ՎԱՐԴԱՆ ՂՈՒԿԱՍՅԱՆՆԵՐԻ ՏԵՍԱԿԸ ՆՈՒՅՆՆ Է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ապրիլի 27-ին՝ «Հետք»-ի լրագրողի ու ոստիկանի միջեւ Հյուսիսային պողոտայում տեղի ունեցած միջադեպից անմիջապես հետո, ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը բավական օպերատիվ կերպով աշխատանքից ազատեց Վարդան Ղուկասյանին (Դոգին):
Հիշեցնենք, որ այդ օրը նշված տարածքում քաղաքացիական հագուստով ինչ-որ անձ հրել եւ վիրավորել էր «Հետք»-ի լրագրող Անի Հովհաննիսյանին, որը փորձել էր պարզել, թե ինչու են ոստիկանները հորդորում այդտեղ կիթառ նվագող հայտնի երաժշտին` Գեւորգին, հավաքել իրերը եւ հեռանալ: Երբ լրագրողը փորձել էր ոստիկաններին ներկայանալ ու նաեւ  պահանջել` ցույց տալ իրենց փաստաթղթերը, նրանցից մեկը վիրավորել եւ հրել էր լրագրողին:
Այս պատմության մեջ հետաքրքիրն ու տարօրինակն այն է, որ Վարդան Ղուկասյանը (Դոգը) եղել եւ մնում է Վլ. Գասպարյանի մերձավորագույն շրջապատի ներկայացուցիչներից մեկը. նա ոչ վաղ անցյալում աշխատել է ՀՀ ռազմական ոստիկանությունում եւ ոստիկանության համակարգ է տեղափոխվել Վլ. Գասպարյանի` ոստիկանապետ դառնալուց հետո: «Ժողովուրդ»-ի լավատեղյակ աղբյուրների փոխանցմամբ` Դոգը բավական տխրահռչակ գործունեություն է ծավալել նաեւ ռազմական ոստիկանությունում աշխատած տարիներին: Վերջինս, շրջելով զորամասերում, տարբեր զինվորականների մասին տեղեկություններ է հավաքել եւ տեղյակ պահել համապատասխան շրջանակներին` տուրք տալով անձնական նկրտումներին ու համակրանքներին: Վարդան Ղուկասյանի (Դոգի) գործունեությունից դժգոհ էին ոչ միայն հայոց բանակի սպաները, այլեւ  շարքային զինվորները, որոնք  բախտ չէին ունեցել դուր գալ նրան:
Եվ ահա երեկ հայտնի դարձավ, որ Դոգը Հայաստանում չէ: Նա ինքն իրենից նեղացել է եւ ժամանակավորապես հեռացել ՀՀ-ից, սակայն վստահաբար կարող ենք նշել, որ Վարդան Ղուկասյանը կվերադառնա Հայաստան, եւ ավելին, չի  բացառվում, որ շարունակի աշխատել ոստիկանության համակարգում, քանի որ նա համարվում է ոստիկանապետ Վլ. Գասպարյանի վաղեմի վստահելիներից մեկը:

ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ




Լրահոս