Երբ Ազգային ժողովը դառնում է սեփական «բոստան». ինչ է նշանակում կարգազանց պատգամավոր. «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ԱԺ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանի եւ ՀՀ ԱԺ իշխանական թեւի, իսկ ավելի կոնկրետ՝ նախագահության հակամարտությունն այդպես էլ չի հանգուցալուծվում: Արդյունքում ԱԺ նախագահությունը գնալով ավելի ու ավելի ծիծաղելի վիճակում է հայտնվում: Փոստանջյանն, ինչպես անցած շաբաթվա քառօրյայում, այնպես էլ երեկ մեկնարկած արտահերթ նիստում, մշտապես հերթագրվում է ելույթի համար: Սակայն իր ելույթում ոչ թե քննարկվող հարցին է անդրադառնում, այլ խոսում է հանրաքվեի կեղծման ու այն մասին, թե որքան կործանարար կլինի Հայաստանի համար ներկա իշխանությունների հետագա պաշտոնավարումը: ԱԺ նիստ վարողը, այն է՝ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը, կամ էլ նրա տեղակալներ Էդուարդ Շարմազանովը եւ Հերմինե Նաղդալյանը անջատում են խոսափողը՝ նիստին օնլայն հետեւողներին թույլ չտալով Փոստանջյանի ելույթը լսել:

Ուշագրավ է, որ ԱԺ նախագահությունը պատգամավորի խոսափողն անջատում է ՀՀ «ԱԺ կանոնակարգ» օրենքի 45-րդ հոդվածի 3-րդ կետի «բ» ենթակետի հիման վրա, ըստ որի՝ նախագահողն իրավունք ունի անջատել կարգազանց պատգամավորի խոսափողը: Սակայն ողջ խնդիրն այն է, որ նույն 45-րդ հոդվածի 2-րդ կետով սահմանված է, թե ինչ ասել է կարգազանց պատգամավոր, այն է. «Կարգազանց են համարվում այն պատգամավորները կամ ԱԺ նիստում ներկա անձինք, ովքեր նիստի ընթացքում աղմկում են, վիրավորական արտահայտություններ են անում, չեն կատարում ԱԺ նիստը վարողի` սույն օրենքից բխող պահանջները եւ կատարում են սույն օրենքով սահմանված կարգը խախտող այլ գործողություններ»: Այսինքն՝ օրակարգային հարցից դուրս ելույթն ինքնին չի կարող համարվել կարգազանցություն: Բայց, դե, ով գիտի, միգուցե Սերժ Սարգսյանի անունը լսելիս ԱԺ նախագահության մոտ ինչ-որ այլ զգացողություննե՞ր են առաջանում: Ամեն դեպքում տհաճ է` ամեն օր երկրի թիվ մեկ ամբիոնի խոսափողի անջատել-միացնելու հարց քննարկելը»:

Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:




Լրահոս