Երեւանի մետրոպոլիտենն այսօր սովորականից մարդաշատ էր: «Հայ-հնդկական բարեկամություն» հասարակական կազմակերպությունը «Երիտասարդական» կայարանում հնդկական մշակութային օրերին նվիրված յուրահատուկ ֆլեշմոբ էր կազմակերպել, որին ներկա էր նաեւ Հայաստանում Հնդկաստանի դեսպան Սուրեշ Բաբուն: Վերջինս լրագրողների հետ զրույցում նշեց. «Այսօրվա միջոցառումը, որին ինձ հրավիրել են, իր տեսակով առաջին ֆլեշմոբն է՝ նվիրված հնդկական մշակույթին: Շատ լավ միտք է, որպեսզի հնդկական մշակույթի մի մասնիկը ցույց տանք մետրոպոլիտենից օգտվող Երեւանի բոլոր քաղաքացիներին»:
Դեսպանն անդրադարձավ նաեւ հայ-հնդկական հարաբերություններին՝ նշելով.
«Մեր երկու երկրների միջեւ փոխհարաբերութունները միշտ առաջընթաց փուլում են եղել, դրանք հեռավոր անցյալից են գալիս, հայերը նոր չեն հնդիկների համար, ոչ էլ՝ հնդիկները հայերի: Մենք ընդհանուր մտածողություն ունենք, որը շատ լավ հիմք է հարաբերությունները զարգացնելու համար: Մենք Հայաստանի հետ լավ հարաբերություններ ունենք եւ’ քաղաքական, եւ’ մշակութային, եւ’ ուսանողների փոխանակման, եւ’ առեւտրի ոլորտում: Չէի ասի, որ առեւտուրն այդքան մեծ է, տարեկան 70 -100 միլիոն դոլար, բայց, հաշվի առնելով Հայաստանի տնտեսությունը, դրա պոտենցիալը, այդ թվերը մեզ չեն գոհացնում: Կա պոտենցիալ, եւ այն կարելի է ավելի զարգացնել»:
Տասնյակից ավելի հնդիկներ, որոնք մետրոյի տարբեր խցիկներում հնդկական պարի «վարպետության դասեր» տվեցին, միջոցառման ավարտին համախմբվեցին «Երիտասարդական» կայարանում եւ պարային ֆլեշմոբ արեցին: Բացի այդ, ցուցադրվեցին նաեւ լուսանկարներ՝ նվիրված ժամանակակից Հնդկաստանին: