Գյումրին ամենափոշոտ քաղաքն է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այս տարվա հոկտեմբերին Գյումրի քաղաքի մթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան: ՀՀ ազգային վիճակագրական ծառայության տվյալներով՝ այս տարվա հոկտեմբերին Գյումրի քաղաքում ընդհանուր փոշու պարունակությունը 1.9 անգամ գերազանցել է մթնոլորտային օդն աղտոտող նյութերի սահմանային թույլատրելի խտությունների (կոնցենտրացիաների-ՍԹԿ): Բացի այս՝ Գյումրիում ծծմբի երկօքսիդի պարունակությունը 1.2 անգամ է գերազանցել ՍԹԿ-ն:

Նույն պատկերն է նաեւ Վանաձորում: Այստեղ նույնպես ծծմբի երկօքսիդը 1.2 անգամ գերազանցել է ՍԹԿ-ն: Իսկ, ահա, Լոռու մարզի Ալավերդի քաղաքում ծծմբի երկօքսիդը 2.3 անգամ է գերազանցել ՍԹԿ-ն: Ըստ մասնագետների՝ սրա պատճառը արտանետումների մեծ ծավալն է: Նշենք, որ ծծմբի երկօքսիդը հանդիսանում է թթվային գազ, եւ խոնավ եղանակին դրա ազդեցությունն ավելի ուժեղ է եւ վտանգավոր: Այն ջրի գոլորշիներին խառնվելով՝ թթուներ է առաջացնում եւ թթվային անձրեւների տեսքով վնասում է ե՛ւ մարդկանց առողջությանը, ե՛ւ բուսական, կենդանական աշխարհին:

Իսկ, ահա, Երեւանում, ըստ ԱՎԾ-ի՝ փոշու, ծծմբի եւ ազոտի երկօքսիդների պարունակությունը նորմայի սահմաններում է գտնվում: Ինչը զարմանալի է ու տարօրինակ: Քանի որ բնապահպանները տարիներ շարունակ պնդում են, որ գերհագեցած տրանսպորտի պատճառով աղտոտվում են բնությունն ու շրջակա միջավայրը: Նրանց խոսքերով՝ Երեւանի բնական օդափոխությունը եւ կանաչ տարածքները պակասել են, քաղաքի բնական օդափոխությունը պակասել է:

Ըստ մասնագետների՝ Երեւանում մեքենաները շատ են, բացի այս՝ կանգառներն իրար մոտ են ու շատ, եւ ամեն անգամ կանգնելիս եւ արագություն հավաքելիս չայրված ածխաջրերի մնացորդներ, ռադիկալներ են անջատվում, եւ այդ կերպ օդն աղտոտվում է: Մինչդեռ աշխարհի զարգացած եւ քաղաքակիրթ երկրներում ուղեւորափոխադրումները հիմնականում կատարվում են էլեկտրատրանսպորտի միջոցով, որն էկոլոգիապես մաքուր է, չունի արտանետում եւ չի աղտոտում բնությունն ու շրջակա միջավայրը: Իսկ մայրաքաղաք Երեւանում ամեն ինչ հակառակն է:

ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ




Լրահոս