1988-ի երկրաշարժից հետո Գյումրի տեղափոխված Հակոբ Գեւորգյանն անտուն է, սակայն բնակարան չի ստանալու:
Գյումրիում ամենածայրամասայիններից է Սավոյան փողոցը, այն նաեւ ամենաքարուքանդն ու անանցանելին է: Այս փողոցի ամբողջ երկայնքով տեղադրված են հարյուրավոր տնակներ, դեռեւս կան պահպանված 1988թ. երկրաշարժից կիսաքանդված մի շարք շենք-շինություններ: Գյումրիում շատերի համար գաղտնիք չէ, որ այդ վայրերում գտնվող տնակային ավաններում հիմնականում ապրում են ամենաաղքատ ընտանիքները: “Շիրակ կենտրոնի” ուսումնասիրություններով` Գյումրիի այդ ամենամեծ տնակային ավանում բնակվող ընտանիքների գերակշիռ մասը չեն համարվում պետության կողմից բնակարանային փոխհատուցման ենթակա:
Այդ վայրում գտնվող` Ճարտարագիտական համալսարանի Գյումրիի մասնաճյուղի նախկին հանրակացարանի քարուքանդ շենքի 4-րդ հարկում արդեն 18-րդ տարին է` բնակվում է Հակոբ Գեւորգյանը: Նա թեեւ հաշվառված է այդ քանդված շենքում, սակայն երկրաշարժի հետեւանքով անօթեւանների հերթացուցակում հաշվառված չէ եւ, բնականաբար, բնակարան չի ստանալու: Երկրաշարժից անմիջապես հետո աշխատելու նպատակով Գյումրի է տեղափոխվել Երեւանից ու մնացել է մինչեւ օրս: Հակոբը միայնակ եւ Գյումրիի անգամ ամենամեկուսացած տնակային ավանից առանձին կյանքով է ապրում:
Առավել մանրամասն` “Շիրակ կենտրոնի” պատրաստած տեսանյութում: