ՕՐՎԱ ԽՃԱՆԿԱՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՄԻԱՅՆ ՑՈՒՅՑԻՑ ՀԵՏՈ
«Եթե մեր աշխատավարձի պարտքերը տան, բոլորս միանգամից միլիոնատեր կդառնանք»,-«Առավոտ»-ին ասել են «Նաիրիտ» գործարանի աշխատակիցները, որոնք երեկ ՀՀ կառավարության, ապա նախագահականի շենքի առաջ բողոքի ակցիա են արել`  պահանջելով իրենց 12 ամսվա չվճարված աշխատավարձերը: Նաիրիտցիների խոսքով՝ իրենք ստիպված են 3-4 ամիսը մեկ այսպիսի ակցիաներ անել, որպեսզի գոնե մեկ ամսվա աշխատավարձ ստանան. «Որեւէ մեկին չի հետաքրքրում, թե մենք ինչպես ենք վճարում գազի, լույսի, ջրի վարձերը, էլ չենք ասում՝ ապրելու համար որքան պարտքեր ենք կուտակել: Ինչի՞, վարչապետը, նախագահը չգիտե՞ն, որ այս վիճակն է, ամեն անգամ պիտի ցո՞ւյց անենք, որ աշխատավարձ տան»:

ԿՇՏԿԻ` ՆՈՐ
ԱԺ էթիկայի ժամանակավոր հանձնաժողովը դեռեւս վարույթ չի ընդունել Երեւանի «Մոսկվայի տան» տնօրենի դիմումը: «Որոշակի խնդիրներ կան՝ դիմումին ներկայացվող ձեւական պահանջների հետ կապված, ինչի մասին դիմումի հեղինակը կտեղեկացվի, կշտկի, որից հետո հանձնաժողովը կորոշի ընթացքը»,-լրագրողներին հայտնել է հանձնաժողովի նախագահ, հանրապետական Դավիթ Հարությունյանը: Հիշեցնենք, որ դիմումն ուղղված է  ԱԺ պատգամավոր Նաիրա Կարապետյանի դեմ, որը, ըստ դիմումատուի, իրեն վիրավորել եւ անգամ հայհոյել է:

ՏՈՒՅԺԵՐԸ ՇԱՏ ԵՆ
«Արմավիա»-ն հրապարակել է ՀՀ պետբյուջեի նկատմամբ ունեցած պարտքերի ցուցակը՝ միաժամանակ հավելելով, որ դրանց չափն իր համար այնքան մեծ չէ, որքան դրանց նկատմամբ առաջացած տույժերը: ՀՀ ազգային փոխադրողը պարտքերը կուտակել է 2010թ.-ից ի վեր` ընդհանուր 24 մլրդ 269 մլն 365 հազ. դրամ: «Արմավիա»-ն, սակայն, փաստում է, որ այս գումարից միայն շուրջ 7 մլրդ-ն է բուն պարտքը, իսկ մնացած 17 մլրդ-ը գոյացել է 3 տարիների ընթացքում ընկերության նկատմամբ կիրառված տույժերի արդյունքում:

«ՄԱՆԿԱՊԻՂԾՆԵՐԸ»
Աջափնյակ վարչական շրջանի 16-րդ թաղամասի բնակիչ Վահե Սարգսյանը նամակ է ուղարկել «168 ժամ»-ի խմբագրությանը, որում պատմել է, թե ինչպես են Աջափնյակի մանկական բացօթյա այգում անցկացնում միջոցառումները: Ըստ այդմ՝ կազմակերպիչները, երեխաների հետ խաղերի ընթացքում բացահայտ քարոզչություն իրականացնելով, փորձում  լվանալ նրանց  ուղեղները. «Դե՛, սիրելի՛ փոքրիկներ, ինչպե՞ս եեենք, չե՞նք պատրաստվում, չէ՞, փչացնել կանաչ տարածքները, կոտրել սղարանները, կեղտոտել խաղահրապարակները, ապրենք: Չենք մոռանում, չէ՞, որ այդ ամենը մեր համար ո՞վ է ստեղծեեեեե՞լ, մեր շատ սիրելի քաղաքապեեետ ՏԱԱԱ-ՐՈՈՈՈՆ ՄԱՐ-ԳԱՐ-ՅԱԱԱԱՆԸԸԸ, ապրեեեեք դուք, մեր շա՛տ սիրելի մանուկնեեր: Դե՛, սիրելինե՛րս, քանի որ մեր շատ սիրելի, մեր շաաատ հարազատ քաղաքապետը Տարոն Մարգարյաաանն էէէ, այժմ կազմում եեեենք շըըր-ջաաան: Ապրեեեեեք դուք, սիրելի՛ մանուկներ, աղվեսնե՛ր, գայլուկնե՛ր, շունիկնե՛ր, ձեր պապիկ-տատիկներին, մայրիկներին ու հայրիկներին, բոլոր մեծերին չեք մոռանա ասել, չէ՞, որ այս ամենը ձեր համար ո՞վ է կազմակերպեեե՞լ, ՏԱԱԱ-ՐՈՈՈՈՆ ՄԱՐ-ԳԱՐ-ՅԱԱԱԱՆԸԸԸ, ապրի մեր շաատ սիրելի քաղաքապետը»:

ՕՍԿԱՆՅԱՆԸ` ԶՈՀՐԱԲՅԱՆԻ ՓԵՇԻ ՏԱ՞Կ
ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ԲՀԿ ցուցակը գլխավորող Վարդան Օսկանյանի մասին ասել է. «Երեւանի դարդ ու ցավով «ահավոր» մտահոգված Վարդան Օսկանյանը քարոզարշավի ողջ ընթացքում այդպես էլ չկարողացավ երեւանցիների հետ հանգիստ ու նորմալ շփում հաստատել, այդպես էլ չկարողացավ միայնակ գեթ մեկ հանդիպում անցկացնել: Ավելի լավ չէ՞ր լինի գոնե Գագիկ Ծառուկյանի ձեռքը բռնած շրջել Երեւանում, քան տիկին Զոհրաբյանի փեշի տակ աքլորանալ խոսացող դեմքերից խրոնիկ հոգնած եւ աշխատող ձեռքեր գնահատող երեւանցիների առջեւ: Երեւանը, իհարկե, ոչ ոք «բրոնյա» չի արել: Ի դեպ, մեր բհկ-ական գործընկերներն այդպես էլ չեն կարողանում մատնանշել այդ արտահայտության սկզբնաղբյուրը: Սակայն, հարգելի պարոն Օսկանյան, հիշեք, խնդրում եմ, որ Երեւանը հաստատ նաեւ քաղաքական «խոպանի» տեղ չէ»,-մասնավորապես գրել է Աշոտյանը:




Լրահոս