«ՄԻՇՏ ԿԱՐԵՎՈՐԵԼ ԵՄ ԹԻՄԱՅԻՆ ԱՇԽԱՏԱՆՔԸ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեւանի ավագանու ընտրություններում «Օրինաց երկիր» կուսակցության ցուցակի 2-րդ տեղը զբաղեցնող Հովհաննես Շահինյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում վստահեցրեց, որ իրեն որեւէ  պաշտոն չեն խոստացել` հավելելով, որ նման առաջարկ անողներին ինքը լուրջ չէր համարի:
-Պարո՛ն Շահինյան, մայիսի 5-ին կայանալիք Երեւանի ավագանու ընտրությունների քարոզարշավում Դուք բավական ակտիվ եք, օգտագործելով Ձեր թաղապետության տարիների  փորձը` մասնագիտական առաջարկներ եք ներկայացնում, սակայն, միեւնույն է, ՕԵԿ-ի վարկանիշը, նույնիսկ սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանի տվյալներով, հազիվ մոտենում է անցողիկ շեմին: Ինչո՞ւ է այդպես:
-Ինձ զարմացնում է, որ լրագրողները, շատ երեւույթների հետ կապված քննադատելով երկակի ստանդարտների կիրառումը, հաճախ իրենք են տուրք տալիս երկակի չափանիշներին: Նկատի ունեմ, որ սովորաբար Ահարոն Ադիբեկյանի հրապարակած տվյալներին գրեթե լուրջ չեն վերաբերում, սակայն անհրաժեշտության դեպքում հղում են անում նրա ասածներին: Կարծում եմ՝ մեր սոցիոլոգներից շատերը նախ իրենք պետք է հաղթահարեն հասարակության մոտ վստահություն ունենալու նվազագույն շեմը եւ հետո խոսեն այլոց՝ անցողիկ շեմերը հաղթահարելու մասին: Ինչ վերաբերում է ՕԵԿ-ի վարկանիշին, ապա դա գնահատելու լավագույն հնարավորությունն ինձ համար Երեւանի ավագանու ընտրությունների քարոզարշավի՝ անցած մոտ մեկ ամսվա ընթացքում մարդկանց հետ շփումն էր: Զերծ կմնամ որեւէ թիվ հրապարակելուց, սակայն ցանկանում եմ նշել, որ երեւանցիները վստահում են մեր կուսակցությանը, մեր համամասնական ցուցակին: Այո, եղել են նաեւ կուսակցության համար ոչ այնքան լավ ժամանակներ, սակայն գտնում եմ, որ քաղաքական միավորը քաղաքական է նաեւ նրանով, որ իր մեջ ուժ է գտնում հաղթահարելու դժվարությունները, ինչո՞ւ ոչ՝ նաեւ սխալներն ընդունելու եւ մարդկանց հետ ազնիվ լինելու ճանապարհով: Ես կարող եմ վստահեցնել, որ մենք առավելագույն չափով ազնիվ ենք ընտրողի, երեւանցու հետ եւ զգում ենք քաղաքացիների համարժեք վերաբերմունքը:
-ՕԵԿ-ի ավագանու ընտրացուցակի նկատմամբ հասարակության մի մասի մոտ թերահավատ վերաբերմունք կա, քանի որ ցուցակը գլխավորող ԱԻ նախարարի պաշտոնակատար Արմեն Երիցյանն ավելի շատ հանդես է գալիս որպես նախարար, քան «քաղաքապետի թեկնածու»:
-Չգիտեմ՝ ինչպես են մինչեւ ընտրությունները գնահատում հասարակության թերահավատությունը կամ գերվստահությունը, սակայն կարող եմ ասել, որ իրականության մեջ Ձեր նշած գործոնը՝ Արմեն Երիցյանի ԱԻ նախարար լինելու հանգամանքը, մեր քարոզարշավի վրա միայն դրական ազդեցություն է թողնում: Քաղաքացիներն Արմեն Երիցյանին ճանաչում եւ վերաբերվում են՝ որպես արդյունավետ գործող նախարարի, մարդու, ով կարողացել է կարճ ժամանակում աշխատող համակարգ կայացնել: Աշխատանքային այն մոտեցումները, կառավարչական հմտությունները, որոնք Արմեն Երիցյանին օգնել են կայացնելու ԱԻ համակարգը, մեզ հնարավորություն են տալու նույնպիսի արդյունքներ արձանագրել Երեւանի կառավարման գործում: Այսինքն՝ ԱԻ համակարգը՝ իր առանձնահատկություններով հանդերձ, կառավարման մեթոդոլոգիայի տեսանկյունից մեզ համար հաջողված օրինակ է: Իսկ թե ով ինչպես  եւ որպես ինչ է հանդես գալիս քարոզարշավի ընթացքում, կգնահատի ընտրողը՝ մայիսի 5-ին:
-Իսկ ինչո՞ւ են Երեւանի ավագանու ընտրությունների քարոզարշավի կադրերում ցուցադրվում Արմեն Երիցյանի՝ կրակելու, մարտարվեստի հմտությունները:
-Երեւանի ավագանու ընտրություններում, իհարկե, ներկայանում են քաղաքական ուժերն իրենց համամասնական ցուցակում, բայց կարծում եմ՝ չափազանց կարեւոր է նաեւ, թե ով է այդ ցուցակը գլխավորող անձը՝ որպես պրոֆեսիոնալ, որպես մարդ, որպես քաղաքացի: Արմեն Երիցյանն ուժային համակարգերում աշխատանքային երկարամյա փորձ ունի, դրան զուգահեռ՝ մշտապես զբաղվել է սպորտով՝ ե՛ւ որպես անհատ, ե՛ւ որպես կազմակերպիչ: Կրակելու, մարտարվեստին տիրապետելու դրվագներն ընդգծում են մեր թեկնածուի անձնային որակները: Պետք չէ այդ կադրերին վերաբերել միայն ուղղակիորեն: Դրանք խոսում են նաեւ մարդու վճռականության, կամքի ուժի, հետեւողականության մասին:
-Դուք ՀՀԿ-ից դուրս եկաք, քանի որ Ձեր նկատմամբ անվստահություն կար, այնուհետեւ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի խորհրդականն էիք, ինչո՞ւ նրանից եւս հեռացաք:
-Նախ՝ ես երբեւէ չեմ մոտեցել որեւէ անձի կամ հեռացել որեւէ անձից, այլ  որոշակի ժամանակահատվածում աշխատել եմ տարբեր մարմիններում: Այդ թվում, ինչպես Դուք նշեցիք, խորհրդարանում՝ որպես ԱԺ նախագահի խորհրդական: 2010 թվականի ապրիլին ԱԺ-ից դուրս եմ եկել՝ իմ դիմումի համաձայն, ոչ թե որեւէ տարաձայնության կամ իմ աշխատանքից դժգոհ լինելու պատճառով, այլ պայմանավորված իմ գործունեության ոլորտի փոփոխությամբ. այդ ընթացքում ես ծրագրեր ունեի՝ Հայաստանից դուրս որոշակի գործունեություն ծավալելու առումով:
-Այդ դեպքում ինչպե՞ս ստացվեց, որ ՕԵԿ-ը սկսեց Ձեզ վստահել, ու համալրեցիք հենց այդ կուսակցության շարքերը:
-Գաղտնիք չէ, որ երկար տարիներ իմ գործունեությունը կապված է եղել տեղական ինքնակառավարման համակարգի հետ: Երեւանի ավագանու ընտրություններն ինձ համար հնարավորություն են ՏԻՄ համակարգում իմ ունեցած փորձն իրացնելու համար: Սակայն ես միշտ կարեւորել եմ թիմային աշխատանքը, համարում եմ, որ առանց արդյունավետ թիմի՝ նույնիսկ ամենալավ ծրագրերը չեն կարող իրագործվել: ՕԵԿ շատ անդամների հետ աշխատել եմ դեռ Արաբկիրի թաղապետի պաշտոնը զբաղեցնելու տարիներին, այդ թիմում տեսնում եմ երկրի առջեւ այսօր ծառացած խնդիրները հաղթահարելու, նոր լուծումներ առաջադրելու ներուժ, ինքս էլ փորձում եմ նպաստել ընդհանուր, թիմային աշխատանքին: Դուք իրավացի եք, դրա հիմքում ընկած է փոխադարձ վստահությունը:  
-Ճի՞շտ է, որ փոխքաղաքապետի պաշտոնն են խոստացել, դրա համար էլ մտել եք ՕԵԿ:
-Ճիշտ կամ սխալ լինելուց առաջ նախ պետք է լուրջ լինի: Բնականաբար, լուրջ չէ ընտրություններից առաջ խոսել այս կամ այն պաշտոնի խոստման մասին՝ այն դեպքում, երբ ամեն ինչ կախված է ընտրությունների արդյունքներից: Նախ` մենք պետք է հաղթենք ու այսօր ամեն ինչ անում ենք հաղթելու համար: Հաղթանակը կլինի Արմեն Երիցյանի՝ քաղաքապետ ընտրվելը: Ինքս ամեն ինչ անում եմ այդ հաղթանակի համար:

Զրուցեց ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ




Լրահոս