ԱՐՈՆՅԱՆԸ ԽՈՍՏՈՎԱՆԵԼ Է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Փարիզի Լուվր թանգարանում անցկացված Ալեքսանդր Ալյոխինի հուշամրցաշարի առաջին հատվածից հետո առաջատարը ֆրանսիացի գրոսմայստեր Մաքսիմ Վաշյե-Լագրավն է: Նա հինգ տուրից հետո 3,5 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը:
Մեր առաջատար գրոսմայստեր Լեւոն Արոնյանը, ինչպես նաեւ Մայքլ Ադամսը, Բորիս Գելֆանդը եւ  Լորան Ֆրեսինեն վաստակել են 3-ական միավոր, Վիշվանաթան Անանդը՝ 2,5, Նիկիտա Վիտյուգովը, Դին Լիժենը, Վլադիմիր Կրամնիկը՝ 2-ական, Պյոտր Սվիդլերը՝ 1: Գրոսմայստերներն ապրիլի 28-ից պայքարը կվերսկսեն Սանկտ-Պետերբուրգի ռուսական պետական թանգարանում:
Իսկ մրցաշարը սկսվելուց առաջ Լեւոն Արոնյանն ամփոփել է իր մասնակցության արդյունքները Լոնդոնի հավակնորդների մրցաշարում. «Գլխավորը մրցաշարում առաջին տեղը զբաղեցնելն էր, որն ինձ չհաջողվեց: Ինձ թվում է` պայքարի տեսակետից առանցքային պահեր մրցաշարում շատ եղան: Սակայն, անշուշտ, Պյոտր Սվիդլերին տանուլ տված պարտիան որոշիչ եղավ ինձ համար: Ես սարսափելի խաղացի այդ պարտիայում, հենց դրանից հետո հուսալքվեցի ու շատ դժգոհ էի իմ խաղից»: Արոնյանը նաեւ խոստովանել է. «Երբեմն փորձում եմ միանգամից շատ բան ընդգրկել: Հավանաբար, պետք է մի փոքր նեղացնել նախապատրաստման շրջանակը եւ ավելի կարեւոր բաների ուշադրություն դարձնել»:
Հույս ունենանք, որ մեր հայրենակիցը կհետեւի իր իսկ խորհուրդին եւ կհաղթի Ալեքսանդր Ալյոխինի հուշամրցաշարում:




Լրահոս