Օրեր առաջ Երեւանի քաղաքապետարանի ներկայացուցիչները հանդիպել են ՀՀ «Սպառողների ասոցիացիա» հկ-ի նախագահ Արմեն Պողոսյանի եւ «Քաղաքացիական դիրքորոշում» հկ-ի նախագահ Գեւորգ Դոստուրյանի հետ եւ քննարկել փողոցում փափուկ պաղպաղակի եւ ձմերուկի վաճառքի հետ կապված հարցերը: Նկատենք, որ փողոցում փափուկ պաղպաղակի եւ ձմերուկի վաճառքը հակասում է «Սննդամթերքի անվտանգության մասին» օրենքին: Բայց մյուս կողմից էլ այս արգելքի պատճառով տուժելու են գյուղացիները եւ սպառողները:
«Առեւտրի եւ ծառայությունների մասին» ՀՀ օրենքի 5.1 հոդվածի համաձայն` սննդամթերքից փողոցում թույլատրվում է միայն պաղպաղակի եւ խմիչքի վաճառքը, ընդ որում, միայն փաթեթավորված տեսքով (հետեւաբար լցնովի փափուկ պաղպաղակի սարքերն ու տեղում լցվող սառը ըմպելիքներն այդ շարքից դուրս են): Առեւտրի սուբյեկտները պետք է ապահովեն անհրաժեշտ պայմաններ ապրանքի տեսքն ու որակը պահպանելու համար: Նշված օրենքով փողոցում սննդամթերքի, այդ թվում եւ լցնովի պաղպաղակի վաճառքն արգելվում է, իսկ օրենքը խախտողների համար տուգանք է նախատեսված:
Ինչ վերաբերում է ձմերուկին, ապա փողոցային վաճառքի դեպքում այն փոշու, շոգի եւ արտանետումների ազդեցությունն է կրում: Ելնելով դրանից` քաղաքապետարանում գտնում են, որ նման վաճառքը հնարավոր չէ իրականացնել «Սննդամթերքի անվտանգության մասին» օրենքին, ինչպես նաեւ սանիտարական նորմերին համապատասխան:
«Քաղաքացիական դիրքորոշում» հասարակական կազմակերպության նախագահ Գեւորգ Դոստուրյանը ձմերուկի վաճառքի արգելքը համարում է անիմաստ: «Ամբողջ Եվրոպայում բաց վաճառք է: Քաղաքապետարանի ներկայացուցիչները պատճառաբանում են, թե մեքենաների արտանետած ծուխը նստում է ձմերուկի վրա, բայց դաշտում էլ է նույնը: Չափազանցնում են: Այս արգելքի պատճառով մեծ վնասներ կկրեն ե՛ւ գյուղացիները, ե՛ւ սպառողները: Այս հարցն ընդամենը ճիշտ մասնագետներ չեն քննարկել: Ձմերուկը չարի՞ք է: Թող համապատասխան տարածքներ ստեղծեն, որպեսզի մարդիկ կարողանան վաճառել այն: Դրա փոխարեն Երեւանը աղբի՛ց ու շինհրապարակի՛ց մաքրեք: Աբսուրդ է ձմերուկի վաճառքն արգելելը»,-վրդովված նշեց Դոստուրյանը: Միեւնույն ժամանակ նա նկատեց, որ փափուկ պաղպաղակի սարքը պարտադիր պետք է համապատասխան կրպակում լինի:
Հայաստանի «Սպառողների ասոցիացիա» հկ-ի նախագահ Արմեն Պողոսյանը եւս համոզված է, որ ձմերուկի դեպքում կարելի է բացառություններ անել, եւ այն պետք է վաճառվի Երեւանի բոլոր փողոցներում: «Ձմերուկը սննդի բացառիկ տեսակներից է, որն ինչքան շատ ուտես, այնքան լավ: Դա բնության` մեզ տրված լավագույն շնորհներից է: Ես ինքս եղել եմ նախաձեռնող, որ փողոցային առեւտուրը վերանա, բայց ձմերուկի համար պետք է բացառություն անել, քանի որ ձմերուկի սեզոնն ընդամենը երկու ամիս է: Երբ ես գնում էի գործուղման Վրաստան, հետդարձի ճամփին միշտ մտնում էի Թովուզի շուկա: Ու մի անգամ նկատեցի մի թուրքի, որի առաջ ձմերուկի երկու սար էր: Հարցրի, թե ինչքան է, ձեռքը մեկի ուղղությամբ պարզելով՝ ասաց 35 կոպեկ, իսկ մյուս սարի ձմերուկը՝ 45 կոպեկ: Զարմացած հարցրի, թե ինչն է խնդիրը, ասաց՝ որովհետեւ սա հայկական է: Նույնիսկ թուրքը գիտի, որ մեր հայկական ձմերուկը լավն է: Այս ամեն ինչը հաշվի առնելով` ես համոզված եմ, որ ձմերուկը պետք է թույլատրել վաճառել ամեն տեղ: Մեր ձմերուկը մեր հարստությունն է»,-լրացրեց Պողոսյանը:
«Սպառողների իրավունքների պաշտպանություն» հկ-ի փոխնախագահ Կարեն Չիլինգարյանը համաձայն է ձմերուկի վաճառքին, բայց մի պայմանով. այն պետք է համապատասխանի սննդային բոլոր նորմերին: «Եղել են դեպքեր, երբ մարդիկ ձմերուկից թունավորվել են, քանի որ ձմերուկի մշակությամբ զբաղվող մարդիկ հիմնականում արագ աճեցնելու համար օգտագործում են բազմաթիվ թունաքիմիկատներ, քիմիական պարարտանյութ: Բացի այդ, պարտադիր է, որ վաճառականներն ունենան նաեւ համապատասխան տակդիրներ եւ ծածկեր»,-ավելացրեց Կ. Չիլինգարյանը:
«ՄԵՐ ՁՄԵՐՈՒԿԸ ՄԵՐ ՀԱՐՍՏՈՒԹՅՈՒՆՆ Է»
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ