ՔՆՆԱԴԱՏԵԼ Է
Մոտ ժամանակներս Հայաստանում իր դիվանագիտական առաքելությունն ավարտող ՌԴ դեսպան Վյաչեսլավ Կովալենկոն քննադատել է Եվրոպային: Ելույթ ունենալով Երեւանում ընթացող «Մեկ քայլ առաջ» առաջին եվրասիական երիտասարդական համաժողովում՝ ռուս դիվանագետը նշել է, որ Եվրասիական տարածքը ոչ մեկին չի պարտադրվում, մասնակից երկրներից չի պահանջում «ավելին՝ ավելիի դիմաց» սկզբունքով պայմանների կատարում։ «Մենք կարծում ենք, որ այդ մոտեցումը ճիշտ չէ։ Յուրաքանչյուրն ազատ է իր ճակատագիրը տնօրինելու հարցում, ազատ է հարգել իր սովորույթները, ընտանեկան կենցաղավարությունը։ Ես չեմ կարծում, որ երբեւէ Հայաստանում կամ այլ երկրներում, որի ներկայացուցիչներն այստեղ են, դուք կողմ կքվեարկեք նույնասեռ ամուսնություններին՝ որպես եվրոպական քաղաքակրթության արժեք»,-ընդգծել է Կովալենկոն։
ՊԱՇՏՈՆԻ ԱԿՆԿԱԼԻ՞Ք ՈՒՆԻ
ԲՀԿ-ից նեղացած եւ այդ կուսակցության հետ որեւէ կապ ունենալու հարցին վերջին ամիսներին հեգնանքով պատասխանող ԱԺ նախկին ԲՀԿ-ական պատգամավոր Վարդան Բոստանջյանը երեկ տարօրինակ կերպով վերստին սկսել է Գագիկ Ծառուկյանի գովքն անել: «Զբաղվածության վիճակը Հայաստանում արմատապես կփոխվեր, եթե Գագիկ Ծառուկյանը միայնակ չլիներ,-ասել է Բոստանջյանը` հավելելով,-պատկերացրե՛ք՝ մենակ նա աշխատանքով ապահովում է 25 հազար մարդու։ Իսկ եթե այդպիսի երկու, երեք, չորս մարդ լինե՞ր։ Այդ ժամանակ մեր քաղաքացիներն ամբողջությամբ ապահովված կլինեին արժանավայել աշխատանքով ու աշխատավարձով, երկիրն ապահովված կդառնար։ Եթե Ծառուկյանի նման եւս մեկը լինի, եթե եւս երկուսը, երեքը լինեն, պատկերացնո՞ւմ եք՝ ինչ տեղի կունենա։ «Բարգավաճ Հայաստան»-ը շեշտը դնում է հենց աշխատատեղերի ստեղծման վրա։ Եվ կուսակցության ծրագրում վերջին տեղը չի զբաղեցնում փոքր եւ միջին բիզնեսը։ Չէ՞ որ նույնիսկ ԱՄՆ-ում դրա վրա է հիմնված տնտեսության 70%-ը»։
ՀԵՏ ՔԱՇՎԵՑԻՆ
Սոցիոլոգ Գեւորգ Պողոսյանն այն կարծիքին է, որ եթե ԲՀԿ-ի ցուցակը ղեկավարեր Գագիկ Ծառուկյանը, ՀԱԿ-ինը՝ Լեւոն Տեր-Պետրոսյանը, «Բարեւ Երեւան»-ինը՝ Րաֆֆի Հովհաննիսյանը, այդ կուսակցությունների ռեյտինգն ավելի բարձր կլիներ: «Լիդերները հետ են քաշվել, եւ դրանով իրենք հարվածում են, վնասում են իրենց կուսակցության վարկանիշին: Իրենց վարկանիշին կգումարվեր կուսակցության վարկանիշը: Իսկ ՀՅԴ-ն ակտիվ չերեւաց ո՛չ պառլամենտական, ո՛չ էլ նախագահական ընտրություններում, ու հիմա իրենց դժվար կլինի վերադարձնել վստահությունն իրենց նկատմամբ: ՀԱԿ-ի, ՕԵԿ-ի համար էլ է դժվար լինելու: Շեմին են՝ կարող է՝ անցնեն, կարող է՝ չանցնեն»,-կանխատեսել է սոցիոլոգը:
ՀԱՆԴԻՊԵԼ Է
Ապրիլի 25-ին Ռուսաստան պաշտոնական այցելության շրջանակներում ԱԳ նախարարի պաշտոնակատար Էդվարդ Նալբանդյանն այցելել է Ռուսաստանի Պետական դումա, որտեղ հանդիպել է դումայի նախագահի առաջին տեղակալ Իվան Մելնիկովի եւ Հայաստանի հետ միջխորհրդարանական հանձնաժողովի, միջազգային կազմակերպությունների խորհրդարանական վեհաժողովների ռուսաստանյան պատվիրակություններում ընդգրկված պատգամավորների հետ։