ՀՀ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՊԱՀՈՒՍՏՆԵՐԸ ԿՐԿԻՆ ՆՎԱԶՈՒՄ ԵՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ իշխանությունները բյուջեն փրկելու նպատակով շարունակում են ծախսել Հայաստանի միջազգային պահուստները: Այս փաստն ի հայտ է գալիս, երբ ուսումնասիրում ենք Հայաստանի միջազգային պահուստների վերաբերյալ ՀՀ կենտրոնական բանկի հրապարակած վերջին տվյալները:

Հայաստանի միջազգային պահուստներն անընդհատ ծախսելու վերջին տարիների պատմությունը սկսվել է անցած տարվա հունվարից: Այսպես, 2014-ի հունվարի 1-ի դրությամբ Հայաստանի միջազգային պահուստները կազմում էին 2 միլիարդ 251 միլիոն 600 հազար դոլար: 2015 թվականի հունվարին դրանք նվազեցին մինչեւ 2 միլիարդ 113 մլն 500 հազար դոլար, մեկ ամիս անց այդ գումարը դարձավ 2 մլրդ 13 մլն 500 հազար դոլար: Ամեն ամիս նվազելով՝ այս տարվա փետրվարի վերջի դրությամբ Հայաստանի միջազգային պահուստների թիվը կազմեց 1 մլրդ 260 մլն 900 հազար դոլար: Այսինքն՝ մեկ տարի, երկու ամսում ՀՀ կառավարությունը հասցրել էր պետության միջազգային պահուստներից ծախսել շուրջ մեկ միլիարդ դոլար:
Այս տարվա մարտից միջազգային պահուստները կրկին սկսեցին աճել: ՀՀ կառավարությունը Հայաստանի միջազգային պահուստների համալրումն հիմնականում իրականացնում էր տարբեր վարկային միջոցների հաշվին: Իհարկե, պաշտոնապես այդ մասին չէր հայտարարվում, բայց ոչ պաշտոնական խողովակներով հայտնի էր դարձել, որ, օրինակ, անցած տարվա մարտին, երբ Հայաստանը 500 մլն դոլարի միջազգային պարտատոմսեր էր թողարկել` եվրաբոնդեր, ստացված գումարից 200 մլն դոլարն ուղղվել էր ՀՀ միջազգային պահուստների համալրմանը: Հաջորդած ամիսներին եւս ՀՀ միջազգային պահուստներ շարունակեցին համալրվել: Այս տարվա հուլիսի վերջի դրությամբ ՀՀ միջազգային պահուստները կազմում էին 1 մլրդ 702 մլն 500 հազար դոլար:
Սակայն օգոստոսից սկսած, երբ արդեն պարզ դարձավ, որ հարկեր եւ տուրքերի մասով պետբյուջեի մուտքերը ընթացիկ տարում թերակատարվելու են, ՀՀ միջազգային պահուստները կրկին սկսեցին նվազել: Դեկտեմբերի 1-ի դրությամբ, ըստ ՀՀ ԿԲ-ի, Հայաստանի միջազգային պահուստները կազմում են 1 մլրդ 549 մլն 700 հազար դոլար: Այսինքն՝ չորս ամսում` օգոստոսից-նոյեմբեր ժամանակահատվածում, ՀՀ կառավարությունը միջազգային պահուստներից ծախսել է 152 մլն 800 հազար դոլար:
Ստորեւ բերված աղուսյակում ներկայացված է Հայաստանի միջազգային պահուստների չափը՝ սկսած 2013 թվականի դեկտեմբերից:
ամիս/տարի միջ.պահուստ
12/2013 2 մլրդ 251.6 մլն $
01/2014 2 մլրդ 113.5 մլն $
02/2014 2 մլրդ 13.5 մլն $
03/2014 1 մլրդ 970.3 մլն $
04/2014 1 մլրդ 879.2 մլն $
05/2014 1 մլրդ 866.8 մլն $
06/2014 1 մլրդ 784 մլն $
07/2014 1 մլրդ 912.6 մլն $
08/2014 1 մլրդ 751.2 մլն $
09/2014 1 մլրդ 663.3 մլն $
10/2014 1 մլրդ 671 մլն $
11/2014 1 մլրդ 537.6 մլն $
12/2014 1 մլրդ 489.4 մլն $
01/2015 1 մլրդ 351.1 մլն $
02/2015 1 մլրդ 260.9 մլն $
03/2015 1 մլրդ 491.6 մլն $
04/2015 1 մլրդ 495.8 մլն $
05/2015 1 մլրդ 598.7 մլն $
06/2015 1 մլրդ 545.7 մլն $
07/2015 1 մլրդ 702.5 մլն $
08/2015 1 մլրդ 646 մլն $
09/2015 1 մլրդ 625.5 մլն $
10/2015 1 մլրդ 582.3 մլն $
11/2015 1 մլրդ 549.7 մլն $
Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Հայաստանի տնտեսությունը շարունակում է անկում ապրել, եւ որ անգամ իշխանություններն են խոսում այն մասին, որ եկող տարին տնտեսական տեսանկյունից բարդ է լինելու, ուստի կարելի է ենթադրել, որ մի քանի ամսից կամ մեկ տարի անց կարող է պարզվել, որ Հայաստանի պետական պահուստներից բան չի մնացել: Իսկ իշխանությունները կշարունակեն խոսել տնտեսական աճի եւ Հայաստանը իբր թե զարգացնելու ձգտումների մասին:

ՎԱՀԱԳՆ ՀՈՎԱԿԻՄՅԱՆ

 

 

 
ԹՈՇԱԿԸ ՏՎԵԼ ԵՆ ՈՒ ՀԵՏ ՎԵՐՑՐԵԼ
Երեկ «Ժողովուրդ»-ի խմբագրություն զանգահարեց Երեւանի բնակիչ Պետրոս Մարոնյանը, ով հայտնեց, որ իր մտերիմներից մեկը՝ 90-ամյա Պատվական Պատվականյանը, դեկտեմբերի 8-ին մահացել է: Սակայն այնպես է ստացվել, որ Պ. Պատվականյանի մահվան օրը փոստատարը թոշակը տուն է բերել, որն էլ մահացածի կինն է ստացել: Եւ թոշակը մահացածի կնոջը փոխանցելուց հետո փոստատարը հարեւաններից տեղեկացել է, որ Պատվականյանը մահացել է: Նույն օրվա ընթացքում փոստատարը զանգահարել է մահացածի հարազատներից մեկին՝ Պետրոս Մարոնյանին, եւ զգուշացրել, որ գալիս է, հետ վերցնի տված 50 հազար դրամ թոշակը:
«Պատվականյանն արդեն երկու տարի էր, ինչ անկողնային հիվանդ էր: Ամուսիններով էին ապրում. կինը մնաց միայնակ: Ուղղակի անհասկանալի եղավ մեզ համար փոստատարի պահվածքը: Մեզ միայն հետաքրքիր է՝ ինչու նա հետ վերցրեց թոշակը, այն դեպքում, երբ այն դեռ պետք է քաղաքացուն հասներ ամսվա երրորդ աշխատանքային օրը: Իսկ հոգեհանգստի արարողութունը պետք է տեղի ունենա այսօր: Գուցե ընտանիքին գումա՞ր է հարկավոր»,- ներկայացրեց Պատվականյանի հարազատը՝ Պ. Մարոնյանը:
Խնդրի առնչությամբ «Ժողովուրդ»-ը դիմեց ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության պետական ծառայության պետի մամլո խոսնակ Արամայիս Շահբեկյանին: Վերջինս նշեց, որ յուրաքանչյուր կենսաթոշակառու ամեն ամիս ստանում է տվյալ ամսվա կենսաթոշակը, ընդ որում, ՀՀ օրենսդրությամբ եւ համապատասխան իրավական ակտերով նախատեսված է նաեւ, որ եթե նույնիսկ կենսաթոշակառուն մահանում է տվյալ ամսվա մեջ (օրինակ՝ ամսի 1-ին), ապա նրա իրավահաջորդ(ները) իրավասու են ստանալ այդ ամսվա կենսաթոշակն ամբողջությամբ:
«Ուստի 2015 թվականի դեկտեմբեր ամսվա չստացած կենսաթոշակի համար կարող են դիմել մահանալու պահին նույն հասցեում հաշվառված անձը իր հասցեն սպասարկող սոցիալական ապահովության տարածքային բաժին՝ ներկայացնելով հետեւյալ փաստաթղթերը` անձը հաստատող փաստաթուղթը եւ դրա պատճենը, հանրային ծառայությունների համարանիշը, մահվան վկայականը, ինչպես նաեւ՝ դիմում չստացած կենսաթոշակի գումարի վճարման վերաբերյալ»,- պարզաբանեց Շահբեկյանը:
«Ժողովուրդ»-ը հետեւողական կլինի եւ ընթերցողին կներկայացնի՝ մահացած քաղաքացու հարազատները ստացա՞ն նրա թոշակը, թե՞ ոչ:

ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ

 

 
ԻՆՉՊԵՍ ՄՍԽԵԼ ԲՅՈՒՋԵԻ ՓՈՂԵՐԸ
Դիլիջան-Իջեւան ավտոճանապարհի եզրին շինարարական մեծ հրապարակ է.Աղստեւ գետի վրա կառուցվում է նոր կամուրջ: Դրա շինարարությանը չխանգարելու համար Աղստեւի համար նոր հուն են բացել: Շինհրապարակում աշխատում են տասնյակ բանվորներ, շինարարական մեծ կռունկ է գործում: Կամրջի կառուցման աշխատանքներն իրականացնում է «Սահակյանշին» ընկերությունը, որի բանվորները չկարողացան ասել, թե երբ կամուրջը կգործարկվի: Նշենք, որ կառուցվող կամուրջը ավտոճանապարհը միացնելու է Դիլիջանի կինոմոտոգրաֆիստների տան հետ, որը դարձել է Պետական եկամուտների կոմիտեի Դիլիջանի ուսումնական կենտրոն: ՀՀ նախագահի պաշտոնական կայքէջից տեղեկանում ենք, որ 2014թ. ապրիլի 19-ին Սերժ Սարգսյանը եղել է վերոհիշյալ ուսումնական կենտրոնում, ուր երկրի ղեկավարին ասվել է, որ նոր ուսումնական կենտրոնի շինարարական աշխատանքները կավարտվեն 2015թ. սկզբին: Մոտենում է 2016 թվականը, սակայն այդտեղ շինարարական աշխատանքները չեն ավարտվում: Դրանք կլանում են պետական բյուջեի հսկայական միջոցներ: Անհասկանալի է դեպի ուսումնական կենտրոն կարճ ճանապարհ ունենալու համար մեծ կամրջի կառուցման նպատակահարմարությունը, երբ այդ կենտրոն տանող, թեկուզ մի քիչ երկար, բայց ճանապարհ կա: Տավուշի մարզի սահմանամերձ Բերքաբեր գյուղ տանող, ռազմավարական նշանակություն ունեցող ճանապարհը բարեկարգ չէ: Չնայած գյուղացիների խնդրանքներին, պետական բյուջեի միջոցներով գյուղ մտնող ճանապարհը չի նորոգվում: Պատճառաբանում են, որ փող չկա: Փաստորեն` ՊԵԿ Դիլիջանի ուսումնական կենտրոնի համար հսկա կամուրջ կառուցելու նպատակով պետբյուջեում փող գտնվել է, իսկ սահմանամերձ Բերքաբերի «կյանքի ճանապարհի» համար՝ ոչ:

 

ԱՆՀԱՐԿԻ ՁԳՁԳՈՒՄ
2015թ. օգոստոսի 5-ին Իջեւանում Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանը ոստիկանության Իջեւանի բաժնի նախկին պետ Անդրանիկ Ազիբեկյանին ՀՀ քրեական օրենսգրքի 308 հոդվածի 2-րդ մասով դատապարտել է 5 տարի ազատազրկման: Դատարանը նույն հոդվածով Տավուշի քննչական բաժնի պետի նախկին տեղակալ Արտակ Ավետիսյանին դատապարտել է 4 տարվա ազատազրկման, իսկ քրեական օրենսգրքի 258 հոդվածի 4-րդ մասով Իջեւանի «Իջեւանատուն» ռեստորանահյուրանոցային համալիրի սեփականատեր Անդրանիկ Խոջումյանին՝ վեցուկես տարվա ազատազրկման: Գործն առնչվում է 2015թ. ապրիլի 1-ին «Իջեւանատուն» համալիրի մոտ հնչած կրակոցների կապակցությամբ հարուցված քրեական գործի տվյալները կեղծելուն: Ա. Ազիբեկյանը նախաքննության եւ դատաքննության ընթացքում իրեն մեղավոր չի համարել: ՀՀ քրեական գործերով վերաքննիչ դատարանում այդ գործով բողոքի քննությունը նշանակված էր հոկտեմբերի 5-ին: Այդ օրը վերաքննիչ բողոքը չի լսվել դատարանի կազմի չհամալրվելու պատճառով: Վերաքննիչ դատարանում հոկտեմբերի 27-ի նիստը չի կայացել դատավորների վերապատրաստման պատճառով: Նոյեմբերի 26-ի նիստն էլ չի կայացել դատարանի կազմի՝ մեկ այլ քրեական գործով խորհրդակցական սենյակում գտնվելու պատճառով: Ազիբեկյանի հարազատներից տեղեկացանք, որ դեկտեմբերի 9-ի նիստը եւս չի կայացել դատարանի ծանրաբեռնված աշխատելու պատճառով: Հաջորդ նիստը նշանակված է դեկտեմբերի 11-ին: Հավանաբար իշխանությունները դեռ չեն որոշել, թե զոհված ազատամարտիկի եղբայր, սահմանամերձ Կոթիի բնակիչ Անդրանիկ Ազիբեկյանի համար ինչ վճիռ կայացնեն:

ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ
Տավուշ




Լրահոս