Ապրիլի 29-ը Պարի միջազգային օրն է: Այդ առիթով զրուցեցինք Հայաստանի պարարվեստի միության նախագահ ԿԱՐԵՆ ԳԵՎՈՐԳՅԱՆԻ հետ, որն անդրադարձավ հայկական պարարվեստի այսօրվա վիճակին, խնդիրներին ու «կեղծ» պարուսույցներին:
-Ես կարծում եմ, եթե պարն էլ ժամանակին այնպես արժեւորվեր պետության կողմից, ինչպես արվեստի մյուս ճյուղերը, այն այսօր զարգացման այլ աստիճան կունենար: Վերաբերմունքը պետք է փոխվի ազգային պարի նկատմամբ: Չնայած պետք է անկեղծ ասեմ, որ տենդենցը նկատվում է: Եթե ես համեմատեմ սրանից 10-15 տարի առաջվա հետ, հետաքրքրվողների թիվը շատացել է, նաեւ մշակույթի նախարարության կողմից օժանդակությունն է մեծացել:
-Ի՞նչ հիմնախնդիրներ ունի հայկական պարարվեստը:
-Խնդիրները շատ են, բայց ուզում եմ դրանք բաժանել 2 մասի` պետական կոլեկտիվներում պարողների հարցը, որոնք շատ քիչ աշխատավարձով փորձում են անել առավելագույնը: Կարծում եմ՝ շատ դժվար է բալետի պարող-պարուհու համար 60.000 դրամով աշխատել: Մյուսը պարուսույցների խնդիրներն են: Այսօր պրոֆեսիոնալ պարուսույց-մանկավարժները ավարտելով աշխատանքի տեղ չունեն, որովհետեւ դիլետանտները ինքնագործ մակարդակով գրավել են այդ դաշտը, եւ չկա այնպիսի մի օրենք, որ կարգավորի այդ ամենը: Ինկուբատորի նման աճել են այդ ոչ պրոֆեսիոնալ մակարդակի խմբերը:
-Դուք՝ որպես Հայաստանի պարարվեստի միության նախագահ, ինչպե՞ս եք փորձում պայքարել այդ «կեղծ» պարուսույցների դեմ:
-Օրեր առաջ մենք հանդիպել ենք քաղաքապետարանի կրթության եւ գիտության վարչության պետի` Գայանե Սողոմոնյանի հետ, պայմանավորվել ենք, որ իրենց, նաեւ մշակույթի նախարարության հետ միասին ստեղծվի համապատասխան խորհուրդ: Իհարկե, սա օրենքի ուժ պետք է ստանա, որ լիցենզիայի մեջ նշվի, թե ովքեր իրավունք ունեն պարուսուցմամբ զբաղվել:
Մեկ այլ կարեւորագույն խնդրի մասին էլ կցանկանայի բարձրաձայնել: Այսօր պարուսույցները չեն կարողանում զբաղվել իրենց աշխատանքով, քանի որ պետությունն ասում է` դու պիտի ունենաս ՍՊԸ, հաշվապահ… Բայց պարուսույցն ի՞նչ իմանա՝ արդյոք որեւէ տեղ վարձակալելով՝ կունենա որոշակի քանակի սաներ: Տաքսու վարորդներին հաստատագրված հարկ սահմանեցին, տարեկան որոշակի գումար կտան, ինչքան կուզեն, կաշխատեն: Նույնը պետք է կիրառվի պարուսույցների նկատմամբ:
Ես, չգիտես ինչու, համոզված եմ, որ այս խնդիրների մասին համապատասխան մարդիկ չգիտեն, եթե իմանան, հաստատ լուծում կտան:
-Դուք մասնակցում եք տարբեր խնջույքների, հարսանիքների, հայերը կարողանո՞ւմ են ճիշտ պարել:
-Հաճախ նկատում եմ, որ շրջաններում` սասունցիների, ապարանցիների, մուսալեռցիների, ալաշկերտցիների մոտ պահպանված է հարսանիքներին իրենց շուրջպարերը պարելու ավանդույթը: Չէի ասի, որ մեր ժողովուրդը շատ վատ է պարում, ամեն մարդ փոձում է իր մարմնին համապատասխան պարել:
-Գիտեմ, որ հայկական պարին կոնքային շարժումները հարիր չեն, բայց վերջին շրջանում դրանք շատ տարածված են:
-Կոնքեր շարժել իհարկե չի կարելի: Մեր հայ պարի լավագույն երախտավորներից մեկը` Վահրամ Արիստակեսյանը, հստակ բնութագրել է, որ հայկական պարերն ավելի ծնկկոտրուկներով են, ադրբեջանականը` կոնքախաղեր են, վրացիներինը՝ ավելի ձգված` մատների վրա: Ա՛յ հիմա, երբ 2013-ից պարը կմտնի դպրոցներում որպես պարտադիր ուսուցում, կտրուկ կփոխվի նաեւ մեր երեխաների կեցվածքը, մտածելակերպը: Կոմիտասն ասում էր` երեխաներին պետք է երկու բան սովորեցնել՝ պարել եւ սրինգ նվագել:
-Ասում են` բեմը երիտասարդություն է սիրում, ինչքա՞ն է պարողի կյանքը բեմում:
-Թիթեռնիկի կյանք է պարողի կյանքը: Իհարկե, բեմը երիտասարդություն է սիրում, բեմն իր պահանջներն ունի, դրա համար էլ պարողն առավելագույնը մինչեւ 35 տարեկան է պարում՝ նայած կազմվածքի: Բնության դեմ ոչինչ անել չես կարող: Պարողի ծաղկուն շրջանը ընդամենը 10 տարի է:
-Մենք հասցնո՞ւմ ենք համաշխարհային պարարվեստի պահանջների հետեւից գնալ:
-Ամբողջ աշխարհում պարը զարգացում է ապրում: Երբ նայում եմ 20 տարի առաջ մեր պետական պարային կոլեկտիվների ելույթները եւ հիմա, ուղղակի ծիծաղ են առաջացնում այդ պրիմիտիվ շարժումները, եւ դրանք համարվում էին պարի շեդեվրներ: Իսկ այսօրվա մեր բեմադրությունները տեսնելով՝ ակնհայտ է, թե պարն ինչ զարգացում է ապրել: Բնականաբար, 21-րդ դարն իր շարժումն է թելադրում, չես կարող այդ շարժումից հետ մնալ. ե՛ւ ռիթմն է արագացել, ե՛ւ մտածելակերպը: Պարապատկերներն են փոխվել, տարազի գույներն են ավելի ներդաշնակ դարձել: Մենք մեր ռիթմով շատ հետ չենք:
-Եվ վերջում` Ձեր շնորհավորանքը:
-Սա մեր մասնագիտական տոնն է, ուզում եմ մի քիչ անհամեստություն անել ու ասել, որ Պարի միջազգային օրը մեր միջոցով եկավ Հայաստան, երբ առաջին անգամ մենք այն նշեցինք 8 տարի առաջ: 10 տարի առաջ մենք անդամագրվեցինք Պարի միջազգային խորհրդին: Մի ուրախալի փաստ էլ ասեմ. ապրիլի 29-ին Պարի միջազգային խորհրդի նախագահը գալիս է Հայաստան` մեզ հետ նշելու պարի միջազգային օրը:
Հ.Գ. Ի դեպ, Կարեն Գեւորգյանի շնորհիվ լրագրողների համար հատուկ պարի խումբ է գործում, որտեղ տարբեր լրատվամիջոցների ներկայացուցիչներ փորձում են սովորել հայկական ժողովրդական պարեր:
ՊԱՐՈՂԸ ԹԻԹԵՌՆԻԿԻ ԿՅԱՆՔ ՈՒՆԻ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
ԵՎԱ ՌՈՒԲԻՆՅԱՆ