Երեկ «Ժողովուրդ» օրաթերթի գլխավոր խմբագիր Թագուհի Թովմասյանն ու «Հրապարակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Արմինե Օհանյանն ասուլիս էին հրավիրել: Վերջիններս անդրադարձան 2012թ. դեկտեմբերին ընդունված «Շրջանառության հարկի մասին» ՀՀ օրենքին, որի պատճառով ԶԼՄ-ները հայտնվել են շատ տհաճ վիճակում: Խմբագիրները նշեցին, որ այդ օրենքի գործարկման արդյունքում մի շարք ԶԼՄ-ների գործունեությունը կարող է հայտնվել վտանգի տակ:
«Հրապարակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Արմինե Օհանյանը նշեց, որ եթե նախկինում իրենք վճարում էին միայն շահութահարկ, ապա այսօր նաեւ շրջանառության հարկ են վճարում: Սա ենթադրում է թերթերի իրացումից ստացված գումարի, այսինքն` հասույթի 3.5%-ի եւ գովազդի հասույթի 5%-ի վճարում: «Հարկը բոլորովին վերջերս ենք վճարել ու տեսանք, որ բավական մեծ թիվ է կազմում` 600-700 հազար դրամ: Սա հարված է բոլոր թերթերին: Այս օրենքը չի ազդում բոլոր նրանց վրա, ովքեր վճարում են ավելացված արժեքի հարկ»: Ա. Օհանյանը նկատեց, որ նոր օրենքն ազդում է ոչ միայն մամուլի, այլեւ փոքր եւ միջին բիզնեսի վրա:
Իսկ «Ժողովուրդ» օրաթերթի գլխավոր խմբագիր Թագուհի Թովմասյանը նշեց, որ եթե իրենք նախկինում վճարում էին 200-250 հազար դրամ, ապա օրենքի ընդունումից հետո վճարել են 400-500 հազ. դրամ: Ըստ նրա՝ օրենքի ընդունումից առաջ բոլորը վստահեցնում էին, թե այն թեթեւացնելու է փոքր ու միջին ձեռնարկությունների բեռը, սակայն ստացվեց հակառակը: «Իրականում խորհրդարանական լսումներ չեն եղել, չեն խորհրդակցել մանր ու միջին բիզնեսի ներկայացուցիչների հետ: Սենյակներում նստել ու որոշել են: Մենք այսօր ուզում ենք ի ցույց դնել խնդիրը: Մի քանի պատգամավորների հետ պայմանավորվածություն ունենք, որ փոփոխությամբ հանդես գան, եւ գոնե մամուլն ու գրահրատարակչությամբ զբաղվող ինտելեկտուալ դաշտը հարկվեն նախկինի պես: Ողջ աշխարհում փոքր ու միջին բիզնեսը հարկվում է սիմվոլիկ, քանի որ նրանք ապահովում են լրացուցիչ աշխատատեղեր. մի բան, որ մեխանիզացիայի դարաշրջանում խնդիր է: Մարդուն փոխարինում է տեխնիկան»,-ասաց Թ. Թովմասյանը:
Երեկ ՀՀ ֆինանսների փոխնախարար Վարդան Արամյանը եւս անդրադարձել է խմբագիրների բարձրացրած հարցերին ու հայտարարել, թե ինքն անակնկալի է եկել այդ տեղեկությունը լսելիս. «Ես չեմ կարողանում հասկանալ, եթե իրականում դա թեթեւացնում էր բեռը սպառողների վրա, ինչպե՞ս կարող է տանել սնանկացման»,-հռետորական հարց է ուղղել Արամյանը: Վերջինս հայտարարել է, որ կառավարությունում պատրաստ են քննարկել այդ հարցը, մանավանդ որ իրենց նախատեսածով դա չպետք է խնդիրներ առաջացներ: «Ինչ-որ բան այն չէ»,-եզրահանգել է փոխնախարարը:
Եվ իսկապես` ինչ-որ բան այն չէ, քանի որ անգամ պատկան մարմինները չեն կարողանում հասկանալ, թե այդ օրենքն իրենից ինչ է ներկայացնում:
ԱՀԱԶԱՆԳ. ՓՈՔՐ ԲԻԶՆԵՍԸ ՎՏԱՆԳՎԱԾ Է
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆ