Դերասան, երգիչ Ավո Խալաթյանը երգարվեստից հեռացել է, այն էլ` անվերադարձ: Նա «Ժողովուրդ»-ի հետ զրույցում խոսել է դրա պատճառներից, պատմել իր զբաղվածության, հագեցած գրաֆիկի եւ դրան զուգահեռ երջանիկ ընտանիք ունենալու մասին: Խոսելով այսօր նկարահանվող գեղարվեստական ֆիլմերից` Ավոն նկատել է, որ տարբեր ֆիլմերում կարելի է հանդիպել նույն կերպարներին:
-Ավո՛, թատրոնում հիմա ի՞նչ զբաղվածություն ունեք: Գիտենք, որ պատրաստվում եք շրջագայությունների մեկնել. կպատմե՞ք:
-2001-ից մինչ օրս խաղում եմ Հակոբ Պարոնյանի անվան պետական երաժշտական կոմեդիայի թատրոնում, ընդգրկված եմ խաղացանկային ներկայացումներում: Ինչպես գիտեք, խաղում եմ նաեւ «Օպերացիա Նեմեսիս» բեմադրությունում` Նարեկ Դուրյանի թատերախմբում, որտեղ կերտում եմ Սողոմոն Թեհլերյանի կերպարը:
Վերջերս մենք խմբով եղանք Բեյրութում, պատրաստվում ենք շրջագայել նաեւ Իրանում: Բացի այդ` Ֆրիդա Յորքը մշակել եւ բեմադրել է Գաբրիել Գարսիա Մարկեսի պատմվածքը` «Երկնագույն շան աչքերը», որտեղ եւս ընդգրկված եմ. խաղում ենք երկուսով:
-Իսկ, ահա, երգարվեստից, կարծես, հեռացել եք…
-Երգարվեստից հեռացել եմ ու կարծում եմ` անվերադարձ: Եթե, օրինակ, բեմադրվեն մյուզիքլներ, մեծ սիրով կմասնակցեմ դրանց: Բայց էստրադա, ալբոմներ, տեսահոլովակներ… Չեմ ուզում. պարզապես ինձ այդտեղ այլեւս չեմ տեսնում: Սկզբում փորձում էի տեսնել, բայց հիմա, այլեւս ոչ: Երգչին այսօր ճանաչում են, օրինակ, ռեստորաններից, այնտեղ հնչող երգերի ժանրն էլ ինձ հոգեհարազատ չէ:
-Իսկ գեղարվեստական ֆիլմերում նկարահանվելու հրավերներ ստանո՞ւմ եք:
-Վերջերս ունեցա նման մի առաջարկ, բայց չկարողացա ընդունել, քանի որ երկար ժամանակով բացակայեցի երկրից. կնոջս` Նունե Եսայանի հետ ճամփորդում էի Միացյալ Նահանգներում, մենք եղանք 5 նահանգներում. նա այնտեղ հանդես էր գալիս մենահամերգներով:
Առաջարկներ, առհասարակ, շատ են լինում, բայց, օրինակ, չէի ուզենա մասնակից լինել երկար սերիալներին, որոնք, թվում է, անվերջ են: Իսկ, ընդհանրապես, նկատում եմ, որ ֆիլմերում անընդհատ աշխատում են նույն ռեժիսորներն ու նույն դերասանները: Նույն կերպարներին մենք տեսնում ենք տարբեր ֆիլմերում… Մեկ էլ` բոլորը կա՛մ գողական են խաղում, կա՛մ դեբիլ. ինչո՞ւ, չես հասկանում: Իրենք այդպես են կերտում կերպարը, այսպես ասած, ծիծաղ են պարգեւում:
-Որքանով հասկացա, երբեմն ամուսիններով ստիպված եք լինում տանից երկար ժամանակով բացակայել: Դժվար չէ՞ նման կենսակերպով ապրելը, հատկապես, որ երկու փոքրիկ երեխա ունեք…
-Այդ ընթացքում մենք անընդհատ կարոտում ենք մեր տունը, երեխաներին, ընկերներին, մեր Երեւանը: Արդեն այնքան ենք շրջագայել, որ երբ մեկնում ենք մի երկիր, միայն առաջին մի քանի օրերին ենք ուրախ լինում, մեկ շաբաթ հետո արդեն չենք ուզում այնտեղ մնալ, ուզում ենք շուտ տուն գալ: Այդ ընթացքում բալիկներս մնում են իմ կամ Նունեի ծնողների, հարազատների մոտ:
-Իսկ ընտանիքի հոր համար դժվար չէ՞ միայն թատրոնում աշխատելով՝ ֆինանսական խնդիրները լուծել:
-Ես նաեւ հեռուստատեսությունում եմ աշխատում, կադրից դուրս աշխատանք եմ անում: Բացի այդ` երրորդ գործ էլ ունեմ. ընկերոջս հետ զուգահեռաբար փոքրիկ բիզնես ենք անում:
-Գերլարված գրաֆիկով աշխատելով` արտիստները հաճախ ժամանակ չեն գտնում սեփական ընտանիքի համար: Ձեր դեպքում վիճակն ինչպիսի՞ն է:
-Մենք Նունեի եւ երեխաների հետ շատ երջանիկ ենք, կարեւորը, որ սերը մեկս մյուսիս հանդեպ չի մարել…Սերը, հավատը…Ամեն ինչ գերազանց է:
-Որոշ ժամանակ առաջ համացանցում շրջանառվում էին Նունե Եսայանի վերջին լուսանկարներից, որտեղ նա, օգտատերերի խոսքով, փոքր-ինչ նիհարած էր եւ հյուծված: Օգտատերերից ոմանք դրանք մեկնաբանել էին` գրելով, թե. «Ավոն Նունեին պետք է լավ նայի»… Ի՞նչ կասեք անհանգստացած երկրպագուներին:
-Նունեին ես այլ կերպ, այսինքն` ոչ նիհար, չեմ հիշում, նույնն էլ` ինձ: Մենք շատ ուտող չենք, անընդհատ աշխատում ենք, շարժի մեջ ենք եւ մենք մեզ լավ ենք զգում այդպես նիհար: Այդտեղ ոչ մի վախենալու բան չկա, այդ նիհարությունը թող չշեղի մարդկանց: Ամեն բան կարգին է:
Աննա Բաբաջանյան
Լուսանկարները` Bravo.am-ի: