ArmLur.am-ը ՀՀ հատուկ քննչական ծառայության լրատվական ծառայությունից տեղեկանում է, որ Հայաստանի Հանրապետության Սահմանադրության փոփոխությունների 06 12 2015թ. հանրաքվեի ժամանակ՝ 26/29 ընտրական տեղամասում ծառայություն իրականացնող ՀՀ ոստիկանության ծառայող Ա. Դ.-ն հայտնել է, որ նույն օրը՝ ժամը 08:30-ին Քասախ գյուղի վարչական տարածքում տեղակայված հիշյալ ընտրական տեղամասում վիճաբանություն է տեղի ունեցել, որի ժամանակ կոտրել են քվեատուփը:
Նույն ընտրական տեղամասի ընտրական հանձնաժողովի անդամ Վ. Դ.-ն, իր հերթին, հաղորդում է տվել այն մասին, որ 2015 թ. դեկտեմբերի 6-ին՝ ժամը 08:30-ի սահմաններում, նկատել է, որ տեղամասային ընտրական հանձնաժողովի անդամներից մեկը քվեատուփի մեջ է գցել կեղծ քվեաթերթիկներ, ինչից վրդովվելով ինքը վերցրել է քվեատուփը, գցել է հատակին, որի հետևանքով այն վնասվել է:
Հանրաքվեի հանձնաժողովի աշխատանքին խոչընդոտելու դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 149-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցված քրեական գործն ընդունվել է ՀՀ հատուկ քննչական ծառայության վարույթ:
Նախաքննությունը շարունակվում է: