«ԴԱՏԱՐԱՆԸ ՀՆԴԿԱԿԱՆ ԿԻՆՈ ՉԷ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱԻՄ առաջնորդ, ՀՀ նախագահի նախկին թեկնածու Պարույր Հայրիկյանի դեմ մահափորձի գործով կալանավորված ՀՀ նախագահի մեկ այլ նախկին թեկնածու Վարդան Սեդրակյանի փաստաբան Ալեքսանդր Սիրունյանը, ինչպես նաեւ այդ գործով ձերբակալվածներ Խաչատուր Պողոսյանի եւ Սամվել Հարությունյանի հարազատները զարմանում եւ նույնիսկ ծիծաղում են ԱԱԾ-ի կողմից դատարան ներկայացված մեղադրական եզրակացության վրա:
Փաստաբանի եւ հարազատների այսպիսի մոտեցումը զարմանալի չէ, քանի որ ԱԱԾ քննչական վարչության կողմից 3 ամիս շարունակ քննված քրեական գործի մեղադրական եզրակացության համառոտ բովանդակության մեջ անհասկանալի դրույթները շատ են:  Ինչեւէ, էպոսագետ Վարդան Սեդրակյանի գործով մեղադրական եզրակացությունն արդեն ուղարկվել է դատարան: Ըստ այդ փաստաթղթի՝ Սեդրակյանն իր մտերիմներ Սամվել Հարությունյանին եւ Խաչատուր Պողոսյանին 2013-ի հունվարի սկզբներին պատվիրել է ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանի սպանությունը` 2013-ի փետրվարի 18-ին կայանալիք ընտրություններում նրա քաղաքական գործունեությունը դադարեցնելու նպատակով: Այս գործը կատարելու համար Վ. Սեդրակյանը զենք ձեռք բերելու նպատակով նրանց տվել է 1000 դոլար, ինչը Խ. Պողոսյանը եւ Ս. Հարությունյանը հավասարապես կիսել են միմյանց միջեւ: Սակայն ծրագրված հանցագործությունն իրականացնելու համար Խ. Պողոսյանն օգտագործել է իր կողմից 1995-1996թթ. ապօրինի կերպով ձեռք բերված եւ պահված, 1941թ. գործարանային արտադրության, 7,62 մմ տրամաչափի «HG 201» համարի «Նագան» տեսակի թմբուկավոր ատրճանակը:
Էպոսագետի հարեւան Խ. Պողոսյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա նշված թվականին ձեռք է բերել այդ «անտիկվար» զենքը եւ կրակելու համար նախատեսված 9 հատ 7,62 մմ տրամաչափի փամփուշտ: Սա թերեւս միայն Խաչատուրի մասով, իսկ Ս. Հարությունյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա ու իր ընկեր Խ. Պողոսյանը, «ՀՀ նախագահի թեկնածու Վարդան Սեդրակյանից 2013թ. հունվարի սկզբին ստանալով պատվեր ԱԻՄ առաջնորդ, ՀՀ նախագահի մեկ այլ թեկնածու Պարույր Հայրիկյանի սպանությունն իրագործելու վերաբերյալ՝ նրա քաղաքական գործունեությունը դադարեցնելու նպատակով, տվել են իրենց համաձայնությունը եւ զենք ձեռք բերելու համար Վարդան Սեդրակյանից ստացել 1000 ԱՄՆ դոլար գումար»:
Վ. Սեդրակյանի փաստաբան Ալեքսանդր Սիրունյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում նշեց, թե մեղադրական եզրակացությունն իրենք դեռ չեն ստացել. «Ես Ձեզ հարց եմ տալիս, 1000 դոլարով զե՞նք է լինում, լավ էլի՛: Ու ընդհանրապես, նման բան չի էլ եղել: Ես ինքս խաղալիքի  խանութում 1000-դոլարանոց զենք տեսել եմ: Իբր Վ. Սեդրակյանն ուզում  է մարդ սպանել տա եւ պատվիրում ու վարձում է ոչ թե նորմալ մարդու, այլ երկու բոմժի, հա՞: Այս գործը Ամասիայի շրջանում հավի գողություն չէ, որ Եվրադատարանից 8 տարի հետո գա, սա այն գործն է, որ Եվրադատարանից առավելագույնը 1 տարի հետո կգա»: Փաստաբանը զարմանքով հարցնում է` որտեղից կարելի է գտնել այնպիսի  վարձու մարդասպանի, որը գնա, գործն անի ու հետո նոր գնի մասին պատվիրատուի հետ խոսի. «Դատարանը հնդկական կինո չէ, եթե իրենք դրա հավեսն ունեն, մենք էլ դրա հավեսն ունենք»:
Արդյոք 1000 ԱՄՆ դոլարի դիմաց էպոսագետ Վ. Սեդրակյանի վարձած մարդասպանները` Խաչիկն ու Սամվելը, կգնային այդ ռիսկին եւ կկրակեին Պարույր Հայրիկյանին: Այս հարցերի պատասխանները փորձեցինք ճշտել մահափորձի իրականացման մեջ մեղադրվողների հարազատներից: Խ. Պողոսյանի կինը` Նոննա Հակոբյանը, «Ժողովուրդ»-ի հետ զրույցում  բացառեց այդ փաստը. «Մենք ոչ մի բանի կարիք չունեինք, որ նա 500 դոլար կամ 1000 կամ էլ 2000 վերցներ ու փորձեր մարդ սպանել: Վարդան Սեդրակյանից իմ ամուսինը փող է վերցրել միայն մի բանի համար, որ Սեդրակյանի քարոզարշավի համար բուկլետներ տանեին բաժանեին ու դրա դիմաց 30.000-40.000 դրամ փող են ստացել»: Նոննայի խոսքով` իր  ամուսինը զենք էլ չի ունեցել: Նա վստահ է դրանում, քանի որ ամուսինն իրենից ոչինչ չի թաքցրել. «Մեզ համար շատ բաներ են զարմանալի, ու այդպես էլ ոչինչ չհասկացանք: Ո՞վ կպատկերացնի, որ մարդ 500 դոլարի համար գնա այդ քայլին, դա աբսուրդ է»: Տեղեկացանք, որ այս ընթացքում նա այցելել է ամուսնուն, սակայն գործում առկա տարօրինակությունների մասին  ոչինչ չի կարողացել խոսել:
Իսկ գործով մյուս մեղադրյալի` Սամվել Հարությունյանի մայրը` տիկին Ռոզան, նույնիսկ չգիտեր, որ իր տղայի գործն արդեն  դատարանում է. «Եթե անգամ այդպիսի եզրակացությամբ դատարան է գնացել, ապա հնարավոր չէ, որ 500 դոլարի համար ու ընդհանրապես նա գնար այդ քայլին»:
Մինչ հարազատները փորձում են տարօրինակությունների այս շղթայում գտնել ճշմարտության մի մասնիկ, Պարույր Հայրիկյանն իր բուժումն է շարունակում Բելգիայում: «Ժողովուրդ»-ի հարցին, թե ինչպես է վերաբերում այն փաստին, որ իր դեմ մահափորձ իրականացնողները վարձվել են ո՛չ ավել, ո՛չ պակաս` 1000 դոլարով, Հայրիկյանն արձագանքեց. «Ես սիրում եմ իմ գործով զբաղվել: Հիմա քննիչների եւ դատարանի փուլն  է,  հետո կգա իմ ու ձեր հերթը»:

ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ




Լրահոս