Ռուսաստանում «Տաշիր գրուպն» առաջին հերթին հայտնի է իր «Ռիո» առևտրի կենտրոններով, սակայն ընկերության հետաքրքրություններն առավել լայն են: Ռուսական ՌԲԿ հեռուստաալիքի հարցազրույցում «Տաշիր գրուպի» սեփականատեր Սամվել Կարապետյանը պատմել է, թե ինչն է կապում իրեն «Գազպրոմ»-ի, «Ինտեր ՌԱՕ»-ի և ՌԴ գլխավոր դատախազի որդու՝ Արտյոմ Չայկայի հետ:
– Forbes ամսագիրը գրում էր, որ Ձեր հաջողության գաղտնիքն այն է, որ Դուք յուրաքանչյուր տարածաշրջանում գտնում եք հայկական սփյուռքի ազդեցիկ ներկայացուցչի և նրա հետ համագործակցում:
– Հիմնականում այդպես է, հայրենակիցների հետ հեշտ է աշխատել, սակայն գործընկերներին մենք ընտրում ենք հուսալիության սկզբունքով:
– Միևնույն ժամանակ, Դուք բազմաթիվ հետաքրքիր գործընկերներ ունեք ռուս գործարարների շարքում: Ճի՞շտ է արդյոք, որ Ձեր՝ «Գեոռեսուրս» ընկերության 25%-ը, «ՍՊԱՐԿ» տեղեկատվական բազայի տվյալների համաձայն, պատկանում է Արտյոմ Չայկային՝ ՌԴ գլխավոր դատախազի որդուն:
– «Գեոռեսուրս» ընկերության հետ մենք կառուցում ենք «Ռիո» առևտրի և զվարճանքների կենտրոնը Միտիշներում: «Գեոռեսուրսը» հող է տրամադրում, իսկ մենք ամբողջովին ֆինանսավորում ենք շինարարությունը:
– Իսկ ինչպե՞ս առաջացավ Ձեր կապն Արտյոմ Չայկայի հետ:
– Արտյոմ Չայկային ես հարգում եմ, նրան արժանի գործարար եմ համարում: Նրա հետ անձամբ ծանոթացել եմ գործարքից հետո: Միտիշներում համատեղ նախագծի առաջարկությունը ստացվել է «Տաշիր գրուպի» կողմից, որը պատասխանատու է բիզնեսի զարգացման համար: Իսկ ինչ վերաբերում է պարոն Չայկային, ապա գիտեմ, որ նա այժմ մի շարք հետաքրքիր ծրագրեր է զարգացնում և ակտիվորեն ներդրումներ է կատարում Կալուժսկայա շրջանում (նույն շրջանում, որտեղ իր բիզնեսը սկսել է Կարապետյանը):
– «Գազպրոմ»-ը ևս Ձեր գործընկերների թվում է, այդպե՞ս է:
– Այո՛: Մենք մասնակցում ենք «Գազպրոմ»-ի մի շարք շինարարական ծրագրերում:
– Կարո՞ղ եք խոշոր ծրագրեր նշել:
– Առանց մեկնաբանությունների:
– Աշնան սկզբին Դուք հայտարարեցիք, որ «Ինտեր ՌԱՕ»-ից գնում եք «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը: Ինչի՞ համար է անհրաժեշտ այդ ակտիվը, եթե դրա վրա մեծ պարտքեր կան:
– Այո՛, ընկերությունը պարտքեր ուներ, մոտ $220 մլն: Ակտիվը գնել եմ այդ պարտքերը մարելու համար:
– Ինչպե՞ս հասկանալ: Դա բարեգործությո՞ւն է:
– Ո՛չ, իհարկե. հասկանալի է, որ դա բարեգործություն չէ: «Հայաստանի էլեկտրական ցանցերը» լավ ընկերություն է և ակտիվ, իսկ մեր ղեկավարությամբ այն ավելի լավը կդառնա:
– Ինչո՞վ է լավ ոչ շահավետ ընկերությունը:
– Ընկերությունը մենք գնել ենք շատ ծանր վիճակում: Այն եղել է ոչ շահավետ, սակայն կդառնա շահավետ:
– Ինչպե՞ս եք ստացել վաճառքի մասին առաջարկը:
– Առաջարկել են «Ինտեր ՌԱՕ»-ում:
– Ո՞վ է առաջարկել: Բորիս Կովալչո՞ւկը:
– Բնականաբար, առանց Կովալչուկի` նման ակտիվ չեն վաճառի: Վերջնական որոշումն ընդունվել է Հայաստանի իշխանությունների խնդրանքից հետո:
– Վաճառքի համար Ձեզ դիմել են Հայաստանի վարչապետ Հովիկ Աբրահամյանն ու նախագահ Սերժ Սարգսյանը այն բանից հետո, երբ Երևանում բողոքի ցույցեր են սկսվել էլեկտրաէներգիայի գների բարձրացման դեմ:
– Այո՛, խնդրել են Հայաստանի իշխանությունները: Մի կողմից` մենք ցանկանում ենք ընկերությունը կարգի բերել, մյուս կողմից՝ հասկանում ենք, որ սա ռազմավարական ակտիվ է հանրապետության համար: Վստահ եմ, որ մենք կարող ենք այն փոխել:
– Գումարայի՞ն է եղել գործարքը:
– Այո՛: Ոչ ոք մեզ չի նվիրել այդ ակտիվը:
– Դուք նշել եք, որ ընկերությունը Ձեզ է հասել $220 մլն պարտքով: Կարո՞ղ եք նշել, թե պարտքի որ մասն եք մարել:
– Մոտ 20%-ը:
– Ինչպե՞ս եք պլանավորում վաստակել էլեկտրացանցերի հաշվին: Նույնիսկ Ռուսաստանում են բողոքում այս շուկայից:
– Այո՛: Էներգետիկան բավականին խոցելի բիզնես է, շատ բան է կախված ոչ միայն կարգավորիչներից, այլև` սպառողներից: Սակայն Հայաստանում, ինչը զարմանալի է, էլեկտրականության համար մարդիկ վճարում են կանոնավոր և կարգապահ: Այժմ էլեկտրաէներգիայի սպառումը բնակչության կողմից կազմում է մոտ 99,8%:
– Այս տարի «Տաշիր»-ը միանգամից 4 առևտրի կենտրոն է բացում Մոսկվայում: Ինչպե՞ս եք հասցնում:
– Մենք լուռ հաղթահարում ենք դժվարությունները:
– Ճգնաժամային 2008-2009թթ. Դուք հողատարածք ձեռք բերեցիք «Գազոյլ-Սիթի» բնակելի թաղամասում «Գազպրոմ»-ի կենտրոնական գրասենյակի մոտ: Սակայն այժմ Ձեր նոր գնումների մասին ոչինչ հայտնի չէ:
– Այս տարի մենք ձեռք բերեցինք մեծ քանակով ակտիվներ, քան անցած ճգնաժամի ընթացքում: Շատ գնում ենք, շատ կառուցում ենք: Օրինակ` անցած տարի «Գազպրոմ-Մեդիա»-ից ձեռք բերեցինք 400 հազ. քառ./մ հողատարածք Սկոլկովո միկրոշրջանում:
– Երևանում նոր պլաններ ունե՞ք:
– Երևանում մենք 2 գործող և 2 կառուցվող առևտրի և զվարճանքների կենտրոններ ունենք, որոնք կբացվեն 2016թ., կան գրասենյակներ և բիզնեսի այլ տեսակներ:
– Որտեղի՞ց եք նոր գաղափարներ գտնվում բիզնեսի համար:
– Ծրագրերի մեծ մասն ինքներս են ստեղծում: Լինում են դրսից ստացված առաջարկներ: Եթե ծրագիրը հեռանկարային ենք համարում, ապա որոշում ենք կայացնում և զարգացնում այն:
– Forbes-ը Ձեր եկամուտը գնահատում է 135 միլիարդ ռուբլի: Որքանո՞վ է այս թիվը մոտ իրականությանը: Կա՞ արդյոք կանխատեսում 2016թ. համար:
– Տարվա արդյունքների համաձայն մենք էական աճ ենք ակնկալում: Հաշվի առնելով «Հայաստանի էլեկտրական ցանցեր»-ը՝ այն կաճի առնվազն 30 միլիարդ ռուբլիով:
– Ձեր երեխաները մասնակցում են «Տաշիրի» ծրագրերում:
– Ավագ որդիս՝ Սարգիսը, ղեկավարում է ընկերության առաջխաղացումը, դուստրս՝ Տաթևիկը, զարգացնում է «Սինեմա Սթար» կինոթատրոնների ցանցը և պատասխանատու է ինովացիոն սեկտորի համար, կրտսեր որդիս՝ Կարենը, ՄԳԻՄՕ-ի ուսանող է:
– Ինչո՞ւ եք Դուք այդքան սիրում աշխատել հարազատների հետ:
– Նրանք երբեք չեն դավաճանում և չեն գողանում: Ամբողջ հոգով ցավում են գործի համար: Հարազատների հարցում իմ բախտը բերել է:
– Ընկերության ի՞նչ մասնաբաժին եք պլանավորում տալ Ձեր երեխաներին:
– Կյանքը ցույց կտա: Ամեն ինչ կախված կլինի նրանից, թե ինչպես նրանք կաշխատեն:
Թարգմանիչ՝ Քրիստինե Պողոսյան