ՕԴՈՒՄ ԿԱԽՎԱԾ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեւանի նախկին ոստիկանապետ Ներսես Նազարյանի պաշտոնանկությանը հետեւած տարատեսակ խոսակցություններն էլ ավելի ակտիվացան ՀՀ ոստիկանության տարածած պաշտոնական պարզաբանումից հետո, որում  բավականին թափանցիկ կերպով ակնարկված էր, որ Նազարյանը սերտաճել է բիզնեսի հետ եւ իրականացրել  ապօրինություններ, որոնք, ըստ էության, կարող են դիտարկվել որպես քրեորեն պատժելի արարքներ: Հետագա օրերին տեղեկություններ տարածվեցին այն մասին, որ Նազարյանը մի խումբ այլ բարձրաստիճան ոստիկանների հետ յուրաքանչյուր ամիս որոշակի գումար է ստացել մայրաքաղաքի տարբեր օբյեկտների տերերից` վերջիններիս բիզնեսների անխոցելիությունն ապահովելու ու օբյեկտներում գրանցվող միջադեպերի վրա «աչք փակելու» դիմաց: Այլ կերպ ասած` Երեւանի ոստիկանապետը զբաղվել է «ռեկետով»: Այդպես է դա արդյոք, թե ոչ` բնականաբար, հայտնի չէ, սակայն դատելով Նազարյանի անվան հետ կապված նոր սկանդալային արտահոսքերից եւ նրա լռությունից, կարելի է եզրակացնել, որ ինչ-որ բան, այնուամենայնիվ, այն չէ: Երեկ էլ  հայտնի դարձավ, որ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քրեական գործ է հարուցվել մի խումբ բարձրաստիճան ոստիկանների դեմ` վաշխառությամբ զբաղվելու, կազմակերպված խմբի կողմից առանձնապես խոշոր չափերով ուրիշի գույքը հափշտակելու եւ շորթում կատարելու հատկանիշներով: Ընդ որում քրգործի համար հիմք հանդիսացող նյութերը ստացվել են օրերս` ապրիլի 25-ին: Բնականաբար, երբ ավելի քան տասը տարի մայրաքաղաքի ոստիկանապետի պաշտոնը զբաղեցրած մարդուն  բավականին հարցահարույց պատճառաբանությամբ պաշտոնանկ են անում, ապա մի քանի օր անց քրեական գործ հարուցում բարձրաստիճան ոստիկանների դեմ, դա չի կարող չկապվել  պաշտոնանկ արված ոստիկանապետի հետ: Եվ այստեղ առաջ են գալիս բազմաթիվ հարցեր. ինչո՞ւ որպես թիրախ ընտրվեց հենց Նազարյանը, եւ ինչո՞ւ հենց հիմա որոշվեց «բացահայտել» նրա մութ գործերը: Բնականաբար, փորձ է արվում այդ ամենի մեջ տեսնել նաեւ քաղաքական ենթատեքստ, որը, ի դեպ, հնարավոր է` շատ ավելի մեծ է եղել, քան ոմանց կարող է թվալ: Բայց ամեն դեպքում շատ մեծ հույսեր պետք չէ կապել այս համակարգի հետ եւ մտածել, որ նրանք կարող են իսկապես ինչ-որ բան բացահայտել` առավել եւս, որ խոսքը համակարգված հանցագործության մասին է: Ուստի այս գործը կշարունակվի այնքան, մինչեւ ոմանց միջանձնային հարաբերությունները պարզվեն, բավարարվեն ուժեղ կողմի  ամբիցիաները եւ գործընթացից անհրաժեշտ քարոզչական դիվիդենտները ստացվեն: Իսկ դրանից հետո ընդամենը մեկ զանգ, եւ ամեն ինչ կավարտվի այնպես, ինչպես մեր երկրում սովորաբար լինում է: Որպես օրինակ՝ հիշենք ԱԱԾ պետի առաջին տեղակալ Հրաչ Հարությունյանի եւ 18 բարձրաստիճան պաշտոնյաների (ընդհուպ մինչեւ Ալիկ Սարգսյանի եւ Աղվան Հովսեփյանի) հետ կապվող  քաղաքացիների խոսակցությունները ապօրինի գաղտնալսող բանդայի դեպքը, որով սկսված ծառայողական քննությունն  այդպես էլ   մնաց «օդում կախված»:




Լրահոս