«Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ վերջին օրերին ՀՀ Արմավիրի մարզի Էջմիածնի տարածաշրջանի մի շարք գյուղերում անասունները հիվանդանում են: Այդ գյուղերն են՝ Մարգարան, Լուսագյուղը, Ապագան, Ջրառատը եւ այլն: Տեղի բնակիչների համոզմամբ՝ անասունների մոտ արձանագրվածը դաբաղ հիվանդությունն է: Սակայն բնակիչների փոխանցած տեղեկությունները ՀՀ գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի ավտանգության պետական ծառայությունը չի հաստատում:
Նշենք, որ դաբաղը ընտանի կենդանիների խիստ վարակիչ, սուր ընթացքով վիրուսային հիվանդություն է, որը բնորոշ է տենդով եւ բերանի խոռոչի լորձաթաղանթների, մաշկի եւ վերջավորությունների խոցային (աֆտա) ախտահարումներով: Առավել զգայունակ են խոշոր եղջերավոր կենդանիները եւ խոզերը, ոչխարները, այծերը: Կան տվյալներ շների եւ կատուների վարակելիության մասին: Հիվանդության հարուցիչի աղբյուրը հիվանդ եւ վիրուսակիր կենդանիներն են: Ի դեպ, վերջիններիս օրգանիզմում վիրուսը պահպանվում է ավելի քան 400 օր: Դաբաղի վիրուսը կաթի մեջ 65C ջերմաստիճանի պայմաններում ակտիվազրկվում է 30 րոպեում, 70C-ում՝ 15 րոպեում, իսկ 80-100C-ում՝ մի քանի վայրկյանում: Սպանդի ենթարկված կենդանիների մսեղիքում կաթնաթթվի ազդեցության տակ վիրուսն ակտիվազրկվում է: Աղ դրված եւ ապխտած մթերքներում դաբաղի վիրուսը պահպանվում է 50 օր: Թույլատրվում է օգտագործել դաբաղով հիվանդ կենդանու մսամթերքը եւ կաթը միայն ջերմային մշակման ենթարկելուց հետո:
Ի դեպ, դաբաղ հիվանդության նկատմամբ ընկալունակ են նաեւ մարդիկ, հատկապես՝ երեխաները: Վիրուսի փոխանցում կարող է կատարվել նաեւ մարդկանց եւ այլ՝ մեխանիկական միջոցներով: Դաբաղից անկած կենդանիների դիակները ոչնչացնում են, կաթը՝ վնասազերծում ջերմային մշակմամբ:
ՀՀ Արմավիրի մարզի մի շարք գյուղերում այս օրերին բնակիչները նույնիսկ անասնաբույժին չեն թողնում մտնել իրենց անասնագոմ: Օրինակ՝ Լուսագյուղի բնակիչները կարծում են, որ անասնաբույժը կարող է վարակի աղբյուր լինել, քանի որ անասնաբույժը օրվա մեջ տարբեր անասնագոմեր է մտնում, ուստի կարող է վարակը մի անասնագոմից մեկ այլ անասնագոմ տեղափոխել: Բացի այս՝ նրանք պատմեցին, որ իրենց անասուններին բիցիլին կոչվող դեղամիջոց են ներարկել՝ այդ կերպ փորձելով կանխել հիվանդությունը: Դրա արդյունքում, սակայն, այդ օրերին տարածաշրջանում գտնվող գրեթե բոլոր անասնաբուժական դեղատներում վերոնշյալ դեղամիջոցը դժվարությամբ է գտնվել, քանի որ սպառումը մեծ է եղել:
«Ժողովուրդ»-ը զրուցեց Էջմիածնի տարածաշրջանի Ջրառատ համայնքի ղեկավար Սամվել Գալստյանի հետ, ով փոխանցեց հետեւյալը. «Մեր գյուղում պաշտոնապես չի գրանցվել դաբաղ հիվանդություն: Թեեւ անասունները տաքություն են ունենում, բայց մարդիկ այդ ուղղությամբ աշխատում են, դեղեր են ներարկում: Հուսով ենք, որ շուտով վիճակը կլավանա»: Գյուղապետը վստահեցրեց, որ անասունի անկման դեպքեր չեն գրանցվել, քանի որ ջրառատցիները զգոն են:
Իսկ, ահա, Մարգարայի գյուղապետ Խաչատուր Աստարյանը տեղեկացրեց, որ գյուղում արդեն ավարտում են անասունների հիվանդության դեմ պատվաստման միջոցառումները: «Այս սեզոնին կրկնակի պատվաստեցինք: Փառք Աստծո, անասունի անկման դեպք չի գրանցվել: Կարելի է ասել, որ հիվանդությունը արդեն հետ է նահանջում»,- լրացրեց Մարգարայի գյուղապետը:
Արմավիրի մարզի գյուղերում ստեղծված իրավիճակի շուրջ մեկնաբանություն ստանալու նպատակով «ժողովուրդ»-ը զրուցեց ՀՀ գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայության անասնաբուժության տեսչության պետ Հովհաննես Մկրտչյանի հետ: Վերջինս վստահեցրեց, որ ՍԱՊԾ-ն տեղյակ է եւ իրավիճակը վերահսկում է: «Այստեղ ոչ թե հիվանդության, այլ հիվանդության դեմ կանխարգելիչ աշխատանքներ տանելու մասին է խոսքը: Բանն այն է, որ Թուրքիայի Հանրապետության որոշ նահանգներում վերջերս պարբերաբար գրանցվեցին դաբաղ հիվանդության դեպքեր: Եւ քանի որ Թուրքիան շատ մոտ է մեր սահմանին, եւ այդ հիվանդությունն էլ օդակաթիլային եղանակով փոխանցվող հատուկ վտանգավոր հիվանդությունների ցանկում է, դրա համար որոշեցինք սահմանամերձ գյուղերում իրականացնել կանխարգելիչ միջոցառումներ: Այսինքն՝ անասնագլխաքանակը եւս մեկ անգամ պատվաստվեց դաբաղ հիվանդության դեմ: Ռիսկը բարձր գնահատելով եւ այդ հիվանդության ներթափանցումը կանխելու նպատակով՝ հարակից համայնքներում իրականցվում են դաբաղի դեմ կանխարգելիչ պատվաստումներ»,-պարզաբանեց մասնագետը՝ ընդգծելով, որ նմանատիպ գյուղերի թիվը 22-ն է: Նա հավաստիացրեց, որ ոչ հիվանդության եւ ոչ էլ անասունների անկման արձանագրված դեպքեր չկան: Նկատենք, սակայն, որ նշված համայնքների բնակիչները հակառակն են պնդում եւ այս ընթացքում փորձում են իրենք իրենց ուժերով պայքարել դրա դեմ:
Հավելենք, որ մոտ 7 տարի է, ինչ Հայաստանից դեպի ՌԴ մսամթերք չի արտահանվում, քանի որ ՀՀ-ն խոցելի է այնպիսի հիվանդությունների նկատմամբ, ինչպիսիք են խոզերի աֆրիկյան ժանտախտը եւ դաբաղը: Նախկինում ռուսական կողմը պնդում էր, որ Հայաստանում ընտանի կենդանիների շրջանում դաբաղի առկայություն կա, մինչդեռ հայ մասնագետների հավաստիացմամբ՝ այդ հիվանդությունը ՀՀ-ում վաղուց չկա: Սակայն այսօր կարծես թե արմավիրցիները պայքարում են հենց այս հիվանդության դեմ:
ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ
ԻԼԻՊ-Ի ԱՄՍԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԸ
«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման ամսական եկամուտները կազմում են 80 միլիոն դոլար: Նման եզրահանգման են եկել ամերիկյան «HIS» հետազոտական կենտրոնի վերլուծաբանները: РИА Новости-ի փոխանցմամբ` եկամուտների մոտ 50 տոկոսը ստացվում է ահաբեկիչների կողմից վերահսկվող տարածքներում առեւտրային գործունեությունից: Եվս 43 տոկոսը ստացվում է նավթի առեւտրից: «Մնացած մասը ստացվում է թմրանյութերի անօրինական վաճառքից, էլեկտրաէներգիայի մատակարարումից»,-նշել է կենտրոնի ներկայացուցիչը: Դեկտեմբերի 5-ին The Washington Post-ը հայտնել էր իսլամիստների ֆինանսական խնդիրների մասին Սիրիայում եւ Իրաքում գրավված տարածքների կորստի պատճառով: Ընդ որում, ԱՄՆ պետդեպարտամենտում հայտնել էին, որ նավթի վաճառքից խմբավորման եկամուտները կազմել են օրական 1-1,5 միլիոն դոլար: ՌԴ ՊՆ տվյալների համաձայն՝ նավթի վաճառքից իսլամիստների եկամուտները կազմել են տարեկան մոտ 2 միլիարդ դոլար:
ԱՐՏԱԿԱՐԳ ՎԱՅՐԷՋՔ
Նախօրեին Air France-ի ինքնաթիռը, որը թռիչք էր իրականացնում Սան Ֆրանցիսկոյից Փարիզ, ստիպված է եղել արտակարգ վայրէջք կատարել Մոնրեալում ինքնաթիռում եղած պայթուցիկ սարքի մասին անանուն սպառնալիքների պատճառով, հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը: AF083 չվերթը հաջողությամբ վայրէջք է կատարել Մոնրեալում, տեղի ժամանակով կեսգիշերի սահմաններում: Ինչպես ասվում է ավիաընկերության հաղորդագրությունում՝ վայրէջքից հետո ինքնաթիռը պետք է ստուգվի անվտանգության ծառայությունների կողմից, կատարվելու է ուղեւորների ուղեբեռի զննություն: Տեղի իշխանությունները կանցկացնեն հետաքննություն, որպեսզի պարզեն, թե ովքեր են եղել անանուն հաղորդագրության հեղինակները:
ՓՈԽՀԱՏՈՒՑԵՑԻՆ
Դեկտեմբերի 8-ին «Արդշինբանկի» Նոյեմբերյանի մասնաճյուղում մեծ հերթեր էին գոյացել: Նոյեմբերյանի տարածաշրջանի համայնքների՝ Նոյեմբերյան քաղաքի Ոսկեվանի, Բաղանիսի, Բարեկամավանի, Ոսկեպարի բնակիչներն այդ բանկից ստանում էին նոյեմբերի 12-ի ուժգին քամուց կրած վնասների փոխհատուցման գումարները: Նոյեմբերի 12-ին այդ համայնքներում վնասվել էին տների ու շինությունների տանիքների թիթեղյա եւ ազբոշիֆերի ծածկեր, դռներ եւ լուսամուտներ: Զարմանալի է, որ քամու պատճառած վնասների փոխհատուցման գումարները պետական բյուջեից այդքան արագ տրվեցին: Շատերի համոզմամբ՝ դա կապված է դեկտեմբերի 6-ի սահմանադական փոփոխությունների հանրաքվեի դրական արդյունքի ապահովման հետ: Նշենք, որ այս տարվա հուլիսին Նոյեմբերյանի տարածաշրջանի սահմանամերձ Կոթի գյուղում, ադրբեջանական գնդակոծությունների պատճառով, առանց հնձելու է մնացել 22 հա ցորենի արտ: Դրա դիմաց պետական բյուջեից պետք է չհնձված արտերի տերերին փոխհատուցվեր 10.5 միլիոն դրամ, սակայն այդ գումարը մինչ օրս չի տրվել:
ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ
Տավուշ