ՆԱԽԱՐԱՐԻ ԻՄԻՋԸ ԲԱՐՁՐԱՑՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՀՀ ԱՐՏԱՔԻՆ PR-Ը ՏԱՊԱԼԵՑԻՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երբ 2008 թվականին Սերժ Սարգսյանը մարտի 1-ի զոհերի գնով զբաղեցրեց ՀՀ նախագահի աթոռը, զինված ուժերի գլխավոր շտաբի պետը Սեյրան Օհանյանն էր: Ու մայրաքաղաք Երեւանը զինվորական «պալիգոնի» վերածած Օհանյանը կարճ ժամանակ անց՝ արյունալի իրադարձություններից մոտ մեկ ամիս հետո, նշանակվեց ՀՀ պաշտպանության նախարար: Այդ օրվանից ՊՆ-ում սկսեցին խաղի շատ կանոններ փոխվել, եւ հիմա մենք քաղում ենք դրանց պտուղները:

ՊՆ նշանակվելու առաջին օրից մամուլը հաճախ գրում էր, որ Սեյրան Օհանյանի եւ ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ Յուրի Խաչատուրովի հարաբերությունները լաված են, նրանք չեն կարողանում իրար հետ աշխատել: Ահա, այս հանգամանքն օգտագործելով՝ Սեյրան Օհանյանն իր երիտասարդ թիմով ՊՆ-ի բոլոր ձախողումները «տակից» բարդում էր Խաչատուրովի վրա: Այդ ժամանակ մատուցվում էր, թե Սեյրան Օհանյանը կառավարման առավել թափանցիկ մոդելի կողմնակից է, ինչը չի ընդունվում Յու. Խաչատուրովի կողմից: Բայց տարիներ անց՝ հիմա արդեն, հասկանալի է դառնում, որ այդ ժամանակահատվածում Օհանյանը պարզապես իր համար թիմ էր հավաքում, որպեսզի առավել անկաշկանդ գործի, քանի որ թափանցիկության առումով առանձնապես առաջընթաց չնկատվեց այս 8 տարիների ընթացքում: Անգամ բանակին ինչ-որ բան մատակարարող ընկերությունների անուններն են այսօր համարվում պետական գաղտնիք, իսկ իրապես գաղտնիք պարունակող շատ նյութեր երբեմն ինչ-ինչ ճանապարհներով սպրդում են համացանց:
Այսպիսով, կամաց-կամաց ՊՆ-ն իր համար ձեւավորեց սիրելիների ու թշնամիների բանակ: Առաջինների համար ամեն ինչ կարելի է՝ ընդհուպ մինչեւ առաջնագիծ գնալն ու նկարահանումներ անելը, իսկ երկրորդներից պաշտպանվում են՝ ինչպես ամենավտանգավոր ախոյանից: Առաջիններն արժանանում են մեդալների ու պարգեւների, երկրորդները բամբասանքի թիրախ են դառնում: Թվում էր, թե ՊՆ-ի խորհրդավոր գործելաոճը նոր, թարմ, կրեատիվ քարոզչական հնարքներով մեր պաշտպանական գերատեսչության ներքին ու արտաքին PR-ն այնպիսի մակարդակի է հասցնելու, որ իսկապես տարածաշրջանի մարտունակ բանակի համբավը հնարավոր կլինի ողջ աշխարհով տարածել: Բայց ոչ, քարոզչական առումով ՊՆ-ն շարունակում է կաղել: Այն կառուցված է բացառապես ներքին լսարանի՝ ընդ որում, ցածր ինտելեկտ ունեցող խավի ուշադրությանն արժանանալու եւ ՊՆ Սեյրան Օհանյանին որպես համեստ պաշտոնյա մատուցելու վրա: Թե որքանով է ստացվել, ընթերցողները կդատեն: Համենայնդեպս, համեստ պաշտոնյայի կինը մամուլի դեմ քմահաճ պատերազմ չէր սկսի ու իր դիրքն օգտագործելով՝ հաղթանակ ապահովեր դատարանում:
Ինչեւէ, հիմա փորձենք հասկանալ, թե ինչու արցախյան ազատամարտի տարիներից հետո առաջին անգամ ադրբեջանական զինուժը հրասայլեր՝ տանկեր գործի դրեց: Ինչպես հայտնի է՝ վերջին երկու օրերին ողջ համացանցը ողողված էր տեսանյութով, թե ինչպես է հայկական զինուժը ոչնչացնում Ադրբեջանի դիրքերը: Բնականաբար, շարքային քաղաքացիների մեջ կան այնպիսիք, ովքեր ոգեւորվում են, թե ինչ ուժեղ ենք, բայց անգամ բանակի հետ առնչություն չունեցող մարդուն էլ պարզ է, որ ադրբեջանական զինուժը այդ տեսանյութից հետո ձեռքերը ծալած չէր նստի, պետք է հակահարված տար: Եւ ուրերմն արժե՞ր արդյոք գնալ նման ռիսկի:
Երեկ ՀՀ ՊՆ Սեյրան Օհանյանը պատասխանելով պատգամավոր Թեւան Պողոսյանի հարցին՝ ասաց. «Մեր հարեւանները միայն ուժի լեզվով են ուզում խոսել մեզ հետ: Երկխոսության համար հրադադար է պետք: Որպեսզի իմանանք, թե ովքեր են հրադադարը խախտողները, միջազգային հետաքննության մեխանիզմներ պետք է ձեւավորել, որը հնարավորություն կտա համանախագահներին թիրախային գնահատական տալու»: Այս խոսքերի հեղինակն արդյո՞ք չէր գիտակցում, որ համանախագահների հետ հանդիպման ժամանակ, երբ սկսի հերթական անգամ բողոքել ադրբեջանական ագրեսիայից, նրանք կարող են հակադարձել, որ Ադրբեջանը պատասխանել է ձեր ռազմական գործողություններին, ինչը տարածվել է հայկական կողմից: Ի՞նչ է ասելու Օհանյանը:
Պարզվում է՝ նախարարը Ադրբեջանի կողմից տանկային գործողությունների մեկնարկի համար այլ պատճառներ է տեսնում. «Նաեւ պարզ մարդկային տեսանկյունից, գիտեք՝ այս տարի՝ ամռանը, եվրոպական խաղերի ընթացքում, նոյեմբերի 1-ի Միլի մեջլիսի ընտրությունների ժամանակ մենք զսպեցինք կրակոցները: Իրենք հիմա ցույց են տալիս իրենց դեմքը հանրաքվեի ժամանակ»: Բայց հանրաքվեն վաղուց ավարտվել է. այն դեկտեմբեի 6-ին էր, իսկ հարձակումը արձանագրվեց դեկտեմբերի լույս 9-ին, երբ անգամ ընդդիմության հանրահավաքներն են դադարել:
Ու երեկ ոչ միայն քաղաքական, հասարակական, այլեւ դիվանագիտական շրջանակներում լրջորեն քննարկվում էր տեսանյութի տարածման դրական ու բացասական հնարավոր հետեւանքները: Եւ ակնհայտ է, որ դրանով մենք պարզապես խոսելու առիթ տվեցինք: Ու կարելի է ասել՝ մի տեսանյութը ջուրը գցեց տարիներ շարունակ ՀՀ-ի կողմից վարած արտաքին քաղաքական դիրքորոշման անկեղծությունը, քանի որ մինչեւ հիմա մենք հանդես էինք գալիս ոչ թե հարձակվողի, այլ պաշտպանվողի դիրքերից: Ագրեսորը Ադրբեջանն է, որը մշտապես սադրանքներ ու դիվերսիոն փորձեր է կազմակերպում:
Ու այս իրավիճակում մի հարց է մնում՝ արդյո՞ք արժեր հանուն «ուժեղ» նախարարի իմիջի ձեւավորման ՀՀ դիվանագետների «լեզուն կարճացնել»: Գոնե կարելի էր բավարարվել՝ խրոխտ տոնայնությամբ մի հոդված գրելով: Այն, թերեւս, ավելի քիչ վնաս կտար մեզ, ու երիտասարդ զինվորն էլ գուցե չզոհվեր:

ԹԱՄԱՐԱ ՄԻՔԱՅԵԼՅԱՆ

 

 

ԱՐՏԱՀԵՐԹ ԿԱՆԵՆ
«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ ՀՀ կառավարության՝ այսօր կայանալիք նիստում ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը հայտարարելու է խորհրդարանի արտահերթ նիստ գումարելու նախաձեռնությամբ հանդես գալու մասին: ԱԺ արտահերթ նիստը նախատեսվում է հրավիրել դեկտեմբերի 14-ին, որի օրակարգում կընդգրկվեն ՀՀ կառավարության ներկայացրած նախագծերը՝ հիմնականում համաձայնագրեր, պայմանագրեր եւ այլն: Երեկ ՀՀԿ-ականները նշում էին, որ իրենց համար անհասկանալի է մնում, թե ինչպես են կազմակերպելու ՀՀ Վերահսկիչ պալատի հաշվետվության քննարկումը, քանի որ ընդամենը մեկ օր է մնացել ԱԺ հերթական քառօրյային: Նշենք, որ մի քանի քառօրյա շարունակ ՀՀ ՎՊ-ն պետք է ներկայացնի իր տարեկան հաշվետվությունը, սակայն տարբեր նախագծերի քննարկումները «առաջ» են ընկնում, ու ՎՊ-ին ժամանակ չի մնում:

 

ՉԱՓԻՑ ՇԱՏ ԵՆ ԼՑՐԵԼ
Դեկտեմբերի 6-ին տեղի ունեցած սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի լցոնումների մասին լուրերը քաղաքական դաշտում շարունակում են ակտիվորեն տարածվել: «Ժողովուրդ»-ին լուրեր հասան, որ ՀՀԿ-ականները Երեւանում լցոնումներ իրականցնելիս այն աստիճան են չափն անցել, որ հաշվարկը սկսելուց առաջ փաստի առաջ են հայտնվել: Քվեարկության ավարտից հետո, երբ ՀՀԿ-ում սկսել են «հաշվարկել», տեսել են, որ թվերը, մեղմ ասած, իրար չեն բռնում, եւ կարող է այնպես ստացվել, որ քվեաթերթիկները քվեարկության մասնակցության թվից շատ ավել լինեն: Այսինքն՝ լցոնման փաստը ակնառու կդառնար նաեւ քվեարկության ամփոփված թվերով: Երբ ստեղծված իրավիճակի լրջությունը ՀՀԿ-ում հասկացել են, սկսել են «սրբագրում» օպերացիան: Ըստ այդմ, բոլոր այն տեղամասերում, որոնց «թվերի» հետ կապված կասկածներ են եղել, հանձնաժողովների ՀՀԿ-ական կեղծարարներին հանձնարարվել է եւս մեկ անգամ ստուգել եւ համոզվել, որ չափը չեն անցել, հակառակ դեպքում միջոցներ ձեռնարկել հավելյալ լցված քվեաթերթիկները «անհետացնելու» համար: Այս լուրի իսկությունը որեւէ կերպ հնարավոր չեղավ պաշտոնապես ճշտել:

 

ԻՐԵՆՑ ՏԱՐԻՆ ԱՎԱՐՏՎԵՑ
«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ ՀՀԿ-ականներն այսօր իրենց կուսակցության գործադիր մարմնի նիստ կհրավիրեն, որը ենթադրվում է, որ կլինի այս տարվա վերջին նման միջոցառումը: Ամենայն հավանականությամբ, իշխող կուսակցությունը կամփոփի անցնող տարին: Մասնավորապես, նրանք կարող են քննարկել, թե ինչպես իրենց հաջողվեց նման խայտառակ ձեւով հանրաքվեն կեղծել, ինչպես են ավելի ու ավելի խորացնում տնտեսական ճգնաժամը եւ ինչպես են Հայաստանի պետական պարտքը տարեկան մեկ միլիարդով ավելացնում: ՀՀԿ-ականները, թերեւս, կարող են իրենք իրենց գործունեությունից լիարժեք գոհ լինել. այս տարի նրանց հաջողվել է ստիպել, որ Հայաստանից եւս շուրջ 50 հազար մարդ արտագաղթի:

 

 

 
ՕՐՎԱ ԽՃԱՆԿԱՐ

ԱՌԱՆՑ ԿՈՊՏՈՒԹՅԱՆ
Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը, արձագանքելով 2-nd.am կայքի հարցին` սահմանադրական հանրաքվեի ընթացքում տեղ գտած կեղծիքների վերաբերյալ, ասել է.«Տեղի ունեցածը դժվար թե կարելի է անվանել սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ ժողովրդի կամարտահայտում: Տարբեր քաղաքական կուսակցությունների, հասարակական շարժումների, դիտորդների եւ լրատվամիջոցների կողմից արձանագրված կոպիտ խախտումների համատարած բնույթը հասարակական ընկալման մեջ հանրաքվեի արդյունքները զրկում է լեգիտիմությունից: Այդպիսի ընկալման հետեւանքները հղի են երկրի ապագայի համար բազմաթիվ վտանգներով»: Իհարկե, Սողոմոնյանը իրավացի է, այս անգամ խախտումներն, իրոք, կոպիտ էին, եւ դիտորդների համար տեսանելի` ի տարբերություն 2005 թ-ի «ուրվականների հանրաքվեի», որի ընթացքում ընտրատեղամասերում որեւէ կեղծիք չեղավ, եւ ամեն ինչ իրականացվեց շատ նուրբ` ԿԸՀ նախագահի «վրձնի մեկ հարվածի» արդյունքում:

 

ՎԱԽՃԱՆՎԵԼ Է
Դեկտեմբերի 8-ին վախճանվել է ՀՀ ԳԱԱ նախագահի խորհրդական, Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի մետափիլիսոփայության, փոխակերպական տրամաբանության եւ փաստարկման տեսության միջազգային ինստիտուտի նախագահ, փիլիսոփայական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Գեորգ Աբելի Բրուտյանը: Նրա հոգեհանգիստը տեղի կունենա դեկտեմբերի 10-ին, ժամը 18.00-ին, Երեւանի Սբ.Հովհաննես /Կոնդ/ եկեղեցում: Քաղաքացիական հոգեհանգիստը՝ դեկտեմբերի 11-ին, ժամը 12.00-ից 14.00-ը, ՀՀ ԳԱԱ նախագահության շենքում, հուղարկավորությունը` Երեւանի քաղաքային պանթեոնում:

 

ՆՌՆԱԿԱՁԻԳՆԵՐՈՎ
Ռուսաստանի Դաշնության Հարավային ռազմական օկրուգի՝ Հայաստանում տեղակայված «Կամխուդ» բարձրլեռնային զորավարժարանում սկսվել է ձեռքի եւ ավտոմատ նռնականետներով վարժանք, որին մասնակցելու է մոտ 150 նռնակաձիգ:

 

ՆՈՐ ՊԱՇՏՈՆ
Սերժ Սարգսյանի հրամանագրով՝ Արգենտինայում Հայաստանի դեսպան Ալեքսան Հարությունյանը համատեղության կարգով նշանակվել է Պերուում Հայաստանի դեսպան, նստավայրը` Բուենոս Այրես: Հիշեցնենք՝ Հարությունյանը Արգենտինայում Հայաստանի դեսպանն է 2014 թվականի դեկտեմբերի 31-ից։

 

ԱՌԱՆՑ ՎԻԶԱՅԻ
Եվրահանձնաժողովը պլանավորում է մոտ ժամանակներս չեղյալ համարել Ուկրաինայի եւ Վրաստանի համար վիզային ռեժիմը, գրում է Die Welt-ը՝ հղում անելով Բրյուսելում իրավիճակին իրազեկ դիվանագիտական աղբյուրներին: Ըստ այդմ, երկու երկրների համար ԵՄ երկրներ առանց վիզայի մուտքի թույլտվությունը կսկսի գործել 2016թ. կեսերին:




Լրահոս