Ըստ «Ժողովուրդ»-ի տեղեկությունների՝ «Արմավիա» ավիաընկերությունը, իր կուտակած պարտքերից բացի, չի վճարել նաեւ ՀՀ պետբյուջեին հասանելիք օդի տուրքի գումարը: Հիշեցնենք, որ 2008թ. ՀՀ կառավարության որոշմամբ Հայաստանից օդային փոխադրամիջոցներով դուրս մեկնելիս գանձվող 10.000 դրամը 2009թ. մարտից ներառվեց տոմսի գնի մեջ: Եվ այդ հավաքագրված գումարներն ավիաընկերությունները պարտավորվել էին փոխանցել ՀՀ պետբյուջե: Փաստորեն, արդեն 4 տարի շարունակ «Արմավիա»-ն այդ գումարներն ուղեւորներից գանձել է, սակայն պետությանը չի վճարել: ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի մամլո խոսնակ Հարություն Բերբերյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում հրաժարվեց մեկնաբանել «Արմավիա»-ի՝ օդի պարտքի խնդիրը՝ առաջարկելով դիմել ՀՀ քաղավիացիայի գլխավոր վարչություն: ՀՀ քաղավիացիայի գլխավոր վարչության պետ Արտյոմ Մովսիսյանն իր հերթին մեզ տեղեկացրեց. «Դա չի վերաբերում ավիացիոն խնդիրներին, այն ֆինանսական խնդիր է: Դա ավիացիոն վարչության գործառույթների եւ կոմպետենտության շրջանակում չէ»: Փորձեցինք կապ հաստատել նաեւ «Արմավիա»-ի մամուլի քարտուղար Նանա Ավետիսովայի հետ, սակայն վերջինս չպատասխանեց մեր զանգերին:
Ո՞ՒՐ ԵՆ ՓՈՂԵՐԸ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ