«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ որ նոյեմբերի 25-ին Նորք-Մարաշի տներից մեկում ձերբակալված հանցավոր խմբի անդամներից մի քանիսին իրավապահները գործարք են առաջարկել՝ ցուցմունք` ազատության դիմաց: Այսինքն՝ եթե խմբի անդամներից ոմանք համաձայնեն ցուցմունք տալ, պատմել իրենց եւ մյուսների դերակատարության, խմբի ղեկավարների, ֆինանսավորողների մասին, ապա հնարավոր է՝ նրանց խափանման միջոցը փոխվի, իսկ հետագայում էլ պայմանական պատժի արժանանան` նախաքննության օժանդակելու «հիմնավորմամբ»:
Ըստ մեր աղբյուրի` ձերբակալության պահին Նորք-Մարաշի տանը գտնվողներից շատերը չեն էլ իմացել, թե երբ, որտեղ, ինչպես եւ, առհասարակ, ում դեմ են դուրս գալու: Ամեն դեպքում, խմբի անդամներին քննիչները հասկացրել են, որ ազատության մեջ հայտնվելու համար արժեքավոր տեղեկություններ պետք է հայտնեն: