Հայաստանում այսօր մեկնարկել է «Օրգանական գյուղատնտեսության աջակցության նախաձեռնություն» ծրագիրը, որը ֆինանսավորվում է Եվրամիության կողմից Ավստրիայի զարգացման գործակալության համաֆինանսավորմամբ: Եռամյա ծրագրի հիմնական նպատակն է ֆինանսական և տեխնիկական աջակցություն ցուցաբերել Հայաստանում օրգանական գյուղատնտեսությամբ զբաղվող ֆերմերներին, ագրոբիզնեսներին և կոոպերատիվներին, ինչպես նաև օժանդակել օրգանական ասրտադրողների և վերամշակողների համար միջազգային ստանդարտներին համապատասխան հստակ և կայուն օրենսդրական դաշտի ստեղծմանը:
«Օրգանական գյուղատնտեսությունը մեր երկրի հեռանկարային ուղղություններից մեկն է, և այսօր մեկնարկող ծրագիրը միտված է նպաստել մեր երկրում այս ոլորտի զարգացմանը: Այն նպատակ ունի աջակցել ֆերմերներին, որպեսզի վերջիններս ներդրումներ կատարեն օրգանական գյուղատնտեսության ոլորտում, մեծացնեն արտադրության ծավալները, ուսումնասիրեն նոր միջազգային շուկաներ, ինչպես նաև ապահովեն բիո արտադրանքի առկայությունը տեղական շուկայում», – նշել է ՀՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալ Արմեն Հարությունյանը:
Փոխնախարարը նաև հավելել է, որ ծրագիրը կազմված է լինելու չորս հիմնական բաղադրիչներից` օրգանական գյուղատնտեսությանը վերաբերող օրենսդրական դաշտի բարեփոխում, դրամաշնորհների միջոցով ոլորտի զարգացում, հասարակության լայն շրջաններում այս խնդրի շուրջ իրազեկման մակարդակի բարձրացում, ինչպես նաև օրգանական գյուղարտադրանքի համար արտահաման նոր շուկաների բացահայտում:
Արմեն Հարությունյանը նաև նշել է, որ ծրագրի իրականացման ընթացքում որպես ընդօրինակման մոդել ընդունվելու է եվրոպական երկրների փորձը, որոնք առավել առաջադեմ են համարվում օրգանական գյուղմթերքի արտադրության հարցում:
«Մենք ուրախ ենք աջակցել «Օրգանական գյուղատնտեսության աջակցության նախաձեռնություն» ծրագրին: Այն հաստատում է մեր նվիրվածությունը Հայաստանի գյուղական ոլորտին, ինչպես նաև ամբողջական է դարձնում արդեն իսկ առկա աջակցությունը, որը տրամադրվում է ԵՄ-ի կողմից ֆինանսավորվող ENPARD ծրագրի շրջանակներում, որտեղ ևս մենք արդյունավետ համագործակցում ենք Ավստրիական զարգացման գործակալության հետ», – իր հերթին նշել է Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Անտոնի Սվիտալսկին:
Ծրագրի խոշոր բաղկացուցիչ մասերից է անմիջապես արտադրողներին և վերամշակողներին դրամաշնորհների տեսքով ֆինանսական աջակցության տրամադրումը: Փոքրածավալ դրամաշնորհներ կտրամադրվեն, մասնավորապես, սկսնակ ֆերմերներին, ովքեր սերտիֆիկացման համար աջակցության կարիք կունենան: Խոշոր դրամաշնորհներ կտրամադրվեն արդեն իսկ օրգանական գյուղատնտեսությամբ զբաղվող ֆերմերներին, կոոպերատիվներին և վերամշակողներին արտադրողականության բարձրացման և շուկա մուտք գործելու հնարավորության ընդլայնման համար:
Սպառողներին և ֆերմերներին օրգանական գյուղատնտեսության առավելությունները և հավելյալ արժեքի հնարավորությունները ներկայացնելու նպատակով նախատեսվում է իրականացնել իրազեկման քարոզարշավ:
«Ավստրիան ունի օրգանական գյուղատնտեսության բազմամյա փորձ և այսօր գյուղատնտեսական մշակաբույսերի համար օգտագործվող հողերի գրեթե 20%-ը օրգանական են: Մենք ձգտում ենք մեր այդ փորձը փոխանցել մեր նախագծերին, որոնք աջակցում են սկսնակ ֆերմերներին բարելավել գյուղատնտեսական արտադրությունն ու մարքեթինգը: Օրգանական գյուղատնտեսությունը հնարավորություն է տալիս լավագույնս օգտագործել բնական ռեսուրսները՝ միևնույն ժամանակ պահպանելով շրջակա միջավայրը և կենսաբազմազանությունը», – նշել է Ավստրիայի զարգացման գործակալության միջազգային ծրագրերի տնօրեն Ռոբերտ Զեյները:
ՀՀ գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին