի ու իր` գրանցամատյանում դրած ստորագրությունները, որեւէ կերպ փորձ չի արել՝ պարզելու` արդյո՞ք այդ քաղաքացին է իր ընտրացուցակում առկա անուն-ազգանունի «տերը», թե ID քարտով ներկայանալն արդեն «մեսիջ» էր, որպեսզի անխոչընդոտ քվեարկության հնարավորություն տան եւ, վերջապես, ո՞րն է ընտրող ներկայացածի իրական բնակության հասցեն:
Ու երբ մեզ հայտնի դարձավ, որ քրգործ է հարուցվել, մտահոգություններ հնչեցին, թե «Ժողովուրդ»-ի հետաքննությունը կարող է «շուռ գալ» լրագրողի դեմ, քանի որ լրագրողին կարող են մեղադրել ապօրինի քվեարկություն իրականացնելու մեջ: Սակայն ՀՀ քրեական օրենսգրքի 153 հոդվածը հստակ սահմանում է, որ «Կեղծ տվյալներ հայտնելու, կեղծ փաստաթուղթ ներկայացնելու կամ որեւէ այլ եղանակով մեկից ավելի անգամ կամ այլ անձի փոխարեն քվեարկելը պատժվում է տուգանքով` նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկից յոթհարյուրապատիկի չափով, կամ ազատազրկմամբ` երկուսից երեք տարի ժամկետով»:
Նկատեցիք` միայն քվեարկելու դեպքում է կիրառելի մեղադրանք տերմինը: Սակայն մեր լրագրողը չի քվեարկել, նշում անգամ չի արել քվեաթերթիկի վրա, ավելին` քվեաթերթիկը՝ որպես փաստացի ապացույց, խմբագրություն է բերել: Սա նույնն է, որ նախապես պլանավորված, համարակալած գումարով կաշառատվության փորձ արվի, ու բացահայտվի գործը, սակայն հանցագործության բացահայտմանը նպաստող անձին մեղադրանք առաջադրվի կաշառատվության հատկանիշներով:
Իսկ մեր նպատակն ընդամենը եղել է այն, որ կոնկրետ օրինակով ցույց տանք, թե ինչպես է աշխատում կեղծիքների մեխանիզմը: Եւ այն ահազանգերը, որ հանձնաժողովների անդամներն իրար հետ պայմանավորվածություն ունեն շատ բաներ չնկատելու վերաբերյալ` հատկապես ID քարտերի մասով, հաստատվեց կոնկրետ օրինակով: Ահա եւ վերջ:

ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ

 

 

 
ԴԱՏԱՎՈՐՆԵՐԸ ՀԱՂԹՈՒՄ ԵՆ
Դեռեւս 2015 թվականի ապրիլին գրել էինք, որ ՀՀ դատավորները, օգտագործելով իրենց մասնագիտական հմտությունները, կարողանում են գործել ճանապարհային ոստիկանության դեմ: Նրանք հակընդդեմ հայցերով հասնում են այն բանին, որ կա՛մ տուգանքների բռնագանձման պահանջով դատարան դիմած ՃՈ-ն հետ է վերցնում իր հայցը, կա՛մ էլ վերանայում է այն: Սակայն այս դեպքը միանգամայն այլ ելք է ունեցել:
Օրինակ` ՀՀ վճռաբեկ դատարանի դատավոր Նախշուն Տավարացյանը 25 հազար դրամ գումար բռնագանձելու հայցին հակընդդեմ հայց էր ներկայացրել ՀՀ վարչական դատարան` պահանջելով ՃՈ-ին հրաժարվել բռնագանձման մասով հայցից: Իսկ ավելի ուշ ճանապարհային ոստիկանությունը հրաժարվել է իր հայցից: Գործը քննող դատավոր Ա. Դարբինյանն էլ կարճել էր գործը:
ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Մխիթար Պապոյանը եւս ՃՈ-ի հետ խնդիրներ էր ունեցել տուգանքի մասով եւ դատարանում հաղթել: «Ժողովուրդ»-ը պարզեց, որ վերոնշյալ դատավորներից բացի՝ ՃՈ-ի հետ խնդիր է ունեցել նաեւ ՀՀ վճռաբեկ դատարանի դատավոր Արտակ Բարսեղյանը: Վերջինս 2014 թվականին դիմել էր ՀՀ վարչական դատարան` հայտնելով, որ ՃՈ ավագ տեսուչ էդուարդ Շահինյանը իրեն տուգանել է 20.000 դրամի չափով, սակայն ինքը տուգանքը համարում է սխալ եւ ներկայացրել է հիմնավորումներ:
Պարզվում է` NISSAN մակնիշի 72ՍT777 համարանիշի տրանսպորտային միջոցը, որը պատկանում է դատավորին, Երեւան, Բաղրամյան-Պռոշյան խաչմերուկի հատվածում խախտել է ճանապարհային երթեւեկության կանոնները: Եվ այդ խախտումը պատճառ է դարձել, որ ՃՈ-ն դիմի դատարան եւ պահանջի դատավորից գանձել 20 հազար դրամ: Դատավորն էլ հակընդդեմ հայցով է դատարան մտել:
Վերջինս դատարանում հայտնել է, թե ինքը խախտում չի իրականացրել, եւ ՃՈ տուգանքը պետք է անվավեր ճանաչել: Գործը նախագահող դատավոր Հրաչ Այվազյանը, շուրջ 5 ամիս քննելով դատավորի եւ ՃՈ-ի միջեւ առաջացած խնդիրը, որոշել է Արտակ Բարսեղյանի հայցն ընդդեմ «Ճանապարհային ոստիկանության» բավարարել: Այսինքն` շուրջ 850 հազար դրամ աշխատավարձ ստացող դատավոր Արտակ Բարսեղյանը ժամանակ չխնայեց եւ ընդամենը 20 հազար դրամի համար շուրջ 5 ամիս «դատարանի դռներն» ընկնելով՝ չվճարեց ՃՈ տուգանքը:
Ի դեպ, ուսումնասիրելով վերջինիս կողմից բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին ներկայացված հայտարարագիրը՝ պարզեցինք, որ 2014 թվականին այդ դատավորի դրամական միջոցները կազմել են 4 միլիոն դրամ եւ 85 հազար ԱՄՆ դոլար: Իսկ 2014 թվականի ընթացքում մոտ 182 միլիոն դրամի ժառանգություն է ստացել` անշարժ գույքի տեսքով:
Բայց, դե, 20 հազար դրամ տուգանքը նրա համար սկզբունքի հարց էր, ինչին դատական իշխանության ներկայացուցիչը հասավ իր սիրելի գործընկերների միջոցով: Իսկ ՀՀ շարքային քաղաքացիները, ցավոք, սուսուփուս վճարում են բոլոր այն տուգանքները, որոնք ներկայացվում են ՀՀ ՃՈ-ի կողմից:

Ք. Մ.

 

 

 

 
ԲԵՐՄԱՆ ԵՆ ԵՆԹԱՐԿԵԼ
«Նոր Հայաստանի»՝ Ազատության հրապարակում անցկացված տեղեկատվական ասուլիսի ավարտից անմիջապես հետո՝ երեկ, ոստիկանությունը բերման է ենթարկել ասուլիսին ներկա «Նոր Հայաստանի» աջակից երիտասարդներից Արսեն Նիկողոսյանին, որը ասուլիսի ավարտից հետո հեռանալիս է եղել հրապարակից: Արսեն Նիկողոսյանը դրանից առաջ հրապարակում նստացույցի մասնակիցների կողմից վրան տեղադրելու փորձի եւ ոստիկանության կողմից խոչընդոտի ժամանակ պահանջել էր ոստիկանությունից այն հիմքերը, ըստ որոնց՝ ոստիկանությունը արգելում էր նստացույցի մասնակիցներին վրան տեղադրել հրապարակում: «Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի «Ընդդիմության միասնական շտաբ»-ը այս կապակցությամբ հանդես է եկել հայտարարությամբ` պահանջելով անհապաղ ազատ արձակել Նիկողոսյանին:

 

ԺԱՄԱՆԱԿԻՑ ՇՈՒՏ
««Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատն իր հեռանկարային ծրագրերի մասին հստակեցումները կանի դեկտեմբերի 11-ին Ազատության հրապարակում անցկացվելիք հանրահավաքին»,- երեկ ասել է «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը: Անդրադառնալով Սերժ Սարգսյանի հայտարարությանը, թե խորհրդարանական համակարգն արդեն իրականություն է, Մարտիրոսյանն ասել է. «Ներկա Սահմանադրությունը հաջորդ տարի ամռանը նոր սկսելու է տարբեր հոդվածների հետ կապված ուժի մեջ մտնել: Դեռ չեմ խոսում այն մասին, որ անցումային փուլը մինչեւ 2018-ն է նախատեսված: Ես իր ելույթը դեռ չեմ կարդացել, բայց մի բան հստակ կարող եմ ասել, որ Սահմանադրությունը ուժի մեջ չի մտել, առավել եւս այն խորհրդարանական չէ, այլ միակուսակցական»:

 

ՎԵՐԱՀԱՇՎՈՒՄ ԵՆ
ԿԸՀ-ն արդեն սկսել է Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեի 78 տեղամասերում քվեարկության արդյունքների վերահաշվարկի աշխատանքները, որոնք կամփոփվեն օրվա ավարտին: «Արմենպրես»¬ին այս մասին երեկ հայտնել է ԿԸՀ մամլո խոսնակ Հերմինե Հարությունյանը: Դեկտեմբերի 7-ին՝ ժամը 12:00-ից մինչեւ 18:00-ն ընկած ժամկետում, սահմանված կարգի համաձայն, հանրաքվեի 11 ընտրատարածքային հանձնաժողովներ ստացել են 78 տեղամասերում ՀՀ Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեի քվեարկության արդյունքների վերահաշվարկի դիմումներ: Իսկ հանրաքվեի 3 ընտրատարածքային հանձնաժողովներ դիմումներ են ստացել 3 տեղամասերի քվեարկության արդյունքներն անվավեր ճանաչելու վերաբերյալ: Հարությունյանի խոսքով` վերահաշվարկի դիմումների գերակշիռ մասը ներկայացվել են Երեւանի տեղամասերից եւ երկուսը մարզերից` 14-րդ եւ 20-րդ ընտրատեղամասերից: Քվեարկության արդյունքներն անվավեր ճանաչելու մասին դիմումներ ստացվել են 4/20, 5/1, 8/25 տեղամասերից: Կենտրոնական ընտրական հանձնաժողովի հաստատած ժամանակացույցի համաձայն՝ ընտրատարածքային հանձնաժողովներում վերահաշվարկի աշխատանքները սկսվում են վերահաշվարկի դիմումների ընդունման համար սահմանված ժամկետի հաջորդ օրը՝ առավոտյան ժամը 9:00-ից, եւ դադարեցվում են քվեարկության օրվանից հետո` 5-րդ օրը՝ ժամը 14:00-ին:

 

ՀԻՄՔԵՐ ՉԻ ՏԵՍՆՈՒՄ
Տարածքային կառավարման եւ արտակարգ իրավիճակների նախարար, «Այո»-ի շտաբի պետի տեղակալ Արմեն Երիցյանը, անդրադառնալով դեկտեմբերի 6-ին կայացած սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի արդյունքներին, հայտարարել է, որ գոհ է հանրաքվեի արդյունքներից եւ համաձայն չէ, որ դրանք անցել են կեղծիքներով: Խոսելով ԵԽԽՎ դիտորդական խմբի եզրակացության մասին, որ այս հանրաքվեն անցել է խախտումներով եւ լեգիտիմ չէ, Երիցյանը նշել է, որ առանց իրավական հիմքերի չպետք է նման հայտարարություններ լինեն:




Լրահոս