ԳԵՂԵՑԿՈՒԹՅՈՒՆԸ ԴԵՌ ՊԱՏԳԱՄԱՎՈՐԱԿԱՆ ԱՐԺԱՆԻՔ ՉԷ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Խորհրդարանական անցած ընտրությունների նախօրեին ՀՀԿ առաջնորդ Սերժ Սարգսյանն ու նրա արբանյակներն ամեն առիթով շեշտում էին, որ իրենք ցանկանում են նոր խորհրդարանի կազմում տեսնել երիտասարդ, բանիմաց եւ չվարկաբեկված կադրերի: Թե ինչպիսին ստացվեց հինգերորդ գումարման Ազգային ժողովը, հայտնի է բոլորին:
Իսկ  այն քիչ թվով երիտասարդ պատգամավորներն էլ, որոնք տարբեր քաղաքական հովանավորների շնորհիվ  մանդատներ ստացան, անցած մեկ տարվա ընթացքում առանձնապես չարդարացրեցին  իրենց հետ կապվող հույսերը: Կամ էլ` հակառակը, արդարացրեցին` հենց իրենց անգործությամբ եւ կրավորական կեցվածքով: Մինչդեռ նրանցից շատերն ընդգրկված են կարեւոր հանձնաժողովներում եւ խորհրդարանական պատվիրակությունների կազմում: Օրինակ` շուրջ մեկ տարի է` ԵԽԽՎ  հայաստանյան պատվիրակության անդամներ են ԱԺ երիտասարդ պատգամավորուհիներ Նաիրա Կարապետյանն ու Արփինե Հովհաննիսյանը: Այս ընթացքում գումարվել են ԵԽԽՎ մի քանի լիագումար նիստեր, որոնց մեր պատվիրակության անդամները պարտաճանաչ կերպով մասնակցել են: Մասնակցելը` մասնացել են, իսկ թե ինչպիսի արդյունավետությամբ` դժվար է ասել: Համենայնդեպս, փաստն այն է, որ նրանք անցած ամիսների ընթացքում որեւէ անգամ  որեւէ հարցի շուրջ ելույթ չեն ունեցել, որեւէ կերպ չեն հակադարձել ադրբեջանամետ նախաձեռնություններին ու զեկույցներին, եւ առհասարակ, նրանց ներկայացվածությունը ԵԽԽՎ հայաստանյան պատվիրակության կազմում կրել  է զուտ ներկայացուցչական եւ ֆորմալ բնույթ:
Ընդամենը ամիսուկես առաջ մամուլում հնչեցված  դժգոհությանն ի պատասխան` ԵԽԽՎ հայաստանյան պատվիրակության ղեկավար, ՀՀԿ-ական Դավիթ Հարությունյանը սույն օրիորդների գործունեության մասին ասել էր. «Յուրաքանչյուրն ինչ-որ մի պահի արդեն սկսում է փորձ ձեռք բերել: Բայց, այնուամենայնիվ, իրենց մասնագիտական կարողությունները շատ բարձր են, եւ իրենք շատ արդյունավետ կարող են գործել: Փորձն արագ է ձեռք բերվում, եթե մարդն ընդունակ է: Երկուսն էլ շատ ընդունակ են»:
Սակայն, չնայած Դավիթ Հարությունյանի պնդումներին, կարծես թե երիտասարդ պատգամավորուհիներն առայժմ այդպես էլ իրենց ընդունակությունները չեն դրսեւորում: Ապրիլի 22-26-ն  ընթացած ԵԽԽՎ գարնանային նստաշրջանի  ընթացքում  եւս  նրանք  որեւէ բանով աչքի չընկան: Եվ դժվար է հասկանալ` ինչն է նրանց խանգարում թեկուզ  համատեղ ուժերով գոնե մեկ ելույթ նախապատրաստել եւ իրենց «ընդունակությունները» դրսեւորել ԵԽԽՎ ամբիոնից: Ի վերջո, նրանցից յուրաքանչյուրի գործուղման դիմաց պետական բյուջեից  ծախսվում է 3000-3500 եվրո, եւ չենք կարծում, թե  Արփինե Հովհաննիսյանի եւ Նաիրա Կարապետյանի բարետեսությունը (ինչին շեշտադրումներ են կատարում ԱԺ ղեկավարության որոշ անդամներ) հենց այն հատկանիշն է, որի համար հարկատուներիս  հաշվին պետք է այդպիսի միջոցներ ծախսվեն:
ԵԽԽՎ խոհանոցային անցուդարձին քաջատեղյակները պնդում են, որ ՀՀԿ-ական օրիորդների անգործությունն ու հնազանդությունը միանգամայն ողջունվում են պատվիրակության ղեկավար Դավիթ Հարությունյանի կողմից, քանի որ բարետես օրիորդներն ավելորդ խնդիրներ չեն ստեղծում եւ հլու-հնազանդ կատարում են Հարությունյանի բոլոր հրահանգները` առանց ավելորդ հարցերի: Էլ չասած, որ  դրա արդյունքում Հարությունյանը լրացուցիչ ազդեցություն է ձեռք բերում Սերժ Սարգսյանի մոտ, քանի որ ՀՀԿ-ի հույսը, փաստորեն, մնում է բացառապես նրա վրա:

ԹԱՄԱՐԱ ՄԻՔԱՅԵԼՅԱՆ




Լրահոս