ՏՀԱՃ ԽՈՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ ՀԻՎԱՆԴԱՆՈՑԻ ՏՆՕՐԵՆԻ ԵՎ ՆԱԽԱՐԱՐԻ ՄԻՋԵՎ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Շենգավիթ» ԲԿ-ի շուրջ աղմկալի իրադարձությունները չեն դադարում: Մահվան դեպքերը հաջորդում են միմյանց: «Ժողովուրդ»-ը ստեղծված իրավիճակի շուրջ զրուցեց «Շենգավիթ» բժշկական կենտրոնի բուժգծով փոխտնօրեն Դավիթ Մխիթարյանի հետ:

-Պարո՛ն Մխիթարյան, 2015 թվականի ընթացքում «Շենգավիթ» բժշկական կենտրոնում արդեն շուրջ երեք մահվան դեպք եղավ, եւ իրավապահները զբաղվում են: Հարազատները կատարվածում մեղադրում են բժիշկներին՝ ասելով, որ Ձեր հաստատությունում ամենաթողություն է:
-Ամենաթողության մթնոլորտում որեւէ հիմնարկ գործել չի կարող: Մեկ դեպքով հարուցված է քրեական գործ, նախաքննությունը շարունակվում է, դեռ համապատասխան մարմինները աշխատում են, չգիտենք, թե ինչպես է ավարտվելու այդ գործը, իսկ երկու դեպքերով նյութեր են նախապատրաստվում: Կարող եմ ասել, որ ցանկացած բժշկական կենտրոնում լինում են նման դեպքեր, եւ որեւէ մեկը չի կարող հերքել դա: Ցավոք սրտի, թյուր կարծիք է ստեղծվել, որ հիվանդանոցն այն տեղն է, ուր ամեն մտնողը պետք է առողջացած դուրս գա, ցավում եմ, մեր մասնագիտությունը սահմանային եզրեր ունի: Սա մի՛ գնահատեք որպես ցինիկ արտահայտություն, այլ սա փաստի ընդգծում է: Ինչ վերաբերում է մոտ օրերս արձանագրված երկու դեպքերին, ապա նշեմ՝ մի դեպքում պտուղը ծնվել է մահացած, մեռելածնությունը, ցավոք, դեռ կա, հիմա այդ մասով աշխատում են պատկան մարմինները: Երկրորդ դեպքում՝ դիահերձման արդյունքում ապացուցված է, որ երեխան ծնվել է կյանքի հետ անհամատեղելի ախտաբանական խնդիրներով:
-Այսինքն՝ նոյեմբերի 19-ի եւ 28-ի դեպքերով ԲԿ-ում բժշկական սխալ կամ թերություն չե՞ն տեսնում:
-Ոչ միայն չեմ տեսնում, ասեմ՝ նաեւ այստեղ բժշկական սխալ արտահայտությունը կիրառելի չէ, քանի որ երեխան ծնվել է կյանքի հետ անհամատեղելի խնդրով:
-Ինչպես գիտենք՝ 2015 հուլիսի 29-ին մահացել էր ծննդկան Մերի Մարգարյանը, եւ հարազատները կատարվածում մեղադրում են «Շենգավիթ» ԲԿ-ի բժիշկներին: ՀՀ քննչական կոմիտեում նախաքննությունը շարունակվում է, բայց ԲԿ-ն էլ իր հերթին է ներքին քննություն իրականացրել՝ հասկանալու համար, թե արդյո՞ք եղել է բժշկական սխալ: Ի՞նչ պարզեցիք:
-Դեպքը շատ աղմկահարույց էր: Բայց ուզում եմ հիշեցնել, որ Մերի Մարգարյանը մահացել է ոչ մեր բժշկական կենտրոնում, ոչ մեր անմիջական մասնակցությամբ, ինչը, ցավոք սրտի…
-Բայց փաստ է, որ «Շենգավիթ» բժշկական կենտրոնից Մերի Մարգարյանին բավարար վիճակով են դուրս գրել եւ ուղարկել «Էրեբունի» բժշկական կենտրոն, մինչդեռ «Էրեբունի» բժշկական կենտրոնում վերջինիս վիճակը գնահատել են ծայրահեղ ծանր: Այսինքն՝ ամեն ինչ սկսվել է «Շենգավիթ» ԲԿ-ից:
-Նախաքննությունն ունի թե՛ մեզ ուղղված հարցեր, թե՛ հայ բժշկական հիմնարկին ուղղված հարցեր, եւ այդ հարցադրումներին իրենք կտան լիարժեք պատասխաններ: Կգա ժամանակը, ամեն ինչ էլ կպարզվի:
-Իսկ ի՞նչ պարզեցիք Դուք՝ ԲԿ-ում ներքին քննություն իրականացնելով:
-Այ, այդ մեկը ես չեմ ուզում ասել, քանի որ ծառայողական քննություն է եղել, եւ այն եղել է մեր մակարդակով: Չեմ ասում այն պատճառով, որ դա գաղտնիք է, այլ քանի որ մեր քննությունը կարող է ազդել նախաքննության որեւէ էտապի վրա, երբ նախաքննությունը ավարտվի, մենք Ձեզ տեղեկությունը կտանք:
-Ըստ մեզ հասած տեղեկությունների` չնայած դեռեւս հայտնի չէ, որ Մերի Մարգարյանի գործով կա բժշկական սխալ, սակայն Բկ-ի տնօրինությունը, երբ ներքին քննություն է իրականացրել, որոշում է կայացրել արգելել Շուշանիկ Բախշյանին, որ նա որեւէ ծնունդ ընդունի կամ իր մոտ նոր հղիների գրանցի:
-Ոչ, նման բան չկա, նաեւ նշեմ՝ երբ տեղեկություններ տարածվեցին, թե նա լքել է երկիրը, չի համապատասխանել իրականությանը:
-Անգամ մի քանի օրո՞վ չի բացակայել երկրից:
-Այո՛, հանրապետությունը չի լքել, ընդամենը մի քանի օրով աշխատանքի չի եկել, քանի որ գտնվել է ծանր հոգեվիճակում: Իսկ ինչ վերաբերում է, թե մենք իրեն սահմանափակել ենք, այլ ընդամենը ադմինիստրացիան է իրեն ընդառաջել, որ այդ հոգեվիճակում գտնվող մարդը չգա եւ չշարունակի իր մասնագիտական գործունեությունը: Մենք իրավական որեւէ հիմք չունենք՝ զրկելու աշխատելու իրավունքից:
-Ստեղծված իրավիճակի շուրջ ՀՀ առողջապահության նախարարը Ձեզ նկատողություն չի՞ արել, գոնե տհաճ խոսակցություն էլ չեք ունեցե՞լ:
-Հարցադրումը, թույլ տվեք ասել, չեմ համարում կոռեկտ, մի մարդուն եք տալիս հարց, որը ընդամենը հիմնարկի բժշկական տնօրեն է, չեմ ուզում մեկնաբանել այնպիսի հարցեր, որոնք չեն մտնում իմ կոմպետենցիայի մեջ: Պետք է ասեմ, որ առողջապահության նախարարը շատ խիստ է դրել հարցը, այո՛, ունեցել եմ տհաճ խորհրդակցության ներկա լինելու առիթ, ունեցել եմ ինձ համար բավականին տհաճ ու լուրջ խոսակցություն նախարարի հետ, ով դրել է մի քանի հարցեր: Իսկ ի՞նչ էին կարծում, որ նախարարը պետք է ոչ մի ռեակցիա չտա՞ր այդ ամենին:
-Կմանրամասնեք՝ ինչ բովանդակության տհաճ խոսակցություն էր:
-Իհարկե ո՛չ, Ձեզ ինտոնացիա՞ն է պետք կրկնեմ, թե՞ բառերը, ո՛չ: Ուզում եմ օբյեկտիվ ասել այն, ինչ կա, նախարարը կլինիցիստ է, որն ունի ե՛ւ կլինիկական աշխատանքի, ե՛ւ ադմինիստրատիվ աշխատանքի փորձ: Նա՝ որպես բժիշկ, փորձել է հասկանալ բոլոր նյուանսները կլինիկական տեսանկյունից: Եթե որեւէ մեկը կարծում էր, որ նախարարը պետք է կանչեր «Շենգավիթ» ԲԿ-ի տնօրինությանը եւ ասեր, թե տղանե՛ր, ապրեք, որ նման դեպք եք ունեցել, ապա դա միամտություն է: Իհարկե, ունեցել ենք տհաճ խոսակցություն, քննարկումեր եւ ոչ միայն նախարարի մակարդակով:
-«Ժողովուրդ»-ը գրել էր, որ ԲԿ-ի աղմկահարույց դեպքերից հետո հիվանդանոցի տնօրեն Սերգեյ Ուռումյանին առողջապահության նախարարությունում գործող մանկաբարձագինեկոլոգիական խորհուրդից հեռացրել են: Ու չի բացառվում, որ եթե վերոնշյալ գործերով հաստատվի բժիշկների սխալը, Սերգեյ Ուռումյանին զրկեն նաեւ Երեւանի գլխավոր մանկաբարձ-գինեկոլոգ կոչումից: Որքանո՞վ եք այս հեռանկարն իրական համարում:
-Իմ անձնական կարծիքով շատ օբյեկտիվ էր այն մոտեցումը, որ Սերգեյ Ուռումյանին հանել են այն հանձնաժողովի կազմից, որը պետք է քններ դեպք, որը մեր կլինիկայում է կատարվել: Որքանո՞վ օբյեկտիվ կլիներ, որ նա մնար այդ կազմում: Օբյեկտիվությունը պահպանելու համար դա անհրաժեշտ քայլ էր: Իսկ ինչ վերաբերում է կանխատեսումներին, ես որեւէ բան չեմ կարող կանխատեսել:
-ԲԿ-ի շուրջ աղմկալի պատմություններն այսքանով չեն ավարտվում: Ըստ մեզ հասած տեղեկությունների՝ հիվանդանոցում կրճատումներ են սկսվել:
-Անցած 6 տարիներին որեւէ կրճատում չի եղել: Բժիշկները գնում եւ գալիս են, բժիշկը ազատ մասնագետ է, կալանավոր չէ:
-Օրինակ՝ Նունե Մանշուրյանը, Հայկ Հարությունյանը տեղափոխվել են այլ բժշկական կենտրոն, ի՞նչն է պատճառը:
-Նրանց տեղաշարժը բնական է: Չեմ կարող բռնանալ, երբ մարդը ասում է, որ բացվել է մի կենտրոն, որտեղ այս պահին ինձ առաջարկում են այլ լավ պայմաններ, ի՞նչ պետք է անի ԲԿ-ն, ասի՝ ո՛չ, ես ցանկանում եմ մնաք այստե՞ղ:
Զրույցի ամբողջական տարբերակը՝ ArmLur.am կայքում

Զրուցեց ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆԸ

 

 

 
ՊԵՏԱԿԱՆ ԴԱՎԱՃԱՆՈՒԹՅՈՒՆ
Երեկ ազգային անվտանգության ծառայությունը հաղորդագրություն էր տարածել, որ օպերատիվ-հետախուզական միջոցառումների ընթացքում, 2015թ. դեկտեմբերի 4-ին ձերբակալվել է ՀՀ քաղաքացի, Արմավիրի մարզի բնակիչ, պահեստազորի մայոր Գարիկ Մարությանը: Ըստ ԱԱԾ-ի` 38-ամյա Գարիկ Մարությանը զբաղեցրել է ՀՀ ՊՆ տարբեր զորամասերի հետախուզության պետի պաշտոնները, իսկ ավելի ուշ հայտնի է դարձել, որ վերջինս համացանցային սոցիալական կայքերի միջոցով կապ է հաստատել Թուրքիայում գործող ադրբեջանական հատուկ ծառայությունների հետ եւ վարձատրության դիմաց նրանց փոխանցել ծառայության բերումով իրեն հայտնի դարձած, այդ թվում պետական գաղտնիք պարունակող տվյալներ:
Արդյունքում փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 299-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով, Գարիկ Մարությանին առաջադրվել է մեղադրանք՝ պետական դավաճանության համար:
Ի՞նչ գաղտնիքներ կարող էր նախկին ՊՆ աշխատակիցը հայտնել հակառակորդին եւ, առհասարակ, արդյո՞ք երկար տարիներ հետախույզ աշխատելով՝ նա կարող էր գնալ այդ քայլին: Այս եւ այլ հարցերի պատասխանը ստանալու ակնկալիքով ArmLur.am-ը զրուցեց Գարիկ Մարությանի հարազատներից մեկի հետ, որի անունը հարգելի պատճառներով չենք հրապարակում:
Մեր զրուցակցից պարզեցինք, որ Գարիկ Մարությանն արդեն 10 տարի է՝ բնակվում է Արմավիրի մարզի Հայթաղ համայնքում, կնոջ եւ երկու որդիների հետ: Նրա փոխանցմամբ՝ Գարիկի տեսակը չէր կարող դավաճան լինել, քանի որ նա իր կյանքի լավագույն տարիները հայրենիքին եւ հայոց բանակին է նվիրել. «Նախորդ տարի, երբ սահմանին իրադրությունը կտրուկ վատացավ, նա առաջին գծից չէր իջնում: Ինչպե՞ս կարող է թուրքի դեմ դուրս եկած հայը թուրքի համար աշխատի: Մարդ, ով երկու որդի ունի ու ոչ մեկի ծնունդն անգամ չի տեսել ու մշտապես դիրքերում է եղել, ինչպե՞ս կարող է թուրքի հետ համագործակցել»:
Հարազատները, բնականաբար, չեն հավատում կատարվածին, իսկ թե ինչ կպարզվի քննության ընթացքում, ցույց կտա ժամանակը:
Հիշեցնենք, որ ՀՀ ազգային անվտանգության ծառայության կողմից իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում 2014 թվականի հունվարի 31-ին ձերբակալվել էր ՀՀ ոստիկանության նախկին աշխատակից, ոստիկանության գնդապետ, Երեւան քաղաքի բնակիչ, 61-ամյա Խաչիկ Մարտիրոսյանը: Ըստ տեղեկությունների՝ վերջինս ֆինանսական օժանդակություն ստանալու ակնկալիքով 2013թ. օգոստոսին սեփական նախաձեռնությամբ դիմել էր Վրաստանում Ադրբեջանի դեսպանություն ու կապ հաստատել դեսպանության քողի տակ գործող ադրբեջանական հատուկ ծառայությունների աշխատակիցների հետ՝ առաջարկելով իր ծառայությունները:
Արդյունքում, Մարտիրոսյանը Ադրբեջանի հատուկ ծառայություններից ստացել էր ռազմական բնույթի տեղեկություններ ձեռք բերելու առաջադրանքներ եւ դրանք կատարելու նպատակով ձեռնարկել գործուն քայլեր: Իր կողմից ձեռք բերված տեղեկությունները նա մտադրված է եղել փոխանցել ադրբեջանցիներին, ինչը, սակայն, չէր հասցրել:

ՏԱԹԵՎ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

 

 
ՎԵՐՋԻՆ ՓՈՒԼԸ
«Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի վարչության անդամ Րաֆֆի Հովհաննիսյանը երեկ Ազատության հրապարակում հնչեցրել է Սերժ Սարգսյանի պաշտոնանկության պահանջ: Ուշագրավ է, որ Հովհաննիսյանն այդ պահանջը հնչեցրել է իրենց սկսած անհնազանդության պայքարի իններորդ օրը, երբ մասնակիցների թվաքանակը գնալով պակասում է, եւ իրենց հաղթելու շանսերն էլ` զրոյանում: Հովհաննիսյանը երեկ հայտարարել է, թե ուրբաթ օրվա հանրահավաքով պայքարի վերջին փուլն է մեկնարկում։ «Ոչ մեկը չգիտի՝ այդ ո՛ր օրն է, որ նշվելու է մեր երեխաների, թոռնիկների դասագրքում, բայց այդ օրը կլինի, միգուցե անակնկալ կլինի։ Ուրբաթ օրվանից սկսվում է վերջին արարը, վերջնախաղը, պատվով կատարեք այդ վերջնախաղը, պարո՛ն Սարգսյան։ Ազատի որդի Սե՛րժ, ուժեղ եղի՛ր եւ հրաժարական տո՛ւր»։




Լրահոս