Դեկտեմբերի 6-ին կայացած սահմանադրական հանրաքվեի արդյունքները համատարած եւ համակարգված ձեւով կեղծվել են. այս մասին երեկ վերստին հայտարարեց ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը` ներկայացնելով ռուս փորձագետների կողմից իրականացված մաթեմատիկական վերլուծության արդյունքները, ըստ որոնց՝ հանրաքվեի ընթացքում լցոնվել է 485.000 քվե: Այս օրերին ոչ-ի դաշտի ուժերը ընտրակեղծարարության մեջ մեղադրում են ինչպես Հանրապետական կուսակցությանը, այնպես էլ այո-ի ճամբարի մնացած ուժերին` մասնավորապես ԲՀԿ-ին եւ ՀՅԴ-ին:
«Ժողովուրդ»-ը այս կապակցությամբ զրուցել է ԲՀԿ խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանի հետ:
-Պարո՛ն Մելքումյան, ՀԱԿ-ը եւ «Ժառանգության» պատգամավոր Զարուհի Փոստանջյանը երեկ դիմել են ԿԸՀ` սահմանադրական հանրաքվեի արդյունքները անվավեր ճանաչելու պահանջով: Ընդդիմությունը պնդում է, որ հանրաքվեն անցել է համատարած ընտրակեղծիքներով, եւ այդ գործում իրենց դերակատարությունն են ունեցել այո-դաշտի բոլոր ուժերը, այդ թվում եւ ԲՀԿ-ն: Արդյո՞ք Ձեզ համարում եք ընտրակեղծարար:
-Ինչի մեզ պետք է համարեմ ընտրակեղծարար:
-Ընդդիմությունը նշում է՝ ովքեր որ իշխանության հետ միեւնույն կարծիքն են կիսում, արդեն իսկ նրանց կարելի է ընտրակեղծարար համարել: Եթե Դուք եւս ամրագրում եք ընտրակեղծիքներով անցկացված հանրաքվեի արդյունքները, ընդդիմության գնահատմամբ՝ այդպիսով առնվազն դառնում եք հանցակից:
-Բայց ով է ասել, որ այո-ի կողմնակիցներն ընտրակեղծարար են: Կարող է՝ առանձին մարդիկ կեղծիքներ անեն, կարող է նաեւ ոչ-ի կողմնակիցները կեղծիքներ անեն: Այսինքն՝ չի նշանակում, որ միայն այո-ի կողմակիցներն են կեղծիքներ անում: Ովքեր որ ոչ միայն ընտրակեղծիքներ են անում, այլեւ օրենք, կարգ են խախտում, պետք է պատժվեն անկախ նրանից, թե դա ինչ կեղծիք է: Ով է դեմ, ես առաջին կողմն եմ, որ ընտրակեղծարարները պատասխան տան: Ով է դրա մասին կասկած հայտնում:
-Պարո՛ն Մելքումյան, իսկ Դուք ինչպե՞ս եք գնահատում հանրաքվեի ընդհանուր ընթացքը:
-Ընտրություններն անցել են այնպես, ինչպես որ … պետությունում վիճակը ոնց է, կան տարբեր խնդիրներ, չէ, հիմա առանձին վերցրած ինչ-որ միջոցառում պետությունը կարող է որոշակի դրական եւ բացասական առումով տարբերել: Բայց ընդհանրապես ընտրությունները պետության վիճակի մաս են կազմում:
Ընտրությունները, ԶԼՄ-ները, բիզնեսը եւ մյուս խնդիրները, այսինքն՝ միջավայրը, եթե ունի խնդիրներ, ապա այդ խնդիրներն արտապատկերվում են այդ միջոցառման կազմակերպման որակի վրա:
Ձեզ թվում է՝ ժողովուրդն ընդդիմությանը վստահում է: Օրինակ՝ հիմա ընդդիմությունը հանրահավաք է անում դրսում, ինչու այդ ոչ-երը չեն գալիս, որովհետեւ մարդիկ չեն վստահում նաեւ այդ հրապարակում գտնվող ընդդիմությանը: Մարդիկ ոչ թե ոչ են ասել Սահմանադրության փոփոխությանը, այլ մարդիկ ոչ են ասել՝ չվստահելով իշխանությանը:
Արփինե Թովմասյան