Ես չգիտեմ՝ ում մեղքով է, ում մեղքով չի. ՔԿ նախագահի տեղակալը՝ Վահան Մարտիրոսյանի՝ Հայաստանից Ադրբեջան գնալու մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ներազգային ազատագրական շարժման» տխրահռչակ ղեկավար, Բաքվում հակահայկական հայտարարություններ արած ինքնահռչակ «ակտիվիստ» Վահան Մարտիրոսյանի՝ Հայաստանի տարածքը լքելու և Ադրբեջանից ապաստան խնդրելու օրվանից անցել է ավելի քան 4 ամիս: Հանրությունն, իհարկե, մոռացել է նրա՝ թե՛ որպես դավաճանի, թե՛ որպես ՀՀ քաղաքացու գոյության մասին, սակայն Բաքվում նրա տված ասուլիսը ադրբեջանական քարոզչամեքենան ցանկացած հարմար առիթի իրեն հարմար ձևով կհիշեցնի:

Ինչևէ, փաստն այն է, որ մինչ օրս այդպես էլ խորությամբ չի ուսումնասիրվել գլխավոր խնդիրը՝ ինչպե՞ս կարողացավ քրեական հանցագործության մեջ այդ ժամանակ կասկածվողը, այժմ արդեն՝ մեղադրվողը դուրս գալ Հայաստանի տարածքից:

Նախ հիշեցնենք, որ Վահան Մարտիրոսյանը մեղադրվում է առանձնապես խոշոր չափերով գողություն կատարելու մեջ: Օգոստոսի 28-ին Վահան Մարտիրոսյանն ու նրա կինը՝ Կարինե Գասպարյանը, իրենց ապաստան տված գիտաշխատող Ռուզան Մարգունու բնակարանից 3820 դոլար են գողացել: Նշենք, որ քրգործի քննությունը կասեցվել՝ մեղադրվողի գտնվելու վայրի անհայտ լինելու հանգամանքով պայմանավորված: Վահան Մարտիրոսյանի նկատմամբ հայտարարվել է հետախուզում:

Հարկ ենք համարում նկատել, որ քննչական կոմիտեն այդ ժամանակ հաղորդագրություն էր տարածել նաև այն մասին, որ օգոստոսի 31-ին քննիչը հանձնարարություն է տվել ոստիկանության Արաբկիրի բաժնին՝ ձեռնարկել անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ՝ կատարված հանցագործությունը բացահայտելու, ինչպես նաև՝ Վ. Մարտիրոսյանի և նրա կնոջ՝ Կ. Գասպարյանի՝ ՀՀ պետական սահմաններից հնարավոր դուրս գալը բացառելու ուղղությամբ։

Ի կատարումն քննիչի բերման ենթարկելու որոշման՝ 2015 թ. սեպտեմբերի 2-ին Վահան Մարտիրոսյանը բերման է ենթարկվել, և քննիչը նրա նկատմամբ, որպես կասկածյալի,  խափանման միջոց է ընտրել ստորագրություն չհեռանալու մասին։ Վ.Մարտիրոսյանը հրաժարվել է ցուցմունք տալուց։

Ապա ամուսինները կանչվել են հարցաքննության, սակայն առանց հարգելի պատճառների չեն ներկայացել, և սեպտեմբերի 4-ին նրանց բերման ենթարկելու որոշում է կայացվել: Սա հենց այն օրն է, երբ Վահան Մարտիրոսյանը կնոջ և մանկահասակ որդու հետ լքեց Հայաստանի տարածքը և ապաստանեց Ադրբեջանում:

Եվ այդ ողջ ընթացքում ՀՀ ոստիկանությունն ու քննչական կոմիտեն իրար «պասեր» էին տալիս, որոնք նպատակ ունեին Վահան Մարտիրոսյանի փախուստի մեղքը միմյանց վրա բարդել:

Իսկ ահա ոչ պակաս պատասխանատու կառույց Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Գորիկ Հակոբյանն էլ այս հարցով հետաքրքրվող լրագրողներին հորդորել էր «սատանի մայլում քյանդրբազություն չանել». այսքանը…

Եվ ի վերջո, ո՞ր գերատեսչության թերացման կամ անփութության հետևանքն է սա: ArmLur.am-ն այս հարցի շուրջ զրուցեց ՀՀ քննչական կոմիտեի նախագահի տեղակալ Արամ Թամազյանի հետ:

-Պարո՛ն Թամազյան, այն օրը, երբ հայտնի դարձավ, որ Վահան Մարտիրոսյանը լքել է Հայաստանի տարածքը, հարց բարձրացվեց՝ ինչո՞ւ ժամանակին նրա նկատմամբ խափանման միջոցը կալանավորումը չէր ընտրվել: Քննադատությունները մասնավորապես քննչական կոմիտեին էին ուղղված: Գուցե հասարակական ակտիվ գործունեություն ծավալողներին չկալանավորելու հրահա՞նգ է եղել: Կա տուժող…

-Ես չգիտեմ՝ ում մեղքով է, ում մեղքով չի: Էսօր գիտե՞ք՝ ինչքան գողության մեջ մեղադրվողներ կան, ավելի խոշոր չափերով, որոնց նկատմամբ կալանք որպես խափանման միջոց չի ընտվել: Ոչ միայն որպես խափանման միջոց չի ընտրվել, այլև ազատազրկման ձևով պատիժ չի սահմանվում դատարանների կողմից: Էնպես, որ սա պոստֆակտում է դիտվում որպես այդպիսին…

-Արդյունքում գործը կասեցվեց, հետախուզում հայտարարվեց: Քրեական հանցագործության մեջ մեղադրվողը ապաստան խնդրեց մեր թշնամի երկրից: Սա երկրի համար խայտառակություն չէ՞:

– Չի կարելի ասել երկրի համար խայտառակություն… ես Ձեզ հետ չեմ համաձայնի.. Ամեն երկրում էլ կան ստահակներ. նրա նման մարդիկ մեր երկրին պետք չեն: Նա այն երկրին էլ պետք չի լինելու…

Զրուցեց Տաթև Հարությունյանը




Լրահոս