«ՀԱՅՐՍ ԱՍՈՒՄ ԷՐ` ԴԺՎԱՐ ՊԱՀԻՆ ՍՈՎՈՐԻՐ ՈՒՐԱԽԱՆԱԼ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երգիչ, դերասան Հայկ Պետրոսյանը տարվա 12-րդ ամսվա 12-րդ օրը դերասան Հովհաննես Դավթյանի հետ հանդես կգա ամանորյա stand up շոու-ներկայացումով: Նա «Ժողովուրդ»-ին պատմել է իր ծրագրերի մասին, խոսել այսօր հայ հանդիսատեսի համար ակտուալ թեմաներից: Հայկը մեզ հետ զրույցում հիշել է հոր` դերասան Վարդան Պետրոսյանի մի քանի կարեւոր խորհուրդներ եւ նշել, որ դրանք շատ են օգնում իրեն:

-Հա՛յկ, գիտենք, որ ամանորյա stand up շոու-ներկայացում եք պատրաստում: Կպատմե՞ս այդ մասին:
-Սա, կարելի է ասել, երաժշտական stand up շոու է, Հովհաննեսը տեքստային մասն է ապահովում, ես` երաժշտական: Կիթառի նվագակցությամբ կես կատակ-կես լուրջ երգեր եմ կատարելու, հումորային նմանակումներ եմ անելու: Որոշեցինք հանդես գալ նաեւ դուետով: Արծարծվող հիմնական թեման առնչվում է Ամանորին:
-Ի՞նչ ես կարծում` stand up ժանրը հայ հանդիսատեսի կողմից որքանո՞վ է ընկալելի եւ ընդունելի:
-Ես, առհասարակ, ներկայանում եմ մոնո-ներկայացումներով, բայց, կարծում եմ, կարեւորը ոչ այնքան ժանրն է, որքան քո ասելիքը: Եթե դու հանդես ես գալիս stand up ժանրում, դու քո անունից ես խոսում, քո մտքերն ես կիսում հանդիսատեսի հետ, եւ հումորներն էլ կառուցված են քո մտքերի շուրջ: Այս ժանրը մեր կյանքն է` ինչ-որ մեկի հայացքով, եւ մատուցվում է հումորային, գրոտեսկային տարբերակներով: Այստեղ շատ կարեւոր է անհատի եւ հանդիսատեսի շփումը: Իսկ ընդունելի լինելու հանգամանքը կախված է նրանից, թե ինչ ես ասում, ինչպես ես ասում, եւ ասածդ որքանով է ակտուալ:
-Իսկ այսօր ո՞ր թեմաներն են մեզ համար ակտուալ:
-Երբ հանդես էի գալիս հեղինակային «Հայկասթրես» մոնո-ներկայացումով, սեքսի մասին մի երգ էի գրել եւ երբ դա կատարում էի, դահլիճը պայթում էր. այն ժամանակ այդ թեման այսքան բաց չէր, որքան այսօր: Միշտ ակտուալ է եղել քաղաքականության թեման, բայց վերջերս բոլորն այնքան են խոսում դրանից, որ մի տեսակ չես ուզում բերանդ կեղտոտես այդ թեմայով, եւ, վերջապես, Զարուհի Փոստանջյանն այդ ժանրում արդեն փայլուն հանդես է գալիս. այսինքն` հումոր, ամեն ինչ անում է ինքը: Նոր ներկայացմանը պատրաստվելիս որոշեցի այդ թեմաներով բոլոր հումորները ջնջել, դրանց չանդրադառնամ:
-Այսինքն` Աժ-ում քո փոխարեն այդ գործով արդեն զբաղվում են…
-Իմ փոխարեն չէ, բայց հա…(ծիծաղում է): Ուզում եմ ասել, որ այդ թեման արդեն սովորական է դարձել: Ես պատրաստում եմ նոր ներկայացում, այն կոչվում է «Ժպտա»: Կարծում եմ` մի քիչ հանդուգն, համարձակ վերնագիր եմ ընտրել, որովհետեւ այսօր ոչ ոք ժպտալու հավես չունի: «Ինչի՞ վրա ժպտանք, ա՛յ ախպեր…» այսպիսի մոտեցում է տարածված: Այս վերնագրից, կոպիտ ասած, հանրապետականի հոտ է գալիս (ծիծաղում է): Բայց ինձ համար գլխավորն այն է, որ մարդիկ գան, երկու ժամ սրտանց ուրախանան: Ի դեպ, պետք չի հոգսերը մոռանալ. հոգսերի մեջ է պետք կարողանալ ուրախանալ: Երբ մեր ընտանիքում շատ դժվար օրեր էին, հայրս ինձ խորհուրդ էր տալիս, ասում էր. «Հա՛յկ ջան, դժվար պահին սովորիր ուրախանալ. ուրախ օրերին բոլորս էլ ուրախ ենք: Դժվար պահին աշխատիր կյանքը սիրել, ժպտալով, ուրախ ապրել»: Ինքը որ նեղության մեջ էր, ասում էր` ես այստեղ (նկատի ունի` ճաղերի ետեւում-հեղ.) սիրում եմ կյանքը, դու այդտեղ իրավունք չունես չսիրելու:
-Այս շրջանում հայրիկիդ հետ գործնական հարցեր քննարկո՞ւմ եք: Նա քեզ խորհուրդներ տալի՞ս է:
-Մենք ժամանակին մտածել էինք միասին մի ներկայացում խաղալ, բայց դա, անշուշտ, կհետաձգվի: Ինչ վերաբերում է խորհուրդներին, անշուշտ, նա ինձ հետ կիսում է իր փորձը, եւ դա շատ-շատ է օգնում ինձ թե՛ բեմի վրա, թե՛ դրանից դուրս` կազմակերպչական հարցերում:
-Սովորաբար մեր ծնողներն են մեր մեջքին կանգնում, բայց գալիս է պահը, որ արդեն մենք պետք է նրանց նեցուկ լինենք: Մենք հասկանում ենք, որ պատասխանատու ենք նրանց համար…
-Այդ զգացումը ես փոքրուց ունեցել եմ, եւ դա գնալով մեծանում է: Մի այսպիսի խոսք կա, որ տարիների ընթացքում ծնողներն ու երեխաները տեղերով փոխվում են: Իհարկե, իմ դեպքում հիմա այդ պարագան չէ, բայց այդ զգացումը, ինչպես նշեցի, կա, հատկապես դժվարին պահերին: Առանց դրա չի լինի:
-Հիմա ո՞րն է քո գերնպատակը:
-Նախ` ինքնահաղթահարումը: Հորս խոսքերից է` ամենամեծ հաղթանակն ինքդ քո հանդեպ տարած հաղթանակն է: Հիմա շատ պլաններ ունեմ, օրերս գնալով ավելի հագեցած են դառնում, հիմա աշխատում եմ գրաֆիկով ապրել կարողանալու վրա: Ասեմ, որ նկարահանվել եմ ռեժիսոր Մհեր Մկրտչյանի ֆիլմում, ինչի համար շատ ուրախ եմ: Այն կոչվում է «Հաջողակները»: Պրեմիերան դեռ չի եղել: Ունեմ նոր ներկայացում, որի պրեմիերան կցանկանայի անել փետրվարի 14-ին… Ծրագրերը շատ են: Իսկ եթե ավելի հեռուն նայենք, շատ եմ ուզում ուժերս փորձել արտասահմանում, մասնավորապես` Փարիզում: Այդ միջավայրն ինձ ծանոթ է, կցանկանայի այնտեղ դրսեւորվել: Աստված առաջ:

 

 

 

 
«ՆԱԽԱՐԱՐԸ ԽՈՍՔ ՏՎԵՑ, ԵՍ ԷԼ ՀԱՎԱՏԱՑԻ»

«Ժողովուրդ»-ն արդեն գրել էր, որ «Համո Սահյան պոեզիայի կենտրոն» ՀԿ նախագահ, բանաստեղծի որդի Նաիրի Սահյանը վաճառքի էր հանել հոր անտիպ արխիվը: Նա այդ քայլին դիմել էր, որպեսզի ստացված գումարով Երեւանում բացվի Համո Սահյանի արձանը, նրա ծննդավայրում` Սիսիանի շրջանի Լոր գյուղում` տուն-թանգարանը, եւ վերականգնվի գրողի հուշաքարը:

Ն. Սահյանի խոսքով` ինքը չորս տարի պայքարել է թանգարանի եւ Երեւանում գրողի արձանի բացման համար, սակայն ապարդյուն: ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանն օրեր առաջ լրագրողների հետ զրույցում, անդրադառնալով Նաիրի Սահյանի կողմից բանաստեղծի արխիվը վաճառքի դնելուն, ասել էր. «Կարծում եմ՝ կարիք չկա վաճառքի միջոցով պետությանն օժանդակել, որպեսզի Սահյանի հետ կապված որեւէ խնդիր լուծվի: Պետությունն ի զորու է դրանք լուծել»:
«Ժողովուրդ»-ը հետաքրքրվեց, թե նախարարի խոսքից հետո գործն ինչ ընթացք է ստացել: Ն. Սահյանը մեզ տեղեկացրեց, որ Հասմիկ Պողոսյանն ընդունել է իրեն եւ խնդրել, որ արխիվին ձեռք չտա. «Նա ասաց, որ այն հարցերը, որոնք լուծելու համար ես արխիվը հանել էի վաճառքի, իրենք կլուծեն»:
Մեր այն հարցին, թե ինչպես ստացվեց, որ չորս տարվա պայքարից հետո նախարարը նոր միայն այսպես արագ արձագանքեց խնդրին, գրողի որդին պատասխանեց. «Դե հիմա, այդ մարդը խոսք տվեց, ես էլ հավատացի»:
Իսկ հարցին, թե խոստումը կատարելու համար նախարարը ժամկետներ սահմանել է, թե ոչ, Ն. Սահյանը պատասխանեց. «Ասաց` գարնանը տուն-թանգարանը բաց կանեն, Կասյան փողոցի հարցն էլ կլուծեն (նկատի ունի Համո Սահյանի` Կասյան 3 հասցեում գտնվող հուշաքարը, որն այսօր անմխիթար վիճակում է-հեղ.)»:
Մենք նաեւ հետաքրքրվեցինք, թե տուն-թանգարանի բացման հարցում Սյունիքի մարզպետարանն ինչ դեր կունենա. «Ես չեմ կարող ասել, չգիտեմ` իրենց հարաբերություններն ինչպիսին են (նախարարության եւ մարզպետարանի-հեղ.): Ես այդ մանր-մունր հարցերի մեջ չեմ մտել, չեմ էլ ուզեցել մտնել»:
Ն. Սահյանը նշեց, որ հոր անտիպ արխիվն իրեն չի պահելու. եթե բոլոր հարցերը լուծվեն, նա դա կնվիրի գրականության եւ արվեստի ինստիտուտի արխիվին. «Ես ոչ մի անձնական շահագրգռվածություն չունեմ: Հորս գործերն են, պետք է մնան ժողովրդին…»
Նշենք, որ այդ անտիպ արխիվում ընդգրկված են Գուրգեն Մահարու, Պարույր Սեւակի, Գեղամ Սարյանի, Ստեփան Զորյանի, Վահագն Դավթյանի, Գեւորգ Էմինի, Գարեգին Սեւունցի, Անդրեյ Տարկովսկու` Համո Սահյանին ուղղված անտիպ նամակների բնօրինակներ, ինչպես նաեւ` Սահյանի անտիպ գործեր, ձեռագրեր, հեռագրեր, թերթերում հոդվածներ եւ այլն:

Նյութերը՝ ԱՆՆԱ ԲԱԲԱՋԱՆՅԱՆԻ

 

 
ՌՈՒՍՈՆ ԱՆԿԵՂԾԱՑԵ՞Լ Է
Հալեպում ծնված հայազգի ճանաչված երգիչ Աբրահամ Ռուսոն (Աբրահամ Ինջիփյան) թեեւ 3 տարի առաջ Թուրքիայում հենց թուրքերենով հայտարարել էր, թե ինքը կես թուրք-կես արաբ է, բայց իրեն թուրք է զգում, օրերս Գյումրիում խոսել է իր փոքրիկ հայրենիքից՝ Հայաստանից՝ նշելով, որ հայոց հողը իր համար սրբություն է: «Առավոտ»-ի փոխանցմամբ` նախքան մենահամերգը, երգիչը շփվել է լրագրողների հետ. «Հողը կապ չունի, ես հայ եմ, ես իմ կամքովս չեմ եկել Սիրիա, ջարդից հետո բոլորիս ստիպողականորեն վտարեցին իրենց մայրենի հողերեն՝ Հայաստանեն, պապական հողերեն, ստիպված դրա համար…Շատ սիրիահայեր կտենամ, որոնք կըսեն՝ օհ, կարոտել եմ մեր Հալեպը, մեր Սիրիան, ինձի համար Հալեպը, մեր Սիրիան չկա, կսիրեմ, բայց ինչ ըսեմ, ծնվել եմ էնտեղ, մեծացել եմ եւ փախել եմ էնտեղից: Իրականությունը կըսեմ, ես ձեզ սուտ խոսելու ինչ ունեմ: Հայրենիքը ինձ համար էստեղ է, հայրենիքն այնտեղ է, որտեղ դու ճշմարտությունը լավ կզգաս, հոգիդ, վերջ ուրիշ բան չէ»,-ասել է Ռուսոն: Նշենք, որ Գյումրու «Նոստալջի» ընկերությունը կազմակերպել էր հայտնի երգիչ Աբրահամ Ռուսոյի մենահամերգը: Նա առաջին անգամ էր հանդես գալիս Գյումրիում:

 

ԱԶՆԱՎՈՒՐԸ` ԴՈՒԲԱՅՈՒՄ
Ֆրանսահայ լեգենդար երգիչ Շառլ Ազնավուրը համերգ կունենա Միացյալ Արաբական Էմիրություններում: Ինչպես տեղեկանում ենք Ազնավուրի պաշտոնական ֆեյսբուքյան էջից՝ համերգը տեղի կունենա 2016 թվականի փետրվարի 12¬ին Դուբայի Առեւտրի համաշխարհային կենտրոնի (Dubai World Trade Centre) Sheikh Rachid Hall¬ում: Նշենք, որ Ազնավուրն առաջին անգամ է ներկայանում Դուբայում:

 

ԱՄՈՒՍՆԱԼՈՒԾՎԵԼ ԵՆ
Դեռեւս 2014-ին Անտոնիո Բանդերասն ու Մելանի Գրիֆիթը 18 տարվա համատեղ կյանքից հետո ամուսնալուծվելու դիմում էին ներկայացրել: Ինչպես հաղորդում է TMZ-ը՝ նրանք ոչ մի կերպ ընդհանուր հայտարարի չէին գալիս ունեցվածքի բաժանման հարցում, սակայն օրերս վերջապես ստորագրել են ունեցվածքի բաժանման մասին վերջին փաստաթղթերը: Այժմ արդեն հոլիվուդյան աստղերը պաշտոնապես ազատ են:
Ի դեպ, Գրիֆիթի համար սա արդեն չորրորդ ամուսնությունն էր, իսկ Բանդերասի համար՝ երկրորդ:




Լրահոս