«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ խորհրդարանում ֆինանսական ճգնաժամն այնքան է իրեն զգացնել տալիս, որ որոշել է գործուղում մեկնող պատգամավորների թիվը մի քանի անգամ կրճատել, իսկ խիստ անհրաժեշտության դեպքում գործուղել ընդամենը մեկ պատգամավորի: Ինչպես երեւում է՝ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը չի «տեղավորվում» այն գումարի մեջ, որը մնացել է ԱԺ-ի այս տարվա բյուջեում: Երեկ «Ժողովուրդ»-ը փորձեց ԱԺ հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչության պետ Արսեն Բաբայանից պարզել վերը բերված լուրերի իսկությունը:
«Ազգային ժողովում բոլոր գործուղումները կատարվում են դրա անհրաժեշտությամբ պայմանավորված: Այսինքն՝ եթե անհրաժեշտ է գործուղման մեկնել մեկ պատգամավոր, ապա մեկնում է մեկը: Եթե անհրաժեշտ է գործուղման մեկնել մի քանի պատգամավոր, ապա հենց այդպես էլ արվում է: Երբեք չեն լինում չարդարացված ավելին կամ պակաս գործուղվածներ»,- ասաց Ա. Բաբայանը: