ԱՆՆՊԱՏԱԿ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի գլխավորությամբ կառավարությունում երեկ տեղի է ունեցել բերքի մթերման ու արտադրանքի իրացման կազմակերպման շուրջ խորհրդակցություն: «Վարչապետը հանձնարարել է համապատասխան գերատեսչությունների ղեկավարներին շարունակել քննարկումները՝ մթերումների կազմակերպման գործընթացում խնդիրները կարգավորելու համար»,-ասված է պաշտոնական հաղորդագրության մեջ:
Նախ ուշադրություն դարձնենք պաշտոնական հաղորդագրության բովանդակության մակերեսային մասին. «Վարչապետը հանձնարարել է շարունակել քննարկումները՝ խնդիրները կարգավորելու համար»: Այսինքն՝ ՀՀ կառավարությունում, բացի քննարկումներ կատարելուց, այլ գործառույթ չունե՞ն: Ի դեպ, այսպիսի լղոզված ձեւակերպումներով հաղորդագրությունների ու ելույթների պակաս գործադիրում չի զգացվում: Մինչդեռ ՀՀ Սահմանադրության 87-րդ հոդվածում հստակ շարադրված են վարչապետի լիազորությունները. «Վարչապետը ղեկավարում է կառավարության գործունեությունը եւ համակարգում նախարարների աշխատանքը: Վարչապետն ընդունում է որոշումներ կառավարության գործունեության կազմակերպմանն առնչվող հարցերով»: Սա նշանակում է, որ, քննարկումներից զատ, երբեմն անհրաժեշտ է լինում որոշումներ կայացնել:  
Հիմա դառնանք պաշտոնական հաղորդագրության բովանդակության խորքային մասին: Իհարկե, եթե մթերումների կազմակերպման մասին պաշտոնական այս հաղորդագրության հրապարակվեր սեպտեմբերի վերջին, շատ ավելի տրամաբանական կլիներ, քանի որ գյուղացիները բերքահավաք իրականացնում են աշնանը: Ու հենց այդ սեզոնին էլ Հայաստանի գրեթե բոլոր գյուղերի բնակիչներն իրենց արտադրանքն իրացնելու խնդիր են ունենում: Սակայն այդ ժամանակ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը, որպես կանոն, չի հանձնարարում համապատասխան գերատեսչությունների ղեկավարներին, որպեսզի մթերումների կազմակերպման գործընթացում խնդիրները կարգավորեն:
Թվում էր, թե Տիգրան Սարգսյանը նույնպիսի փութաջանությամբ այս օրերին պետք է քննարկում ծավալեր եւ հանձնարարություններ տար, որպեսզի համապատասխան մարմիններն օգնեին գյուղացիներին սերմացու, դիզվառելիք, պարարտանյութեր ձեռք բերելու հարցում: Տարվա այս եղանակին, որպես կանոն, գյուղացիները ցանքս են իրականացնում: Սակայն նման հրահանգ պաշտոնական լրահոսում այդպես էլ չգտնվեց:
Ի՞նչ է սա նշանակում. կա՛մ վարչապետը շփոթել է տարվա եղանակները եւ ապրիլ ամսին բերքահավաքի մասին քննարկում է «հրահանգում», կա՛մ պարզապես ձեւացնում է, թե աշխատում է եւ խիստ մտահոգված է գյուղատնտեսական խնդիրներով: Իհարկե, ՀՀ վարչապետը, որ Հայաստանի հեռավոր, սահմանամերձ գյուղերից շատերի «տեղն անգամ չգիտի», առաջին անգամը չէ, որ նման զավեշտալի իրավիճակում է հայտնվում: Կովերի կրծքերը լվանալու եւ մաքուր սրբիչով չորացնելու մասին նրա հայտնի «դասախոսությունը» դեռ չի մոռացվել:




Լրահոս