Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի՝ Երեւանում արձանագրված արդյունքներն ուսումնասիրելիս նկատում ենք, որ իշխանությունները որքան էլ կաշվից դուրս են եկել, այնուամենայնիվ, նրանց մի կերպ է հաջողվել իրենց համար դրական արդյունք արձանագրել, եւ դրան հատկապես նպաստել է այն հանգամանքը, որ քվեարկությունն ընդամենը երկու շահագրգիռ կողմ է ունեցել:
Փորձենք հասկանալ, թե այդքան լցոնումներից, քվեաթերթիկների տրցակներ գողանալու դեպքերից, բացահայտ ընտրակաշառք բաժանելուց եւ մնացած ընտրակեղծիքներից հետո իշխանություններն ինչպիսի արդյունքներ են արձանագրել Երեւանում, եւ ովքեր են դրանց համար պատասխանատու եղել:
Աջափնյակ վարչական շրջանի տեղամասերում հանրաքվեի քվեարկության արդյունքները այսպիսինն են եղել՝ 21,2 հազար այո եւ 18,9 հազար ոչ: Աջափնյակի վերահսկողության պատասխանատվությունը կրել է ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի ընտանիքը եւ հատկապես նրա ավագ որդին` ՀՀ պետական գույքի կառավարման վարչության պետ Արման Սահակյանը: Իհարկե, Աջափնյակ վարչական շրջանի ղեկավար Արտավազդ Սարգսյանը, որը, ինչպես հայտնի է, ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանի փեսան է, եւս աշխատել է: Չնայած Աջափնյակում ընդհանուր արդյունքներով այո-ն ոչ-ից ավել է եղել, սակայն մի քանի տասնյակ տեղամասերում իշխանությունները ջախջախիչ պարտություն են կրել եւ «հաղթանակը» կարողացել են ապահովել միայն թույլ վերահսկվող տեղամասերի հաշվին:
Ավան վարչական շրջանում սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի արդյունքներով այո-ի քվեները կազմել են 11,8 հազար, իսկ ոչ-ինը` 7 հազար: Այստեղի քվեարկության արդյունքների համար իշխանական օղակի գործիչներից պատասխանատու են եղել Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանը եւ թիվ 1 ընտրատարածքից մեծամասնականով պատգամավոր դարձած Ռոբերտ Սարգսյանը: Վերջինս, ինչպես հայտնի է, Տարոն Մարգարյանի աներորդին է, եւ հատկապես նրա ճակատագիրը կախված է եղել այս քվեարկության արդյունքներից: Ավանի 21 տեղամասերից 6-ում իշխանությունները պարտվել են: Ուշագրավ է այն փաստը, որ միայն երկու տեղամասերում են իշխանությունները «թիվ խփել», մնացածում չնայած «հաղթել» են, բայց արձանագրված ոչ-երի մեծ թվերը չեն կարող նրանց չանհանգստացնել:
Արաբկիր վարչական շրջանում սահմանադրական հանրաքվեի արդյունքներով այո-ի օգտին գրվել է 21,4 հազար քվե, իսկ ոչ-ի ձայները եղել են 20 հազար: Այս վարչական շրջանի արդյունքների համար պատասխանատու պաշտոնյաների ցանկը բավականին երկար է, սակայն նրանցից կարելի է առանձնացնել թիվ 4 ընտրատարածքից պատգամավոր դարձած Արտակ Սարգսյանին` նույն ինքը՝ Սասի Արտակը, Արաբկիր վարչական շրջանի ղեկավար Հրայր Անտոնյանին եւ թիվ 5 ընտրատարածքից պատգամավոր դարձած Արթուր Գեւորգյանին: Այն փաստը, որ ընտրակեղծարարության ողջ համակարգը գործադրելուց հետո Արաբկիրում իշխանություններին ընդամենը 1500 ձայնի տարբերությամբ է հաջողվել «հաղթել», պատասխանատուների համար ոչ մի լավ հեռանկար չի խոստանում:
Դավիթաշենում սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի արդյունքները այսպիսինն են եղել՝ այո՝ 10,2 հազար, ոչ՝ 6 հազար: Այստեղ եւս պատասխանատվությունը կիսվել է: Վարչական շրջանի ղեկավար Ռուսլան Բաղդասարյանը եւ նույն Արթուր Գեւորգյանը, քանի որ թիվ 5 ընտրատարածքը Արաբկիրի մի մասից բացի՝ իր մեջ ներառում է նաեւ Դավիթաշենը: Գեւորգյանը, ինչպես հայտնի է, ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի փեսան է:
Էրեբունիում սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի պաշտոնական արդյունքներով՝ այո-ի օգտին գրվել է 21 հազար քվե, իսկ ոչ-ի ձայները եղել են 17,6 հազար: Էրեբունի վարչական շրջանի համար, ինչպես միշտ, հիմնական պատասխանատվությունը կրել է թիվ 13 ընտրատարածքից պատգամավոր դարձած Մհեր Սեդրակյանը: Նրան օգնողի կարգավիճակում եղել է Էրեբունի վարչական շրջանի ղեկավար Արմեն Հարությունյանը եւ թիվ 11 ընտրատարածքից պատգամավոր դարձած Գրիգոր Մարգարյանը` Բելաջոյի Գրիշը: Ի դեպ, Արմեն Հարությունյանը, ինչպես հայտնի է, Մհեր Սեդրակյանի քրոջ փեսան է եւ հենց այդ գործոնի շնորհիվ է իր ներկայիս պաշտոնը ստացել: Իսկ Նուբարաշեն վարչական շրջանի պատասխանատվությունը սովորաբար դրվում է հենց Էրեբունու «թիվ ապահովողների» վրա:
Կենտրոնը Երեւանի միակ վարչական շրջանն է, որտեղ իշխանությունները փաստացի կատարյալ են ձախողվել: Սահմանադրական հանրաքվեի արդյունքներով այո-ի օգտին կարողացել են գրել 18 հազար քվե՝ 20,1 հազար ոչ-ի դիմաց: Կենտրոնի համար, բնականաբար, բազմաթիվ պաշտոնյաներ են պատասխանատվություն կրել, սակայն «հրամանատարը» եղել է ՀՀ ՏԿ նախարար Գագիկ Բեգլարյանը, իսկ նրան այդ գործում օգնել են Կենտրոն վարչական շրջանի ղեկավար Արա Սադոյանը` եղբոր թիվ 9 ընտրատարածքից պատգամավոր դարձած Ռուբեն Սադոյանի հետ միասին: Ինչպես նաեւ թիվ 10 ընտրատարածքից պատգամավոր դարձած Գարեգին Նուշիկյանը, որը, ինչպես հայտնի է, ՔԿ նախագահ Աղվան Հովսեփյանի խնամին է:
Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի հիմնական պատասխանատուն թիվ 7 ընտրատարածքից պատգամավոր դարձած Սամվել Ալեքսանյանն է: Իհարկե, նրան այդ գործում օգնել են տարբեր պաշտոններում նշանակված նրա ազգականները, օրինակ՝ թիվ 8 ընտրատարածքից պատգամավոր դարձած Կորյուն Նահապետյանը, Մալաթիա-Սեբաստիայի վարչական շրջանի ղեկավար Արտակ Ալեքսանյանը: Վերջինս, ինչպես հայտնի է, Սամվել Ալեքսանյանի եղբոր որդին է: Այս համայնքում այո-ն ստացել է 30 հազար 167 քվե, իսկ ոչ-ը` 17.779:
Նոր Նորք եւ Նորք-Մարաշ վարչական շրջաններում սահմանադրական հանրաքվեի արդյունքները համապատասխանաբար այսպիսինն են եղել` այո՝ 23,4 եւ 3,2 հազար, ոչ-ը՝ 20,1 եւ 2,1 հազար: Այս վարչական շրջանների արդյունքների պատասխանատվությունն հիմնականում վերապահված է եղել Նոր Նորքի վարչական շրջանի ղեկավար Արմեն Ուլիխանյանին: Թիվ 2 ընտրատարածքից պատգամավոր դարձած Սամվել Ֆարմանյանն ըստ էության ոչինչ չի արել` ձայն բերելու իմաստով: Եւ միայն Ուլիխանյանն ու պատգամավոր Մկրտիչ Մինասյանը մի կերպ են կարողացել այս ցուցանիշն ապահովել:
Շենգավիթում սահմանադրական փոփոխություններն անցկացնելու համար պատասխանատուներից թերեւս միայն առանձնացնենք վարչական շրջանի ղեկավար Արմեն Սարգսյանին: Սակայն նրանից բացի՝ Շենգավիթի համար պատասխանատվություն են կրել նաեւ ԱԺ պատգամավոր Գրիգոր Մարգարյանը, քանի որ թիվ 11 ընտրատարածքն իր մեջ ներառում է նաեւ Շենգավիթի մի մասը, ինչպես նաեւ ԲՀԿ-ական Հարություն Ղարագյոզյանը` կարամելի Հարութը: Իշխանությունները Շենգավիթում հետեւյալ արդյունքներն են գրել` այո-ն՝ 27,3 հազար, իսկ ոչ-ը` 19,5 հազար:
Քանաքեռ-Զեյթունում «թիվ գրելու» գործընթացի հիմնական պատասխանատվությունը կրել են վարչական շրջանի ղեկավար Արտակ Հովհաննիսյանը, թիվ 3 ընտրատարածքից պատգամավոր դարձած Արթուր Ստեփանյանը եւ վերջինիս հովանավոր, ՀՀ գլխավոր հարկադիր կատարող Միհրան Պողոսյանը: Նրանց գլխավորած ընտրակեղծարարները Քանաքեռ-Զեյթունում կարողացել են ապահովել հետեւյալ արդյունքները` այո՝ 16,5 հազար, ոչ՝ 10,6 հազար:
վարչ.շրջ Այո Ոչ
Աջափնյակ 21 230 18 915
Ավան 11 858 6 979
Արաբկիր 21 425 19 934
Դավիթաշեն 10 219 5 932
Էրեբունի 21 041 17 577
Կենտրոն 17 944 20 910
Մալ.-Սեբ. 30 167 17 779
Նոր Նորք 23 405 20 099
Նորք-Մարաշ 3 243 2 070
Նուբարաշեն 3 053 1 374
Շենգավիթ 27 340 19 515
Քան.-Զեյթուն 16 510 10 591
ընդ. 207 հազ. 161 հազ.
ՎԱՀԱԳՆ ՀՈՎԱԿԻՄՅԱՆ
ԴԺԳՈՀ ԵՆ
Վանաձորի բնակիչ, 1978թ. ծնված Գարեգին Էմինյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա նախապես համաձայնության գալով Վանաձորի բնակիչներ, 1986թ. ծնված Գարիկ Ղուկասյանի եւ 1968թ. ծնված Միսակ Հովակիմյանի հետ՝ 2014թ. հուլիսի լույս 8-ի գիշերը՝ ժամը 04.30-ի սահմաններում, Տավուշի մարզի Այրում քաղաքում բռնություն գործադրելու միջոցով փորձել է առեւանգել իր նախկին կնոջը՝ 1990թ. ծնված Ռ. Ս.-ին:
Դա կատարել են կնոջը տուն վերադարձնելու նպատակով, սակայն հանդիպելով վերջինիս, նրա մոր եւ հարեւանուհու դիմադրությանը՝ հանցագործությունն ավարտին չեն հասցրել եւ դիմել են փախուստի: Երեքին էլ մեղադրանք է առաջադրվել ՀՀ քր. օրենսգրքի 34-131 հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով (Մարդուն առեւանգելու փորձը, որը կատարվել է մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ): Նրանց նկատմամբ խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը: Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանում 3 ամբաստանյալներն էլ իրենց մեղավոր չեն ճանաչել:
Դատարանը գտել է, որ նրանց առաջադրված մեղադրանքը ճիշտ չի որակվել, նրանց կատարած արարքը համապատասխանում է ոչ թե ՀՀ քր. օրենսգրքի 34-131 հոդվածի 2-րդ մասի 1-ին կետին, այլ նույն հոդվածի 1-ին կետին (Մարդու առեւանգելու փորձը, որ կատարվել է մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ): Դատարանը նման հետեւության է եկել՝ նկատի ունենալով, որ վարույթ իրականացնող մարմինը չի ապացուցել նույն հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով նախատեսված՝ մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ առեւանգման փորձ կատարելը եւ դատարանում նման տվյալներ ձեռք չեն բերվել: 2015 թ. հոկտեմբերի 20-ին Բերդ քաղաքում Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանի դատավոր Զոյա Զաքինյանը վճռել է Գ. Էմինյանին, Գ. Ղուկասյանին եւ Մ. Հովակիմյանին ՀՀ քր. օրենսգրքի 34-131 հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով առաջադրված մեղադրանքը վերաորակել ՀՀ քր. օրենսգրքի 34-131 հոդվածի 1-ին մասով եւ նրանցից յուրաքանչյուրին դատապարտել ազատազրկման 2 տարի ժամկետով:
Դատավորը վճռել է կիրառել ՀՀ քր. օրենսգրքի 70-րդ հոդվածը եւ նրանց հանդեպ նշանակված պատիժները պայմանականորեն չկիրառել՝ փորձաշրջան նշանակելով մեկ տարի ժամկետով: Դատավորը նաեւ լրացուցիչ որոշում է ընդունել, որով ՀՀ քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչության պետի ուշադրությունն է հրավիրել մինչդատական վարույթի ընթացքում թույլ տրված էական խախտումների վրա: Միսակ Հովակիմյանի պաշտպան Ալեքսանդր Ծատինյանը վերաքննիչ բողոք է ներկայացրել, որով խնդրել է բեկանել եւ փոփոխել Տավուշի մարզի առաջին ատյանի ղատարանի վճիռը, արդարացնել Միսակ Հովակիմյանին եւ ճանաչել անպարտ: Նույն դատավճռի դեմ ներկայացրած վերաքննիչ բողոքով Տավուշի մարզի դատախազի տեղակալ Ներսես Չիլինգարյանը խնդրել է բեկանել Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանի վճիռը եւ Գ. Էմինյանի, Գ. Ղուկասյանի, Մ. Հովակիմյանի նկատմամբ ՀՀ քր. օրենսգրքի 34-131 հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով նշանակել ազատազրկման ձեւով համաչափ պատիժներ: Վերաքննիչ բողոքները դեռեւս չեն քննվել:
ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ
Տավուշ