Անհեթեթ գրություններ և ժամանակի անիմաստ կորուստ. քննչական մարմինները շարունակում են լրատվամիջոցներից աղբյուրի բացահայտում պահանջել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Դեկտեմբերի 6-ին Սահմանադրության փոփոխության հանրաքվեի օրը տեղի ունեցած ընտրախախտումների մեծ մասի վերաբերյալ ահազանգերն ու հրապարակումները հիմնականում եղել են զանգվածային լրատվամիջոցների և դիտորդական կազմակերպությունների կողմից:

Այս մասին երեկ հայտնեց ՀՀ քննչական կոմիտեի նախագահի տեղակալ Արամ Թամազյանը՝ հավելելով, որ ՀՀ Քննչական կոմիտեում ստացվել է 201 հաղորդում, լրատվամիջոցների հրապարակում, ահազանգ:

Հետընտրական շրջանում տարբեր լրատվամիջոցներ և դրանց ներկայացուցիչներ բարձրաձայնում են այն մասին, որ քննչական տարբեր բաժիններից գրություններ են ստանում, որում պահանջվում է աղբյուրի բացահայտում կամ լրագրողին հայտնի բոլոր հանգամանքների տրամադրում:

ArmLur.am-ը փորձեց հասկանալ՝ որքանո՞վ է արդյունավետ պարբերաբար գրություն ուղարկել լրատվամիջոցին, եթե պատասխանը բոլոր դեպքերում նույնն է լինելու՝ ԶԼՄ-ները հղում են անելու «Զանգվածային լրատվամիջոցների մասին» ՀՀ օրենքին, և մերժողական պատասխանն ուղարկվելու է գրությունն ուղարկած բաժնին:

Իհարկե, տրամաբանական հարց է առաջանում նաև, թե այդ անհեթեթ գրություններն ուղարկելը վարույթն իրականացնող մարմնից ժամանակի անիմաստ կորուստ չէ՞:

Մեր նշված հարցին ի պատասխան ՀՀ քննչական կոմիտեի նախագահի խորհրդական Սոնա Տռուզյանը պարզաբանեց, թե որևէ լրատվամիջոցից աղբյուրի բացահայտում չի պահանջվել. «Հարցումները երբ ուղարկում ենք, ակնկալում ենք այլ բան: Շատ ժամանակ գրված է՝ այս ինչ տեղամասում կատարվել է ընտրակեղծիք, բայց չի նշվում՝ որ անձի մասին է խոսքը: Մենք ոչ թե ցանկանում ենք՝ բացահայտեք աղբյուրը՝ որտեղից եք իմացել, այլ՝ իմանանք՝ ում փոխարեն է կատարվել քվեարկություն, որպեսզի կարողանանք գործ հարուցել: Այսինքն՝ հասկանանք, որ Դուք դա ոչ թե հորինել եք, այլ մեզ կոնկրետ փաստեր եք ներկայացնում»:

Հարկ ենք համարում նկատել, որ գրությունների բովանդակությունն այլ բանի մասին է խոսում: Ի դեպ, հանդիպում են նաև այնպիսի գրություններ, որոնցում խնդրվում է ներկայացնել այնպիսի մանրամասներ, որոնք արդեն իսկ խնդրո առարկա հանդիսացող հոդվածում նախապես նշված են լինում:

Այսքանով ասել կուզի, որ, թերևս, ավելի արդյունավետ և շոշափելի կլինի աշխատանքի «պտուղները», եթե ժամանակը ռացիոնալ օգտագործվի: Այդկերպ, լրատվամիջոցները ևս ժամանակն անիմաստ չեն վատնի օրական մի քանի անգամ նույն գրությունը տարբեր հասցեներով ուղարկելու վրա:

Իհարկե, իրավապահ մարմինները ավելի լավ գիտեն իրենց գործը: Այդուհանդերձ…

Ստորև ներկայացնում ենք տասնյակ գրություններից միայն երկուսը՝ առանց մեկնաբանությունների:

 

12380294_1684335355176811_619602757_n




Լրահոս