ՉԳԻՏԱԿՑՎԱԾ ՔԱՐՈԶՉՈՒԹՅԱՆ ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԼՂՀ պաշտպանական բանակի հարավային ուղղությամբ տեղակայված մարտական դիրքերն Ադրբեջանի կողմից դեկտեմբերի լույս 9-ի գիշերը հրետակոծելու, դրա հետեւանքով զինծառայող, 1991թ. ծնված Գարիկ Գուրգենի Ավանեսյանի զոհվելու ողջ պատասխանատվությունը կրում են ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը եւ նրա առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանը:
Հիմա պարզաբանենք, թե ինչու: Հայոց բանակին առնչվող տեղեկությունների ուղղակի կամ անուղղակի արտահոսքը սովորաբար իրականացվում է նախարարի համաձայնությամբ, Տոնոյանի ձեռամբ, որն անմիջական պատասխանատվություն է կրում այս գերատեսչության վարած քարոզչության համար: Եւ երբ նախօրեին հերթական տեսագրությունը հրապարակվեց, որում երեւում էր, թե ինչպես է ՀՀ զինուժը ոչնչացնում ադրբեջանական դիրքը, հասկանալի էր, որ չէր կարող առանց թույլտվության սպրդել: Կադրերից հասկանալի է դառնում, որ հրապարակվածը սեպտեմբերի վերջին կամ հոկտեմբերի սկզբին իրականացված գործողությունների տեսագրություններից է, ինչը շարքային քաղաքացիների եւ օգտատերերի մոտ ոգեւորություն էր առաջացրել:
Իհարկե, այն, որ ամեն հայ զինվորի մահվան դիմաց հայկական կողմը պետք է տասով պատասխանի, կասկածից վեր է: Բայց որքանո՞վ է ճիշտ ռազմական գործողության տեսագրությունը հրապարակելը՝ առանց այդ էլ լարված աշխարհաքաղաքական այս իրավիճակում, ինչի մասին երեկ ԱԺ-ում խոսեց նաեւ հենց ՊՆ Սեյրան Օհանյանը: Այդ տեսագրությունը համացանց գցելիս չէի՞ն հասկանում, որ ադրբեջանական կողմը, անգամ 10-20 զինվորների կյանքի գնով, պարտավորված է լինելու ագրեսիվ պատասխան տալ` թեկուզ համացանցում տեսանյութ տեղադրելու համար:
Իսկ ովքե՞ր էին տարածողները. մարդիկ, որոնք մինչեւ վերջերս պետական բյուջեից վճարված «նպաստներով» համացանցում ադրբեջանական քարոզչությանն էին հակադարձում, ինչն ավելի ողջունելի գործառույթ էր, քան համացանցային հերոսների հրճվանքն ապահովելն ու ՊՆ Սեյրան Օհանյանի իմիջը բարձրացնելու համար տեսանյութ տարածելը: Դրա համար վճարեցինք ազգովի՝ երիտասարդի կյանքով:

 

 

 

ԱԺ ԲՀԿ խմբակցությունը երեկ՝ խորհրդարանում 2016 թվականի պետական բյուջեի քննարկման ժամանակ, ապացուցեց, որ ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանն իզուր չի հովանավորում իրենց կուսակցությանը: ԲՀԿ-ն բյուջեի նախագծին միահամուռ կողմ քվեարկելով՝ հաստատեց, որ իրենց կուսակցությունը Հովիկ Աբրահամյանի հուսալի հենարանն է խորհրդարանում: Ուշագրավ է այն փաստը, որ ԱԺ ՀՅԴ խմբակցությունը, որի ներկայացուցիչները չեն բացառում անգամ, որ առաջիկայում ՀՀԿ-ի հետ կարող են իշխող կոալիցիա կազմել, միեւնույն է, բյուջեի նախագծի քվեարկությանը չմասնակցեցին: Դիտարժան էր նաեւ այն, որ ԱԺ «քոչարյանական» թիմը՝ պաշտոնապես ԲՀԿ խմակցության անդամ հանդիսացող Ստեփան Մարգարյանը, Էլինար Վարդանյանը եւ Վահե Հովհաննիսյանը, «ձեռնպահ» քվեարկեցին Հովիկ Աբրահամյանի կառավարության բյուջեի նախագծին: Այսպիսով՝ բյուջեն ընդունվեց 97 կողմ, 12 դեմ եւ 3 ձեռնպահ արդյունքներով: Ի դեպ, ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Լյուդմիլա Սարգսյանը եւս կողմ քվեարկեց:

 

 

 

Ինչպես հայտնի է՝ այս տարվա ընթացքում «Շենգավիթ» բժշկական կենտրոնում աղմկոտ մահացության մի քանի դեպքեր արձանագրվեցին, որոնցից երկուսը գրանցվեցին անցած ամսվա ընթացքում: Երեկ «Ժողովուրդ»-ի հետ զրույցում «Շենգավիթ» ԲԿ բուժգծով փոխտնօրեն Դավիթ Մխիթարյանը հաստատեց տեղեկություններն այն մասին, որ հիվանդանոցում արձանագրված դեպքերի առնչությամբ ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը հիվանդանոցի տնօրինության հետ «խիստ խոսակցություն է ունեցել»: «Պետք է ասեմ, որ առողջապահության նախարարը շատ խիստ է դրել հարցը, այո՛, ունեցել եմ տհաճ խորհրդակցության ներկա լինելու առիթ, ունեցել եմ ինձ համար բավականին տհաճ ու լուրջ խոսակցություն նախարարի հետ, ով դրել է մի քանի հարցեր: Իսկ ի՞նչ էին կարծում, որ նախարարը պետք է ոչ մի ռեակցիա չտա՞ր այդ ամենին: Իհարկե, ունեցել ենք տհաճ խոսակցություն, քննարկումեր եւ ոչ միայն նախարարի մակարդակով»,- խոստովանել է Մխիթարյանը:

 

 

 
ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը հրապարակել է Հայաստանում գազի սպառման տվյալները: «Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ գազի դիմաց վճարումներն այս տարվա ինն ամիսներին 3,1 տոկոսով ավել են եղել, քան բաժանորդներին մատակարարված գազի գինը: Ստացվում է, որ գազ սպառող քաղաքացիների մի զգալի մասը, չգիտես ինչու, իր սպառածից ավել է վճարել «Գազպրոմ Արմենիային», որը կազմել է 5 միլիարդ դրամ: Իսկ, ահա, էներգետիկ համակարգի, այսինքն՝ ՋԷԿ-երի հավելավճարները կազմել են այդ նույն ոլորտի սպառած գազի արժեքի 15 տոկոսը: Պարզվում է՝ արդյունաբերության ոլորտի ձեռնարկություններն էլ են ավել վճարել՝ իրենց սպառած գազի գնի 5 տոկոսի չափով: Նույն տրամաբանությամբ են առաջնորդվել նաեւ գազալցակայանները՝ իրենց ծախսածից ավել գումար վճարելով «Գազպրոմ Արմենիային»: Վերը բերվածի ֆոնին ուշագրավ է, որ բյուջետային կազմակերպություններն այս տարվա 9 ամիսներին իրենց սպառած գազի դիմաց վճարումներն ամբողջությամբ չեն իրականացրել եւ պարտք են մնացել 2,7 տոկոս, կամ նույն է թե՝ 117 մլն դրամ:

 

 

 

 

ՈՉ ԿՐԵԱՏԻՎ

Ինչպես հայտնի է` սահմանադրական հանրաքվեի արդյունքների վերահաշվարկի պահանջով Կենտրոնական ընտրական հանձնաժողովը ստացել է դիմումներ 78 տեղամասերից: Պարզվում է, որ այդ դիմումների մի մասը հենց իշխող Հանրապետական կուսակցության, ինչպես նաեւ՝ ԲՀԿ-ի եւ ՀՅԴ-ի կողմից է ներկայացվել: Ասել է թե` այս անգամ նույնիսկ այս հարցում իշխանությունները ավելի ճարպիկ են գտնվել` առաջ անցնելով ընդդիմությունից եւ ավելի շուտ ներկայացնելով վերահաշվարկի դիմումներ, ինչի արդյունքում օրենքով սահմանված հնգօրյա ժամկետում կարող է պրակտիկորեն անհնար լինել իրականացնել վերահաշվարկը բոլոր 78 ընտրատեղամասերում:
Ճիշտ է` երեկվա դրությամբ 14 ընտրատեղամասերում կատարված վերահաշվարկի արդյունքներով աննշան փոփոխություններ են արվել, այդուհանդերձ, ինքնին այն փաստը, որ ՀՀԿ-ականներն անգամ այստեղ են փորձել «շուստրիություն» անել, ցույց է տալիս, թե իրականում որքան մեծ էր նրանց մտավախությունը, որ ոչ-ը կհաղթի:
Եվ այն պարզաբանումը, որ փորձել է ներկայացնել ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը, թե իրենք վերահաշվարկի համար դիմել են, քանի որ «գոհ են, բայց անտարբեր չեն», մեղմ ասած` ծիծաղ է հարուցում:«Ուզում ենք պարզել, թե ովքեր են ընտրախախտում թույլ տվողները, գուցե «արջի ծառայություն մատուցող Հանրապետականի համակիրները» կամ գուցե հենց ընդդիմադիրները»,- ասել է նա: Փաստորեն ՀՀ-ում ընտրությունների անցկացման պատմության մեջ նոր «նոուհաու» է ներմուծում Բաղդասարյանը` առաջին անգամ նաեւ ընդդիմությանը մեղադրելով ընտրակեղծարարության մեջ:
Սակայն այս իրավիճակում թերեւս առավել կարեւոր է այն հանգամանքը, որ եւս մեկ անգամ ակնհայտ դարձավ օրենքի անկատարությունը: Եվ երբ երեկ մամուլի ակումբներից մեկում կոռուպցիայի օրվա հետ կապված ասուլիսի ընթացքում ՀՀ արդարադատության փոխնախարար Սուրեն Քրմոյանը հայտարարում էր, թե եթե ընդդիմությունը իրապես վստահ էր իր հաղթանակում, ապա ինչու է վերահաշվարկի ընդամենը 78 դիմում ներկայացրել` զուգահեռաբար փիլիսոփայական մտքեր հնչեցնելով ոչ այնքան օրենքների բովանդակության, որքան դրանց կիրառման անհրաժեշտության մասին, լրագրողներից մեկը հարց ուղղեց՝ իսկ ի՞նչ կլիներ, եթե հանկարծ լիներ ոչ թե 78, այլ 1000 ընտրատեղամասերում վերահաշվարկ անելու մասին դիմում, այդ դեպքում ինչպե՞ս էր ապահովվելու օրենքի կիրառությունը: Այս հարցին, սակայն, Քրմոյանը չկարողացավ որեւէ հոդաբաշխ պատասխան տալ:
Մինչդեռ այս հանրաքվեի ընթացքում կրեատիվ մոտեցում ցուցաբերելու դեպքում ընդդիմությունը կարող էր պարզապես կաթվածահար անել ԿԸՀ-ի գործունեությունը` առնվազն մի քանի հարյուր ընտրատեղամասերում վերահաշվարկ պահանջելով, եւ օրենքով սահմանված ժամկետում դրա իրագործման անհնարինության պարագայում վիճարկել հանրաքվեի արդյունքների լեգիտիմությունը:




Լրահոս