
Քիչ չեն դեպքերը, երբ դաստիարակողի դերում լինում են ոչ թե ծնողները, այլ՝ երեխաները: Ընտանեկան դժբախտությունը, որը պատրաստվում ենք ներկայացնել, այս հողի վրա է տեղի ունեցել:
Ընթացիկ տարվա սեպտեմբերի 24-ին Աբովյան քաղաքում 20-ամյա Հրաչիկը դանակահարել է հորը՝ Էդիկին: Պատճառը առաջին հայացքից կարող է անհավանական թվալ: Պարզվում է՝ որդին դանակահարել է հորը, քանի որ վերջինս մշտական կապերի մեջ է եղել օտար աղջիկների հետ:
ArmLur.am-ը մեղադրական եզրակացությունից տեղեկանում է, որ օտար աղջիկների հետ ունեցած հարաբերություններին վերջ դնելու հարցի շուրջ հայր ու որդի վիճաբանել են: Վիճաբանության ընթացքում Հրաչիկը ձեռքին եղած խոհանոցային դանակով դիտավորյալ մեկ անգամ հարվածել է հոր որովայնի ձախ կեսին՝ պատճառելով կյանքին վտանգ սպառնացող ծանր վնաս: Երիտասարդին մեղադրանք է առաջադրվել 112-րդ հոդվածի 1-ին մասով, իսկ որպես խափանման միջոց ընտրվել է չհեռանալու մասին ստորագրությունը: