«Երկունք» (1976թ.), «Նահապետ» (1977թ.), «Խնձորի այգին» (1985թ.), «Լռության սիմֆոնիա» (2001թ.), «Յարխուշտա» (2005թ.) եւ մի շարք այլ ֆիլմերից, ինչպես նաեւ «Հանուն սիրո», «Մեր գյուղը» սերիալներից հայտնի դերասանուհի Սոֆիկ Սարգսյանը, որին շատերը մինչեւ օրս էլ կոչում են «Նահապետ»-ում կերտած իր հերոսուհու` Նուբարի անունով, անկեղծ զրույց է ունեցել «Ժողովուրդ»-ի հետ: Նա այժմ դասավանդում է Երեւանի թատրոնի եւ կինոյի պետական ինստիտուտում եւ իր պարտքն է համարում ուսանողներին փոխանցել այն ժառանգությունը, որն ինքը ստացել է մեր մեծերից:
-Տիկի՛ն Սոֆիկ, ինչո՞ւ վերջին շրջանում Ձեզ նոր ֆիլմերում, սերիալներում չենք տեսնում:
-Այս տարի հասցրեցի նկարահանվել միայն մի տեսահոլովակում ու վերջ: Բայց նույնիսկ այդ աշխատանքին մեծագույն պատասխանատվությամբ եմ մոտեցել, կարծում եմ` լավ է ստացվել: Մի քանի առաջարկներ եմ ստացել, որոնք մերժել եմ, օրինակ` «Բախտաբեր» սերիալից ինձ կանչեցին, ես չընդունեցի հրավերը, եւ, կարծում եմ, ճիշտ արեցի, քանի որ կապել ինձ սերիալի հետ այլեւս չեմ ուզում:
-Դուք աշխատել եք ռեժիսորներ Հենրիկ Մալյանի, Ֆրունզե Դովլաթյանի, օպերատորներ Սերգեյ Իսրայելյանի, Ալբերտ Յավուրյանի եւ այլ մեծերի հետ: Հիմա երիտասարդ մասնագետների հետ ընդհանուր հայտարարի գալի՞ս եք:
-Ես ինչ էլ անելու լինեմ, ոչ միայն երախտապարտ, այլեւ հաշվետու եմ Մալյանին: Նա «տեղյակ է»` ես ինչ եմ անում, ինչպես եմ անում: Նրա բացակայությունը, որպես այդպիսին, ինձ համար գոյություն չունի: Ներկայիս ռեժիսորների, օպերատորների հետ աշխատելիս երբեմն մի քիչ կոպիտ եմ խոսում, բայց բացատրում եմ, որ ինձ համար դժվար է այդ մեծերից հետո… Այդ պահին դիտողություն եմ անում, իրենք հասկանում են, կարող է` նկարահանումից հետո մոտենան, ասեն՝ տիկի՛ն Սոֆիկ, կներեք: Չափանիշներ կան, որոնք մենք տեսել ենք, ու դրանից հետո աշխատելն ավելի է դժվարացել: Ես աշխատում եմ երիտասարդներին, իմ ուսանողներին ծանոթացնել իմ ունեցած օրինակների հետ:
-Չե՞ք կարծում, որ մեր կինոյի, թատրոնի հսկաների դրած նշաձողը բավական բարձր է, ուստի նրանց հաջորդած սերնդի ներկայացուցիչների համար դժվար է դրան հասնելը, ուր մնաց անցնելը:
-Գիտեք՝ երիտասարդ սերունդը մեղավոր չէ. նա հայտնվեց բոլորովին ուրիշ ժամանակաշրջանում, երբ առկա են պատերազմի վտանգ, սոցիալական խնդիրներ: Իսկ այդ մեծերը ստեղծագործում էին այլ պայմաններում, մի ժամանակահատվածում, երբ առանձնապես մտածելու բան չկար, նրանք ուրախ են ապրել, եւ եթե այն ժամանակ ավտոբուսներով մարզերի ժողովրդին բերում էին թատրոն, դահլիճում ազատ տեղ չէր մնում, ապա հիմա ստեղծագործողի համար թիվ մեկ խնդիրն այն է, թե ինչպես անի` դահլիճը լցնի: Բայց, փառք Աստծո, մենք ունենք, օրինակ, Սամվել Սարգսյան, Միքայել Պողոսյան, Խորեն Լեւոնյան, Լուիզա Ղամբարյանը, որը, ի դեպ, աստիճանաբար ավելի հետաքրքիր է աշխատում ե՛ւ թատրոնում, ե՛ւ էկրանին:
-Դուք կնոջ զարմանալի տեսակ եք, որին մարդիկ երբեք չեն տեսել պճնված, զարդարված, շքեղ հագուստով կամ անգամ չնչին դիմահարդարմամբ: Արդյո՞ք դերասանուհին կարող է իրեն նման բան թույլ տալ:
-Ես այդ առումով եզակի տեսակ եմ: Իմ տարիքայինների մեջ միակն եմ, որ արտաքինի հետ կապված ոչ մի փոփոխության չի դիմել: Ինձ համար բնությունն առաջին տեղում է, եւ շատ ավելի հետաքրքիր է դերասանի ներքինը: Եթե թատրոնում կարող ես արտաքինիդ մեծ ուշադրություն դարձնել, ապա կինոյում, եթե մի փոքր էլ չափն անցար, դա չի ընդունվի: Շատերն ասում են, թե ինչու մազերս չեմ ներկում. ես էլ այս տեսակն եմ, որոշել եմ մնալ այնպիսին, ինչպիսին ինձ ստեղծել է բնությունը, հլը «չներկվեմ», տեսնեմ` հնարավո՞ր է այդպես դերասանուհի լինել (ծիծաղում է):
-Մի անսովոր սովորություն էլ ունեք. բջջային հեռախոս չեք պահում…
-Այո՛, համակարգչից էլ ոչինչ չեմ հասկանում. այդպես այնքա՜ն հանգիստ ու երջանիկ եմ, բոլորը նախանձում են ինձ (ծիծաղում է): Ես ո՛չ սուրճ եմ խմում, ո՛չ ծխում եմ, ո՛չ հեռախոս եմ պահում. աշխատում եմ որեւէ բանից կախվածություն չունենալ: Միակ կախվածությունը, որ ունեմ, թատրոնից է: Առհասարակ, իմ «թուլությունները» հոգեւոր բնույթի են, օրինակ` Մայա Պլիսեցկայան. նա աշխարհի 8-րդ հրաշալիքն էր ինձ համար, մեծագույն պարուհի, որի կողքին երկրորդ մեկին չեմ տեսնում: Նրա նկատմամբ իմ սերը մանկուց է գալիս: Ես փոքր եմ եղել, երբ մայրս տարել է ինձ օպերա, այդ ժամանակ Պլիսեցկայան եկել էր Երեւան, պարզվում է` ես տեսել եմ նրա դերապարը «Բախչիսարայի շատրվանում»: Այդ օրվանից բեմը, թատրոնը ինձ համար դարձել է պաշտելի մի բան, ես ապրել եմ արվեստի պարգեւած «հոգեւոր ցնցումը»: Առաջին ցնցումը ունեցել եմ հենց Պլիսեցկայայից, հետո նման մի ցնցում ապրել եմ Հրանտ Մաթեւոսյանի գրականությունից. ուսանող էի, այնպես էի տպավորվել, որ իրերս հավաքել, տանից գնացել էի, մի քանի օր ընկերուհուս մոտ ապրեցի: Հաջորդ ցնցումները ապրել եմ Մարկեսի գրականությունից, Տարկովսկու ֆիլմերից, Ազնավուրի երգերից. հավերժ նրա գերին եմ: Հասկանո՞ւմ եք, թե դա ինչ գերագույն բան է, երբ արվեստը կարող է ցնցել…
-Դուք ասացիք, որ Ձեր միակ կախվածությունը թատրոնից է, բայց, որքանով տեղյակ ենք, թատրոնում չեք խաղում…
-Ցավոք սրտի, ես հիմա բեմում չկամ, ու ոնց որ իմ մի թեւը չլինի, կեսս չլինի: Բայց ի՞նչ անեմ, այդպես ստացվեց: Թատրոնում մնալու համար էլ երեւի հատուկ բնավորություն է պետք, դժվար է… Ես չգիտեմ` որտեղ կարող եմ լրացնել այդ բացը: Միակ թատրոնը, որտեղ կարող էի լինել, Հ. Մալյանի անվան թատրոնն է, այն էլ, ցավոք, արդեն մեծացել եմ… Բայց բեմում լինելու ցանկությունս մեծ է…
«ՊԱՐԶ Է, ՈՐ ՇԱՏ ՉՈՒԶՈՂՆԵՐ ԿՈՒՆԵՆԱՄ»
Նախօրեին երգիչ Նարեկ Մակարյանին կողոպտել են: Վերջինս «Ժողովուրդ»-ին տեղեկացրեց, որ ջարդելով իր մեքենայի պատուհանը` գողերը տարել են Նարեկի մի շարք կարեւոր փաստաթղթեր, այդ թվում` վարորդական իրավունքի վկայականը, տեխանձնագիրը, բանկային քարտերը, շուրջ 200 ԱՄՆ դոլար եւ որ երգչի համար ամենաարժեքավորն է` կրիչները (ֆլեշ), որոնցում պահվում էին Նարեկի երգերը, գործիքավորումները, ինչպես նաեւ՝ գործեր, որոնք ստեղծման փուլում էին:
«Ես ինչ-որ կասկածներ չունեմ, բայց չեմ էլ կարող ասել, որ բոլորն իմ լավն են կամենում, կարծում եմ` հասկանում եք, որ ես շոու-բիզնեսում եմ, եւ պարզ է, որ շատ «չուզողներ» կունենամ: Շատ տարօրինակ է, որ կողոպտիչները գումարից բացի տարել են նաեւ այլ կարեւոր իրեր: Հարց է ծագում` եթե սա սովորական գողերի ձեռքի գործ է, նրանց ինչի՞ն են պետք այդ փաստաթղթերն ու կրիչները»,-տարակուսեց Նարեկը:
Նա պատմեց, որ մոտավորապես այն ժամերին, երբ տեղի է ունեցել կողոպուտը, ինքը տանը չի եղել, տաքսիով գնացել է հյուրանոց եւ հանդիպել իր նախկին պրոդյուսերի հետ. «Մի քանի չլուծված հարցեր ունեինք, դրանք լուծելու համար տեսնվեցինք»: Երգչի խոսքով` իր մեքենան արդեն երկու ամիս է` վթարված է եւ կանգնած է նույն տեղում: Առաջինը նրա մայրն է նկատել, որ մեքենայի ապակիները չկան. «Նրան թվացել էր, թե ես մեքենայիս պատուհանը բաց եմ թողել, այնինչ՝ կողոպտիչները դրանք ջարդել էին, հավանաբար, մետաղական իրով խփել են պատուհանիս, մեքենայի վրա երեւում են քերծվածքները»,-ասաց նա:
Մեր այն հարցին, թե արդյոք Նարեկն ունի թշնամիներ, վերջինս պատասխանեց. «Ինքս որեւէ մեկի նկատմամբ թշնամանք չեմ տածում, բայց իմ հանդեպ գուցե մարդիկ կան, որ թշնամանք ունեն… Չգիտեմ… Ամեն դեպքում սա մարդկային քայլ չէ. եթե ինչ-որ մեկն իմ դեմ որեւէ բան ունի, թող կանգնի իմ դիմաց ու արտահայտվի»:
Երգիչն այս միջադեպի մասին տեղեկանալով` անմիջապես դիմել է ոստիկանություն. «Մատնահետքերի փորձաքննությունն ընթացքի մեջ է, մինչեւ վերջ պայքարելու եմ` գողերին գտնելու համար: Դա ինձ համար սկզբունքի հարց է»,-եզրափակեց Նարեկը:
Նյութերը՝ ԱՆՆԱ ԲԱԲԱՋԱՆՅԱՆԻ
ԱՄՈՒՍՆԱՑԵԼ Է
WBO վարկածով աշխարհի չեմպիոն Արթուր Աբրահամը հերթական մենամարտից հետո ժամանել է Հայաստան. այստեղ նա անցկացնելու է իր արձակուրդը:
Պատասխանելով լրագրողների այն հարցին, թե արդյոք իր անձնական կյանքում գրանցվել է որեւէ փոփոխություն, նա պատասխանել է. «Արդեն վեց ամիս է` ամուսնացել եմ: Կնոջս անունը Մերի է, նա ԵՊՀ-ի ուսանողուհի է: Սա իմ անձնական կյանքն է, դրա համար էլ երբեք չեմ սիրել բարձրաձայնել»: Նշենք, որ Արթուրի ամուսնության մասին «Ժողովուրդը» տեղեկարցել էր դեռ ամիսներ առաջ:
Արթուր Աբրահամն ընտանիքի հետ մոտ չորս շաբաթ կմնա Հայաստանում:
ԱՇԽԱՏԱՆՔԻՑ ԱԶԱՏՎԵԼ Է
Հանրային ռադիոյի տնօրեն Արմեն Ամիրյանը աշխատանքից ազատվելու դիմում է ներկայացրել եւ մասնակցելու է Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի անդամի թափուր պաշտոնի համար հայտարարված մրցույթին: Այս մասին հայտարարել է Ամիրյանը` ֆեյսբուքյան իր էջում կատարած գրառմամբ: «Հայաստանի հանրային ռադիոյի սիրելի աշխատակիցներ, 1997 թվականից սկսած, իսկ շատերի հետ դեռեւս հեռուստատեսությունում աշխատանքի տարիներից, անցել ենք երկար ճանապարհ: Այդ ճանապարհին արձանագրել ենք բազմաթիվ ձեռքբերումներ, ստացել ենք մրցանակներ, պարգեւներ, արժանացել ենք մեր ունկնդրի ջերմ ու շնորհակալ գնահատականին, ունեցել ենք ոգեւորության, երբեմն էլ հիասթափության շրջաններ: Շուրջ 19 տարի մենք ապրել ենք նաեւ ընտանիքի պես…Հույս ունեմ, որ մեր աշխատանքային սկիզբը կունենա ոչ թե ավարտ, այլ շարունակություն` մի փոքր այլ ձեւաչափի մեջ»,- գրել է Ամիրյանը:
ԵՐՋԱՆԻԿ ԶՈՒԳԱԴԻՊՈՒԹՅՈՒՆ
Ինչպես հայտնի է՝ օրերս ամերիկյան ռեալիթի շոուների աստղ, մեր հայրենակից Քիմ Քարդաշյանը եւ ռեփեր Քանյե Ուեսթը որդի են ունեցել: Նրանք իրենց տղային անվանակոչել են Սեյնթ Ուեսթ (Սուրբ Ուեսթ)։ Իսկ այս անունը, պարզվում է, հասցրել է իրարանցում առաջացնել: Ինչպես հայտնում է NEWS.am STYLE-ը` հղում անելով TMZ-ին, Սան Դիեգոյում Սեյնթ Ուեսթ (Saint West Filmworks) անունով կինոընկերություն կա, որը SaintWest.com դոմենի ու տվյալ անունը լրատվական դաշտում օգտագործելու բոլոր իրավունքների սեփականատերն է: Այսինքն` Քիմն ու Քանյեն ապագայում չեն կարողանա որդու համար վեբ կայք բացել, քանի որ այդ անվան տակ արդեն դոմեն կա: Ընկերության հիմնադիր Մեթ Ջենսոնը հայտնել է, որ շատ շոյված է, որ Քիմն ու Քանյեն իրենց որդուն այդպես են անվանել: Ընկերությունը պատրաստ է կոնտակտ հաստատել Ուեսթի հետ, որպեսզի պարզի իր անվան օգտագործման մանրամասները: Ընկերությունը նաեւ ակնկալում է, որ իր կայքի այցելությունները կաճեն այս երջանիկ զուգադիպության շնորհիվ: