
Երեւանի քաղաքապետարանում ՀՀ վերահսկիչ պալատի իրականացրած ստուգումների արդյունքում չարաշահումներ են հայտնաբերվել: Այս մասին մեզ հայտնի դարձավ ամիսներ առաջ ՎՊ-ին ուղարկված գրավոր հարցման պատասխանից: «Ժողովուրդ»-ին տրամադրված փաստաթղթում նշված է, որ ստուգվել են քաղաքապետարանի ուժերով իրականացված 22 օբյեկտների շինարարության եւ հիմնանորոգման աշխատանքները, եւ պարզվել է, որ 510 մլն 340 հազար դրամից 8,2 մլն-ն հավելագրվել է, իսկ 24,8 մլն դրամի անորակ շինարարություն իրականացվել: Քաղաքապետարանի կողմից հիմնադրված «Նոր բարեկարգում» ՓԲԸ-ն էլ Եռաբլուրի անտառ-պուրակի՝ Իսակովի պողոտային հարող լանջում իրականացրել է կանաչ տարածքի հիմնման աշխատանքներ: ՎՊ ուսումնասիրությունից պարզվել է, որ թեեւ պայմանագրով նախատեսված եւ ընդունման ակտով սահմանված աշխատանքները կատարվել են, բայց արդյունքում նշված տարածքում որեւէ ծառ չկա: Սակայն չեղած ծառերի մասով բացահայտվել է 10 մլն դրամի չարաշահում: