Երգահան Մանե Հակոբյանը չի սիրում խոսել իր եւ իր կատարած աշխատանքի մասին: Նա, ինչպես ինքն է նշում, նախընտրում է ապրել «կուլիսային» կյանքով: Եվ, այնուամենայնիվ, իր քրոջ` երգչուհի Սիլվա Հակոբյանի գրանցած հաջողությունների հարցում նշանակալի դեր ունի նաեւ երգահան քույրիկը: Մանե Հակոբյանի հեղինակած վերջին թարմ գործերից են Սիլվա Հակոբյանի կատարմամբ «Երջանիկ եմ» երգը եւ «Քարե դարդ» սիթքոմի սաունդթրեքի երաժշտությունը:
«Մենք ունենք երգեր, որոնք արդեն պատրաստ են, օրինակ, մի աշխույժ, պարային տրամադրությամբ երգ կա, որի հիման վրա տեսահոլովակի նկարահանումը պահանջում է տաք եղանակ, ուստի սպասում ենք, որպեսզի այն ներկայացնենք արդեն հաջորդ տարի»,-«Ժողովուրդ»-ին պատմեց Մանեն:
Մեր այն հարցին, թե կա արդյոք հատուկ մի թեմա, որին երգահանը ցանկանում է անդրադառնալ, վերջինս պատասխանեց. «Առհասարակ, այն, ինչ արվում էր տարիներ առաջ, շատ ավելի հետաքրքիր էր եւ մնայուն: Իսկ հիմա ինֆորմացիոն դաշտն այնքան մեծ է, որ ամեն ինչ դարձել է մեկ օրվա կամ մեկ ժամվա քննարկման առարկա: Ինձ համար հեշտ է աշխատել հայ աստղերի հետ, քանի որ բոլորի հետ շփում ունեմ, նրանց հետ նույն ճանապարհն ենք անցել, սակայն այսօր պահանջներն են փոխվել: Ուզում ես հասկանալ` ի՞նչ են իրենք ուզում, հասարակությու՞նն ինչ է ուզում, կամ մե՞նք ինչ ենք ուզում… Չգիտեմ… Հարցականները մի տեսակ շատ են, պետք է գտնել այս հարցերի պատասխանները»:
Մեր դիտարկմանը, թե այսօր երգիչները երբեմն վախենում են հետաքրքիր իմպրովիզներից, Մանեն հակադարձեց. «Դա վախ չի, ավելի ճիշտ` նրանք ավելի անտարբեր են դարձել, ուստի մնայուն գործեր ստեղծելու տեսլականը մնացել է սարերի ետեւում»:
Մենք նաեւ հարցրինք` Մանեն իրենց ասպարեզին առնչվող խորհուրդներ տալի՞ս է Սիլվային. «Սիլվայի հետ մինչեւ կյանքիս վերջ համագործակցելու եմ: Իսկ ինչ վերաբերում է խորհուրդներին, ապա նրա հետ է մեր ամբողջ ընտանիքը, իսկ վերջին խոսքը մեր պրոդյուսեր-հայրիկինն է: Ես մենակ ոչինչ չեմ անում: Ես մենակ` առանց Սիլվայի ու Էդգարի (նկատի ունի եղբորը` գործիքավորող Էդգար Հակոբյանին-հեղ.) չկամ: Մենք լրացնում ենք մեկս մյուսին»,-նշեց երգահանը:
Նրա խոսքով` մինչեւ իր երեխաների ծնունդը իրենք շրջագայությունների մեկնում էին ամբողջ ընտանիքով, բայց հիմա արդեն Մանեի համար երկրից բացակայելը դժվարացել է. «Երեխաներիս մեծացնեմ, որ նրանք էլ միանան մեր խմբին»,-ծիծաղելով եզրափակեց Մանեն:
Աննա Բաբաջանյան