ՄԱՐՏՈՒՆԸ ՉԷ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ «Ժողովուրդ»-ը փորձեց ՀՀ ոստիկանապետի տեղակալ Հունան Պողոսյանից պարզել, թե ովքեր են եղել այն պատգամավորներն ու պաշտոնատար անձինք, որոնք զանգահարել են իրեն եւ խնդրել ապրիլի 23-ին Գյումրիում հնչած կրակոցների հեղինակներին ոստիկանության բաժին չտանել: Սակայն փոխոստիկանապետն ասաց, որ այդ հարցն ուղղենք լրատվական վարչությանը: Իսկ ոստիկանության հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանը մեզ հետ զրույցում նշեց, թե Պողոսյանի մասնավոր զրույցը նպատակահարմար չի գտնում հրապարակել: Մեր հարցին, թե արդյոք զանգահարողը եղել է ԱԺ ԲՀԿ խմբակցության անդամ Մարտուն Գրիգորյանը, Ահարոնյանը պատասխանեց. «Ո՛չ»:
Հիշեցնենք, որ նախօրեին ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանն այցելել էր Գյումրի, որտեղ տեղի ունեցած կրակոցներից հետո խորհրդակցություն էր անցկացրել: Այնուհետեւ, պատասխանելով լրագրողների հարցերին, ասել էր. «Զանգում են իմ առաջին տեղակալին պատգամավորներ, պաշտոնատար անձինք, թե էդ տղերքին մի՛ տարեք-բերեք, իրենք լավ տղերք են: Իրենք բանավոր կասեն, բայց թող չգրեն, էլի՛: Իմ պատասխանը եղել է՝ հիմա դուք պատգամավո՞ր եք, թե՞ գողական»:




Լրահոս