Օրերս տեղեկություններ տարածվեցին, որ Ռուսաստանի Դաշնության գլխավոր դատախազության վարույթում հայտնվել է մի գործ, որն առնչվում է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին: Այս մասին նշվում է ՌԴ նախագահի աշխատակազմից ստացված մի նամակում՝ ստորագրված ընդունարանի պաշտոնյաներից Տ. Օվչիննիկովայի կողմից:
Համաձայն այդ տեղեկությունների՝ Պուտինին ուղարկվել են փաստաթղթեր, որպեսզի ծանոթանալով դրանց՝ ՌԴ նախագահը տեղեկանա եւ համապատասխան գնահատական տա այն իրողությանը, թե ինչպես է նրա անվան տակ թաքնվելով եւ բարի վերաբերմունքն ակնկալելով՝ Քոչարյանը թալանել սեփական ժողովրդին եւ փոքրիկ երկրից միլիարդներ տարել դուրս: Նախօրեին, երբ փորձեցինք այս առիթով մեկնաբանություն ստանալ Ռ. Քոչարյանի մամլո խոսնակ Վիկտոր Սողոմոնյանից, վերջինս ասաց, որ երկրում չէ ու խոստացավ վերադառնալուն պես պատասխանել մեր հարցերին:
Երեկ «Ժողովուրդ»-ը մի քանի հարցեր ուղղեց Ռ. Քոչարյանի մամլո խոսնակին:
-Պարո՛ն Սողոմոնյան, արդեն նշել եք, որ չեք հավատում Ռոբերտ Քոչարյանին առնչվող ներկայացված տեղեկատվությանը: Ըստ Ձեզ՝ ո՞ւմ էր ձեռնտու նման տեղեկատվության տարածումը:
-Գիտեք ինչ, ես արդեն ինչ-որ ասելու էր` ասել եմ, հավելելու ոչինչ չունեմ: Անկեղծ ասած՝ մինչեւ հիմա էլ չգիտեմ՝ արդյոք արժե արձագանքել դրան, որովետեւ այս աստիճանի հիմարություն հազվադեպ կարելի է լսել: Հենց սկսում ես մտածել դրա շուրջ ու վերլուծել այդ լուրի էությունը, ակամա ծիծաղում ես:
-Դուք չեք հավատում այդ տեղեկատվությանը, քանի որ Ռ. Քոչարյանի ունեցվածքի ծագումնաբանությունը Ձեզ քաջ հայտնի՞ է:
-Այնպիսի հարց եք տալիս, որ ես դժվարանում եմ պատասխանել, ընդամենը երկու բառ կասեմ՝ այդ տեղեկատվության հետ կապված. սա հիմարություն է եւ տխմարություն:
-ՌԴ «Կոռուպցիայի դեմ պայքարի հասարակական խորհուրդը» համագործակցում է «Հայրենիք եւ պատիվ» կուսակցության նախագահ Գառնիկ Մարգարյանի նախաձեռնած Հակակոռուպցիոն կենտրոնի հետ: Պարոն Մարգարյանն է ռուս գործընկերներին տեղեկացրել, թե ինչ ընկերություններ են «բաժին հասել» Քոչարյանի ընտանիքին ինչպես Հայաստանում, այնպես էլ Ռուսաստանում, Քոչարյանի խոսքով՝ «Պուտինի դաբրոյով»…
-Անկեղծ ասած` ես Հայաստանում չէի ու տեղյակ չեմ եղել այդ տեղեկատվությանը: Ի՞նչ ասեմ, խնդրեմ, թող խոսի, ազատ երկիր է, ով ինչ ուզում` խոսում է:
-Նաեւ կան շրջանակներ, որոնք պնդում են, որ «խոսողներին» մեծ գումար է տրվել, որպեսզի այդ տեղեկությունները տարածեն: Ըստ Ձեզ` հնարավո՞ր է՝ Քոչարյանի թշնամիները նման քայլի դիմեին:
-Անկեղծ ասած` շատ ժամանակ չեմ ծախսել մտածելու համար, թե ինչի համար են արել այդ Ձեր ասած հայտարարությունը: Ինձ դա բացարձակապես չի հետաքրքրում:
-Մամուլում հրապարակվեց նաեւ Ռ. Քոչարյանի ունեցվածքի ցուցակը՝ «ՄԱՊ» ընկերությունը, «Ռենկո կոնստրակշըն»-ը, «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ»-ը, «Արդշինինվեստբանկ»-ը, «Կապուտակ Սեւան» հանգստյան տունը, «Նաիրի» բժշկական կենտրոնը, Հ2 հեռուստաընկերությունը, «Նոյ» կոնյակի-գինու գործարանը, «Զվարթնոց» միջազգային օդանավակայանը, «Հայփոստ» ընկերությունը, Հայաստանում «TOYOTA» ընկերության ներկայացուցչությունը, «Ղ-տելեկոմ»-ը եւ «Արարատցեմենտ» գործարանը, որտեղ նա բաժնեմասեր ունի: Այդ տեղեկատվությունը մինչեւ այսօր չի հերքվել…
-Եթե ես չեմ սխալվում, Հայաստանում գոյություն ունեցող բիզնեսների մոտավորապես 80 տոկոսը Ռոբերտ Քոչարյանինն է: Գիտեք ինչ, ես կարող եմ միայն բարձրաձայն ծիծաղել այդ տարածված տեղեկությունների վրա: Քիչ թե շատ բանական մարդիկ շատ լավ հասկանում են, որ դա այդպես լինել չի կարող, որ դա ընդհանրապես կապ չունի իրականության հետ: Ես ոչինչ ավելացնել չեմ կարող:
-Իսկ ինչպիսի՞ դիրքորոշում ունի Ռոբերտ Քոչարյանը Հայաստանում առկա խնդիրների վերաբերյալ. օր օրի արտագաղթի թվերն ավելանում են, սոցիալական ծայրահեղ ծանր իրավիճակ է: Ինչպիսի՞ ելքեր է տեսնում Քոչարյանը:
-Ես վստահ եմ, որ Դուք հնարավորություն կունենաք այդ հարցը պարոն Քոչարյանին ուղղելու, ես չեմ կարծում, որ իր փոխարեն պետք է ես պատասխանեմ: Վստահ եմ, որ առաջիկայում նման հնարավորություն ունենալու եք:
«ԱԶԱՏ ԵՐԿԻՐ Է, ՈՎ ԻՆՉ ՈՒԶՈՒՄ` ԽՈՍՈՒՄ Է»
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆ