«Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոն» հիմնադրամը շարունակում է հայտեր ընդունել «Մասնագիտական կրթության որակի ապահովում. որքանով է ուսուցումն արդյունավետ» համաժողովի համար: Գիտագործնական համաժողովը կկայանա 2016-ի հունվարի 21-22-ը:
ՈԱԱԿ տնօրեն Ռուբեն Թոփչյանը նշում է, որ այս տարի համաժողովի համար նման թեմայի ընտրությունը մի քանի դրդապատճառներ ունի:
Նախ, կրթության որակի ապահովման համար ցանկալի է ընդլայնել այդ գործընթացում դասախոսների անմիջական ներգավվածությունն ու հաշվետվողականությունը: «Դասախոսը, հիմնվելով ուսանողներից, շրջանավարտներից ստացած հետադարձ կապի վրա`իր աշխատանքն ավելի նպատակային է դարձնում, ուսուցումն էլ`առավել արդյունավետ: Եթե ամեն բուհում համակարգված կերպով դա արվի, կրթության որակը կբարելավվի: Այդ մշակույթը կարևորելու ու ամրապնդելու համար էլ նախաձեռնել ենք այս համաժողովը»,- ասում է պարոն Թոփչյանը:
Նրա խոսքով` կրթության որակի կայացած մշակույթ ունեցող երկրներում ընդունված պրակտիկա է, երբ դասախոսը պարբերաբար ուսումնասիրություններ է կատարում`հասկանալու իր աշխատանքի արդյունավետությունը, դասավանդման մեթոդների ուժեղ և թույլ կողմերը և համապատասխան փոփոխություններ է կատարում:
«Մեզ մոտ այդ ամենը համակարգված չի արվում: Ցանկալի է, որ այդ ուսումնասիրություններն ունենան հետազոտական հիմք և լինեն դասախոսի հետազոտական աշխատանքի մի մասը»,- ասում է պարոն Թոփչյանը` հավելելով, որ գործընթացի շարունակական լինելու դեպքում այն կվերածվի մշակույթի:
«Խորհրդաժողովի նպատակն է մեկ տեղում հավաքել այդ մասնագետներին, վեր հանել նրանց փորձը և հասանելի դարձնել մյուսներին»,- ասում է Ռ. Թոփչյանը:
Լավագույն փորձը ներկայացնող հետազոտական հոդվածները կհրապարակվեն ՈԱԱԿ-ի կողմից ՏԵՄՊՈՒՍ-ի MAHATMA ծրագրի աջակցությամբ հրատարակվող միջազգային գիտական գրախոսվող ամսագրում:
Պարոն Թոփչյանը հավատացած է, որ հաջողված փորձի վերհանումը և տարածումը կբերի նրան, որ Հայաստանում կամրապնդվի դասախոսների շարունակական ինքնավերլուծության, ինքնագնահատման և ինքնազարգացման մշակույթը, որն էլ իր հերթին կխթանի կրթության որակի ապահովմանը և հիմք կծառայի ծրագրային հավատարմագրմանը:
Անդրադառնալով հարցին, թե ինչ թեմաներով է ցանկալի զեկույցներ ներկայացնել համաժողովի համար`պարոն Թոփչյանը նշում է, որ դասախոսի աշխատանքի յուրաքանչյուր բաղադրիչը կարևոր է ու կարող է հետազոտության առարկա դառնալ, եթե առկա է հաջողված փորձ. «Օրինակ, դասախոսը կարող է ներկայացնել, թե ինչպես է հետևում իր ուսանողների ձեռքբերումներին, ինչպես է որոշում ուսուցման արդյունավետությունը, ամեն ուսումնական տարվա մեկնարկին ինչ փոփոխություններ է կատարում իր դասավանդման գործընթացում և այլն»:
Նշենք, որ համաժողովին մասնակցության հայտերի ընդունման վերջնաժամկետը դեկտեմբերի 30-ն է: